Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախյան խաչքարերը երկրամասի պատմության

Դեկտեմբեր 26,2002 00:00

Արցախյան խաչքարերը երկրամասի պատմության հուշերն են Արցախի հազարավոր հուշարձանները, խաչքարերը երկրամասի պատմության հուշերն են, մեր ազգային մշակույթի խոսող վկաները։ Նրանց միջոցով մենք շփվում ենք մեր ժողովրդի պատմական անցյալին, զգում ժամանակի խորությունը։ Միջնադարյան հայ մշակույթի մասին խոսելիս պետք է սկսել խաչքարերից։ Խաչքարը զուտ հայկական երեւույթ է։ Նրա մեջ առկա են հայկական գլխավոր գծերը։ Աշխարհում ոչ մի ժողովուրդ քարի քառանկյունի սալիկ չի դարձրել արվեստի այնպիսի կոթող, որի վրա քանդակված լինեն իր կյանքի ամենաչքնաղ նախշազարդերը՝ նուրբ ու երազային, պարզ ու խորիմաստ։ Ամեն մի ժողովուրդ իր բոլոր գլխավոր կամ հիմնական գծերը, հոգին ու էությունը դնում է իր մշակույթի ամենաինքնատիպ, իր համար բնութագրական ու բնորոշ ստեղծագործությունների մեջ։ Իսկ խաչքարը, որ իր ծաղկմանն է հասել 7-13-րդ դարերում, հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի ծնունդն է, նրա հասակակիցը։ Արցախ աշխարհի տարածքում գտնվող համարյա բոլոր եկեղեցիների ու վանքերի մոտ կան տարբեր ժամանակներում տեղադրված խաչքարեր։ Այդ մասին են խոսում Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, Հուռիկավանքի եւ մյուս հնությունների մոտ կանգնեցված փառահեղ խաչքարերը։ Բոլոր խաչքարերն էլ խոսում են հայերեն։ Մեր Արցախ աշխարհի բազում խաչքարերը, որ պահպանվում են հնությունների մոտ, եկեղեցիների բակում, աղբյուրների գլխին, սրբավայրերում եւ այլուր, շինված են հայ մարդու ձեռքով, որպես իր դարի հուշարձան, հայ հոգու խոսող վկա։ Հայկական տաճարները, եկեղեցին, վանքերը, խաչքարերը՝ ինչպես քարե ճակատներ, ասես հենց մեր լեռներից են ծագում։ Դրանք դար ու դարեր հաստատում են մեր տան տեղը, մեր հայրենիքի սահմանները… Դրանք կործանելուց հետո անգամ իրենց բեկորներով, վիմագրերով, քանդակազարդերով բարբառում են միայն հայերեն։ 1797 թ. Շախ Հաջարը դեպի Շուշի ամրոցը կատարած երկրորդ արշավանքով ավերեց այդ ամրոցի շրջակա հայկական գյուղերի տաճարներն ու հրաշագեղ շինությունները, եկեղեցիները, խաչքարերը… Աշխարհի պատմաբանները, չհաշված մեր պատմիչներին, ապացուցում են, որ Արցախ աշխարհի հողի վրա անհիշելի ժամանակներից ի վեր հաստատ ու անընդմեջ ապրել է մեկ ժողովուրդ, որի անունն է հայ։ Արցախ աշխարհում պահպանվում են չորսհազարամյա հնություն ունեցող պեղածոներ, որմնաքանդակներ, մետաղաձուլական հնոցների, հացաթոնիրների մնացորդներ, սեպագիր ու հիերոգլիֆներով քանդակված քարեր, որ խոսում են միայն հայերեն։ Շուրջ երկու հազար տարի առաջ Տիգրանակերտի (Տրակետ), Խաչենագետի, Քարքար (Կառկառ) գետի ափերին կառուցված պաշտամունքի տոտեմներին, սրբատեղերին մոտեցել են մարդիկ, այսօրվա արցախցու հայի նախնիները եւ փորագրել են իրենց խոսքերը, խոսքերը սեպագիր, խոսքերը հիերոգլիֆներով, վիմագրերով։ Գրել են մեզ համար։ Մեզ եւ բոլոր նրանց, ովքեր այդ քարերին կմոտենան նաեւ հարյուր տարի, հազար տարի, տասը հազար տարի հետո եւ ոչ մեկը չի կարող հերքել, կեղծել, որ այս հողի վրա հայը չի ապրել։ Արցախ աշխարհում կատարվում է ներկայի եւ անցյալի անընդմեջ փոխանակություն։ Հինավուրց հնի, այսօրվա եւ վաղվա զուգորդումներից է կազմված Արցախ աշխարհի հայ ժողովրդի կենսագրությունը։ Առանց այդ զուգորդումների հայ ժողովուրդը չկա եւ չէր էլ լինի նաեւ նրա մշակույթը, որը նրա զավակն է ու մեծագույն հպարտությունը։ Իսկ հայոց գրերը հայ սեպագրության օրինական ժառանգներն են։ Նրանք մագաղաթի վրա դրոշմվել են՝ իջնելով լեռ ժայռերից, սուրացել ուղղաձիգ, արցախական։ Տարիներ հետո հարթվել, մի քիչ բոլորագիր են դարձել, ժայռակերպ տառերից ու բառերից կերտվել է այն լեզուն, որի մեջ, որպես անառիկ ամրոցում, արցախյան հայությունը պաշտպանվել ու դիմադրել է ամենաահավոր տարիներին։ Արցախցիների կենսագրության երեկը, այսօրը եւ վաղը անբաժանելի, անտրոհելի եւ ինքն իրեն պահպանող մի ամբողջություն է։ Արցախի քարերի վարպետները, շինարար-քանդակագործները, ամեն ժամանակ ու ամենուրեք աշխատել են քարը դարձնել քարից թանկ։ Քարով Գանձասարն ու Ամարասն են կառուցել, կառուցել են Դադիվանքն ու Խոթավանքը, միջնադարյան մյուս կոթողները, կառուցել են Ղազանչեցոց, Երեք մանկունք… եկեղեցիները… Ասկերանի եւ Շուշվա բերդերը… Քարի վրա մեր պապերն իրենց երազներն են քանդակել, իրենց հեռագիր խոսքերը, որ սկզբում հզոր կենդանիների ու ճախրող թռչունների կերպարանքներ ունեին, հետո դարձան սուր սեպեր, ավելի ուշ՝ մեսրոպատառ գրեր՝ ուղղված գալիք սերունդներին։ ՄԿՐՏՉՅԱՆ ԼԵՎՈՆ-ՔՅՈԽԱՆՑ Պատմաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել