Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փառատոնը՝ «գրդոնի» միջոց

Դեկտեմբեր 26,2002 00:00

Փառատոնը՝ «գրդոնի» միջոց Օրերս Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում կայացավ «Տարվա երգ» փառատոնը, որը, ըստ հանդիսատեսի ու միջոցառման մասնակիցների, ընդամենը ռուսական համանուն փառատոնի անհաջող կրկնօրինակն է։ Ռուսական «Տարվա երգը», որը արդեն 31 տարեկան է, անց է կացվում ՌԴ կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի, Մոսկվայի քաղաքապետարանի, ՌԴ մշակույթի նախարարության եւ այլոց աջակցությամբ, ուստի միջոցառմանը մասնակցում են առաջին մեծության աստղերը, երիտասարդ, շնորհալի երգիչ-երգչուհիներն ու խմբերը։ Իսկ ռուսական ռադիոկայաններով հնչող պարզունակ երգերը երբեք էլ տեղ չեն գտնում նմանօրինակ փառատոներում։ Երեւանում այս կարգի մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմամբ ավանդաբար զբաղվում են անհայտ անուններ ու պրոդյուսերական կենտրոններ, որոնք իրենց իրավունք են վերապահում անհայտ չափանիշներով ու սկզբունքով ընտրել տարվա լավագույն երգեր, ինչը հաճախ իրենց՝ մասնակիցների բուռն դժգոհությունն է առաջացնում։ Օրինակ, հայաստանյան «Տարվա երգը» անց է կացվել մարզահամերգային համալիրի ամենացուրտ սրահում՝ փոքր դահլիճում, ուր բառացիորեն «շունը տիրոջը չի ճանաչել»։ Թեեւ փառատոնը կոչվել է «Տարվա երգ», սակայն ամենեւին այն անվանը չի համապատասխանել։ Երգչուհի Շուշան Պետրոսյանից տեղեկացանք, որ ինքը երգել է նոր ու չլսված մի երգ եւ համաձայնել մասնակցել փառատոնին, քանի որ Կառան՝ կազմակերպիչներից մեկը, շատ թախանձագին է խնդրել իրեն։ Ավելին, երգչուհին «լուրջ չի վերաբերում» այս կարգի համերգիկներին։ Անահիտ Մանուկյանը եւս դժգոհ էր համերգից։ Տարվա երգ են ճանաչել նաեւ Ռոբերտ Ամիրխանյանի «Երեւանը», որը հնչել է Ա. Մանուկյանի կատարմամբ։ «Չեմ ուզում ոչինչ ասել այս միջոցառման մասին, որովհետեւ եթե բողոքի գիրքը բացեմ, ապա նախեւառաջ կդժգոհեմ մշակույթի նախարարությունից, հետո միայն համերգ կազմակերպող «էլլաշատիպ» մանր-մունր պրոդյուսերական կենտրոններից»,- ասաց նա։ Տարվա լավագույն երգ է ճանաչվել նաեւ Լիլիթ Կարապետյանի «Տանգոն»։ Զարմանալին այն է, որ նրան զանգել ու տեղեկացրել են, թե «Տանգո» երգը ընդգրկվել է այդ շարքում, իսկ թե ինչ սկզբունքով է այն ընտրվել, չեն պատասխանել։ Ըստ մասնակից մյուս երգիչ-երգչուհիների, չնայած անկազմակերպվածությանը, դահլիճը լիքն է եղել, այսինքն, արդարացվել է համերգ կազմակերպելու հիմնական նպատակը՝ «գրդոնը»։ Քանի որ Հայաստանում չկա նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը կոորդինացնող որեւէ մասնագիտական կառույց, դրա համար էլ ով ինչ ցանկանում է՝ կազմակերպում է կամ ում ուզում է՝ երգեցնում է։ Ասվածի փայլուն արտահայտությունն են նաեւ պորտապարի փառատոնն ու ռուսական երգերի «հայկական հիթ-շքերթը»։ Վերջինս ռուսական ամենահայտնի երգերից բաղկացած համերգային ծրագիր է, որտեղ ռուսական երգերը կատարում են հայ արտիստները։ Կազմակերպիչները այդ միջոցառումը հետեւյալ կերպ են արդարացնում։ Նրանք գտնում են, որ եթե Ռուսաստանում տարին գոնե մեկ անգամ անցկացվում են հայկական մշակույթի օրեր, ապա արժե, որ այստեղ էլ ռուսներին հիշեն։ Սակայն մի ուրիշ պրոբլեմ էլ կա. եթե Վարումի, Կորոլյովայի, Ուսպենսկայայի եւ այլոց երգերին գտնվել են համապատասխան կատարողներ, ապա արդյոք Արմինե Գրիգորյանը կկարողանա՞ կատարել Պուգաչովայի կամ Լուսինե Մկրտումյանը՝ Ալեգրովայի երգը։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել