Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համա-տեր է, հա՜

Դեկտեմբեր 26,2002 00:00

Համա-տեր է, հա՜ «Ո՞ւր են տանում հետքերը. «չեչենների» բնակարանում» (14.12.02թ.) հրապարակումը բազմապիսի արձագանքներ ունեցավ։ Պաշտոնական էր դրանցից միայն մեկը՝ արդարադատության նախարարության։ Հրապարակման մեջ խոսք էր գնում Մոսկովյան 8, բն. 48-ի մասին, ուր ըստ «Իրավունք» թերթի, «չեչեն գրոհայիններ» էին բնակվում, որոնք «օրը ցերեկով» վտարում են իրենց բնակարաններից… երեւանցիների։ Մասնավորապես, նշվել էր ոմն Արթուր Մարդոյանի ընտանիքի մասին։ Նրանք, ովքեր ընթերցել էին մեր նախորդ հրապարակումը, տեղեկացել էին, որ «չեչենական հետք» մենք չգտանք, հայտնվելով այդ բնակարանում: Վերոնշյալ բնակարանում հայտնաբերեցինք փախստական մայր եւ աղջիկ Բաբաջանովաներին։ Մեզ այս խառը պատմության մեջ զարմացրեց Կենտրոնի «Մոսկովյան 8» համատիրության նախագահ Լեւոն Շալջյանի գրագրությունները։ Դրանք դրվել են դատական վիճաբանությունների հիմքում, դրանք ամենուր են։ Այս գրագրություններն ընթերցելիս ակամա հարց է ծագում. էս ինչի՞ տեղ է դրել իրեն սույն պարոնը, եւ արդյոք տեղյա՞կ է, որ համատիրության նախագահը ոչ հանրապետության նախագահն է, ոչ արդարադատության նախարարը, ոչ նոտար է, ոչ կադաստր, ոչ էլ փախստականների վարչության պետ։ Սակայն բերենք մի քանի օրինակ։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին այս տարվա հոկտեմբերի 3-ին (117 թվակիր) ուղղվել է Շալջյանի դիմումը. «Հայտնում եմ Ձեզ, որ 16.09.2002թ. 106 դիմումը ուղղված ձեզ, համարել անհիմն։ Արթուր Մարդոյանի կողմից իմ նկատմամբ ոչ մի սպառնալիք երբեք չի եղել»։ Բացենք ակնարկված 106 դիմումը. «Ինձ հայտնի լինելով, որ գնում է դատական գործողություն Մոսկովյան 8 շենքի 48 բնակարանի վերաբերյալ, միեւնույն ժամանակ հայտնում եմ Ձեզ այն մասին, որ իմ կողմից տրված տեղեկանքները 11.02. 99թ. N65, 15.07.02թ. N66, 16.07.02թ. N72, 27.07.02թ. N83, 12.08.2002թ. տրված Արթուր Մարդոյանին եւ նրա հավատարմաանձ Ջեմմա Դանիելյանին՝ համարել անհիմն, քանի որ այդ տեղեկանքները տրվել են վախենալով իրենցից։ Խնդրում եմ Ձեզ այս տված դիմումը համարեք հիմք»։ Հիմա տեսեք, թե վճռաբեկից հետո համատիրության նախագահը ինչպես է ֆռռացրել Կենտրոն համայնքի դատարանին. «Տրվում է Լիլյա Բաբաջանովային, որ իմ տված տեղեկանքը, որ ես տվել եմ 11.02.99թ. Կենտրոն համայնքի դատարանին, որ իբր Մոսկովյան 8 շենքի 48 բնակարանում բնակվել է Արթուր Մարդոյանը եւ կատարել վերանորոգումներ՝ ճիշտ չի, այնպես որ իմ տված տեղեկանքը խնդրում եմ համարել անվավեր»։ Ի դեպ, վերոնշյալ գրության մեջ «Արթուր» անունը գրված էր փոքրատառով, «տեղեկանք» բառը՝ մեծատառով։ Հիմա կարդանք նույն Շալջյանի մեկ այլ տեղեկանք՝ ուղարկված փաստաբանների միություն (16.05.2002թ.). «Տրվում է ի պատասխան փաստաբանական հարցմանը, առ այն, որ Արթուր Մարդոյանի գրանցման մասին տեղեկություն չունեմ 1997թ.։ Մոսկովյան 8 շենքի 48 բնակարանում 1997թ. մինչեւ օրս չի բնակվել։ 1989թ. մինչեւ օրս բնակվում է Լիլյա Բաբաջանովան, 1994 թվականից՝ փախստականի կարգավիճակով։ Վճարել է բոլոր կոմունալ ծառայությունների վարձերը, ինչպես եւ կատարել է վերանորոգումներ բնակարանում, շուրջ 13 տարվա ժամանակահատվածում»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել