Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻՑ Հատված «Հիշողության կղզիներ» վեպից Մինչեւ գնացքը Երեւանից կհասներ Այրում կայարան՝ մի ամողջ գիշեր, Հովսեփը կարողացավ համակերպվել իր մոտալուտ մահվան դաժան փաստին։ Նա գնացքից իջավ հանգիստ ու ինքնավստահ, առանց ցավագին հառաչների եւ հոգեկան հուսահատ ջղաձգումների։ Ալավերդու հիվանդանոցում երկու շաբաթ պառկելուց հետո նրան ստուգման էին ուղարկել Երեւան, մի նշանավոր պրոֆեսորի մոտ։ Անալիզներ տվեց՝ ինչպես կարգն է եւ հաջորդ օրը, նշանակված ժամին ներկայացավ պրոֆեսորի ընդունարան։ Վերջինս նախ հարցուփորձ արեց՝ ինչ գործի մարդ է, քանի երեխա ունի եւ այլն, հետո նրան հրահանգեց սպասել դրսում։ Ռենտգեն նկարն ու մյուս անալիզների պատասխանները նորից ու նորից զննելուց հետո Հովսեփի կնոջը՝ Հեղինեին, սառն ու չոր ասաց. – Ոչ մի լավ բան չեմ կարող հայտնել, բանը բանից անցել է։ Վիրահատությունը ոչինչ չի տա, տարեք տուն, թող մնացած երկու-երեք ամիսը իր ընտանիքի հետ լինի։ Այլեւս ոչ մի դեղ, ոչ մի բժիշկ։ Մորֆի եմ նշանակում, որ ցավերին դիմանա… Հովսեփն ամեն ինչ լսել էր դռան ճեղքից, ու երբ Հեղինեն գունատված ու դողալով դուրս եկավ, այլեւս ազատված էր սարսափելի գաղտնիքն իր մեջ պահելու տառապանքից։ – Քեզ պինդ պահիր,- ասաց Հովսեփը,- երկու-երեք ամիսը քիչ ժամանակ չէ կարեւոր գործերն ավարտելու համար… … Նա ընտրեց դեղին վարագույրներով սենյակը, որի պատուհանը նայում էր Դեբեդի հովտին՝ կապտամշուշ հեռաստանով, ուր թագավորում էր Լալվարի շքեղ գագաթը։ Մահճակալի դիրքը փոխեց, որ հայացքը միշտ պատուհանին լինի, Քրիստոսի նկարը կախեց գլխավերեւում եւ անկողին մտավ՝ հիմնավորապես հանձնված մոտալուտ մահվան իշխանությանը։ Այլեւս ոչ մի նարդի ու շախմատ, հարեւանների հետ ոչ մի երկար-բարակ զրույց, ոչ մի հեռուստատեսային ֆիլմ ու հաղորդում. նա մտածում էր։ Նա փորձում էր բնության օրենքով դեռ մնացյալ 20-25 տարիները տեղավորել 2-3 ամսվա մեջ։ Ամբողջ Այրումը գիտեր, որ գործարանի պահեստապետ Հովսեփ Ենգոյանը շուտով մեռնելու է։ Եվ միջակ սովորող նրա երեխաներն առանց դաս պատասխանելու հինգեր էին ստանում։ Հեղինեն խանութում առաջվա նման հերթ չէր կանգնում։ Գանձապահն անձամբ տուն էր բերում բյուլետենով նրան տրվող աշխատավարձը, որն ստորագրում եւ ստանում էր Հեղինեն։ Իսկ ինքը՝ Հովսեփը, զույգ բարձերին թիկնած, անհետաձգելի գործերն էր կանոնակարգում։ Երեւանից վերադառնալուց մեկ շաբաթ անց նա կարգադրեց իր մոտ բերել անցած կյանքերի առաքյալին՝ Ճիպիզնակին։ – Դու իրո՞ք հիշում ես քո նախկին կյանքերը, եւ կա՞, արդյոք, հետմահու կյանք։ – Դու վիրավորում ես ոչ միայն իմ անձը, այլեւ ամբողջ համաշխարհային փիլիսոփայությունը։ Ոգու հավերժության սրբազան օրենքը։ – Լավ։ Քո կարծիքով ի՞նչ է լինելու ինձ հետ իմ մահից հետո։ – Նախ՝ ոգիդ լքելու է քո այս ողորմելի պատյանը… – Ողորմելին ո՞վ է, այ Ճիպիզնակ։ – Հանգիստ, դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Մնացյալ խոսակցությունը շարունակվել է շշուկով եւ կինը ոչինչ չի լսել։ Բայց Ճիպիզնակի գնալուց հետո Հովսեփի տրամադրությունն արտակարգ բարձր է եղել եւ ասել է. – Էլ ինձ հետ էդպես խղճալով չխոսես, դեռ հարց է, թե մեզնից ով՝ ո՞ւմ պիտի խղճա։ Հնար լիներ՝ երեխաներին էլ հետս կտանեի։ Քանի որ դագաղագործությունն Այրումում դեռեւս չէր ձեւավորվել որպես արվեստի առանձին ճյուղ, Հովսեփը կանչեց ատաղձագործ Մովսեսին։ – Չափերս վերցրու, ինձ համար մի շքեղ դագաղ պատրաստիր։ – Ի՞նչ փայտից, կաղնի՞։ – Կաղնին ծանր է։ – Հո դու չե՞ս շալակելու… – Լավ, թող կաղնի լինի։- Եվ նրան պարզեց իր ձեռքով նախապես գծագրված-նկարված դագաղի պատկերը։- Ե՞րբ պատրաստ կլինի։ – Մեկ շաբաթից։ Հո ո՞ւշ չէ։ – Չեմ կարծում։ … Երկու ամիսն արդեն անցել էր, բայց մահվան ստվերը դեռեւս չէր երեւում Հովսեփի պատուհանի առջեւ։ Նրան տեսակցության եկած Գրիգորն իր տարակուսանքն արտահայտեց բժիշկ Զաքարյանին. – Էդ մարդը ոնց որ մեռնելու միտք չունի. ձայնը բարձր, հայացքը պարզ, ուժը տեղը… – Մայրամուտի ցոլանքներ են,- ասաց բժիշկը։ Վիճակն անհանգստացնում էր առաջին հերթին իրեն՝ Հովսեփին։ Կրծքի մշտական ծակոցները մեղմացել էին, ախորժակն օրեցօր բացվում էր, անկողինն անտանելի էր դարձել՝ ուզում էր դուրս գալ տնից, մի քանի ժամ նստել Ծրտոտ Աղասու խորովածանոցում. այլոց նման ասել-խոսել։ Ուրիշներն էլ էին նկատում։ Մորֆիի հերթական ասեղը սրսկելուց հետո բուժքույր Եվգինը շշուկով հարցրեց. – Բայց դու սրա կարիքն ունե՞ս որ, Հովսեփ։ Վայ թե չունես… Հռչակավոր պրոֆեսորը չէր կարող սխալված լինել։ Հովսեփը դրանում վստահ էր։ Բայց ի՞նչ է կատարվում իր հետ։ – Նալլաթ քեզ, չար սատանա,- գիշերն անկողնում նստած մտորում էր Հովսեփը։- Հանկարծ չառողջանա՞մ ու աշխարհով մեկ խայտառակ լինեմ։ Դագաղը՝ պատրաստ, քելեխի ցլիկը՝ գոմում, կինն ու երեխաները՝ կորստյան հետ հաշտված։ Հո չե՞մ կարող ասել՝ էլ չեմ ուզում մեռնել… Նրա հիվանդության ընթացքում նախատեսված ու չնախատեսված մի շարք մահեր եղան Այրումում։ Իսկ երբ հալեպցի Պողոսը, միայնակ մի մարդ, իր տան մեջ անտեր մեռավ, բժիշկ Զաքարյանը Բիջոյի միջոցով մի երկտող ուղարկեց Հովսեփին. «Հարգելի բարեկամ, եթե դագաղդ քեզ շտապ հարկավոր չէ, տուր՝ թշվառական Պողոսին հուղարկավորենք. քեզ համար նորը կպատվիրենք»։ Կարծես թե լավ առիթ էր դագաղից ազատվելու, բայց Հովսեփը, որ դեռ մեռնելու հույսը չէր կորցրել, մերժեց։ «Բժիշկ ջան, խնդրանքդ մերժում եմ երկու հիմնավոր պատճառով։ Առաջինը՝ իմ մահվան պահն անկանխատեսելի է եւ իմ դագաղն ինձ ամեն րոպե կարող է պետք գալ։ Երկրորդը՝ էդ դագաղը անտեր Պողոսի համար մեծ շքեղություն կլինի, նրան երկու կտոր ֆաներան էլ լիուլի բավարար է։ Հարգանքով՝ մահամերձ Հովսեփ»։ Ամիսների ընդմիջումից հետո Հովսեփը կեսգիշերին մտավ կնոջ ծոցը։ Հետո Հեղինեն զարմանքով ու ուրախությամբ շշնջաց. – Դու մեռնող պտուղ չես, էլի նույն վայրենին ես դարձել։ Առավոտյան շորերդ կհագնես ու՝ գործարան։ – Գնալը կարող եմ գնալ, բայց ամոթ է, այ կնիկ։ Էն պրոֆեսորը լուրջ մարդ, ո՞նց կնայեմ երեսին։ Կամ հարեւաններն ու ամբողջ Այրո՞ւմն ինչ կասեն։ Էսքան տարի նամուսով ապրել եմ, հիմա, կյանքիս վերջում, խայտառակվե՞մ… Համենայնդեպս, Հեղինեն Հովսեփին նորից Երեւան տարավ, նույն պրոֆեսորի մոտ։ – Դուք ասացիք՝ երկու-երեք ամիս կապրի, բայց ահա հինգ ամիս կենդանի է. չգիտենք ի՞նչ անենք… – Ինչ որ պետք է, ես արել եմ։ Լաբորատորիայի աղջիկը անփութության համար ազատված է աշխատանքից։ Նա ինձ տվել էր ուրիշի անալիզների արդյունք, որի տերը վաղուց մեռած է։ – Բա ես հիմա ի՞նչ անեմ,- մոլոր ու շվար հարցրեց Հովսեփը։ – Ի՞նչ պիտի անես, գնա եւ ապրիր՝ որքան Աստված կամենում է։ Բայց արդեն առանց մորֆիի։ – Առանց մորֆիի ապրելն ինչի՞ս է պետք,- ինքն իրեն քրթմնջաց թմրամոլ դարձած Հովսեփը։ … Հետո սկսվեցին տխուր օրեր։ Ճիպիզնակը նրան չէր բարեւում՝ աննամուսի մեկն ես, ես կարգին մեռնողի տեղ դրեցի, երկնային գաղտնիքներ վստահեցի քեզ։ Դպրոցում մի քանի ամիս գերազանցիկ դարձած երեխաները նորից իջան միջակի մակարդակի, Հեղինեն շարունակեց հին օրերի նման հրմշտվել խանութի հերթերում։ Բայց սա կարճ տեւեց, ընդամենը մի քանի օր, մինչեւ գործարանի պահեստում պատրաստի պահածոների քսան մետր բարձրության բուրգը փլվեց ու տակովն արեց Հովսեփին։ Նրա կաղնե դագաղն ընդամենը նախորդ օրն էին ջարդել։ Առանց իր գիտության։ Իսկ վթարի նման դեպք գործարանում երբեք չէր եղել ու դրանից հետո էլ երբեք չեղավ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել