Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՏԱՐԸ ՄԻԱԿՆ Է, ՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ՌԻՍԿԸ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ՆՈՏԱՐԸ ՄԻԱԿՆ Է, ՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ՌԻՍԿԸ Գործող 73 նոտարների, նրանց գործունեության, օրերս ավարտված քննությունների, նրանց լիազորությունների մասին զրուցեցինք ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի հետ։ – Օրեր առաջ «Առավոտում» փաստաբաններից մեկն անդրադառնալով նոտարական գործառույթներին, նշել էր, որ հանվել է ապացույցների ապահովման գործառույթը։ Այդպե՞ս է։ – Ընդհակառակը։ Մենք ընդլայնել ենք ապացույցների ապահովման գործառույթը, շահագրգռել ենք նրանց, որ իրենք այսօր ավելի շատ զբաղվեն այդ գործառույթով։ – Իսկ կատարողական մակագրություննե՞րը… – Իրականում հանել ենք։ Ի՞նչ է կատարողական մակագրությունը։ Երբ, ասենք, վարչական իրավախախտման ժամանակ անձին վարչական պատասխանատվության են ենթարկում եւ ԽՍՀՄ-ի ժամանակ ուղարկում էին նոտարին, վերջինս դրա վրա անում էր կատարողական մակագրություն, որը հարկադիր կատարողի համար առաջացնում էր կատարման խնդիր՝ առանց դատարան մտնելու։ Մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ առանց դատարան մտնելու ինչ-որ բռնագանձում կատարվի։ Հարկադիրն էլ իրավունք չունի առանց դատարանի վճռի որեւէ մեկից որեւէ բան բռնագանձել։ Եվ կատարողական մակագրությունը այդ իսկ պատճառով հանել ենք, որովհետեւ նոտարը դատավոր չէ, որ որոշեր միանձնյա ինչ-որ մեկի ճակատագիրը։ – Պրն փոխնախարար։ Այսօր այնքան էլ հստակ չէ ամուսինների համաձայնությամբ տրանսպորտային միջոցների առեւտրի հարցը։ Պահանջվո՞ւմ է արդյոք ամուսնու համաձայնությունը։ – Դա չի կարող հանվել եւ չի հանված։ Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է։ Եվ նրանք իրավունք ունեն դա տնօրինել, տիրապետել, օգտագործել փոխադարձ համաձայնությամբ։ Եվ գույքն էլ չի առանձնացված, շարժական է, թե անշարժ… Նոտարը ցանկացած գույք օտարելու ժամանակ պահանջում է մյուս ամուսնու համաձայնությունը։ Եվ նոտարի խնդիրն է ապահովել երկու կողմի սեփականության իրավունքի ապահովումը։ Կարող է գույքը վաճառվի, իսկ հետո կինը գա ու սկսի բողոքել, թե ինքն ընդհանրապես համաձայն չի եղել վաճառքին եւ այլն։ Այստեղ տուժող են ակամայից դառնում գնորդն ու նոտարը։ Վերջինս գույքային պատասխանատվություն է սկսում կրել, գնորդն էլ բարեխղճորեն գնում եւ կրակն է ընկնում։ Իհարկե, մեր տղամարդիկ շատ են ընդվզում, որ իրենց կանայք համաձայնություն տան գույքի օտարման ժամանակ, բայց դե դա օրենքի պահանջն է։ – Ինչպե՞ս եք վերաբերում մասնավոր նոտարի ինստիտուտին։ – «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 1-ից։ Այնտեղ հստակ նախանշված է, թե ովքեր են նոտարները։ – Ովքե՞ր են։ – Նոտարները պետական պաշտոնյա, սակայն պետական ծառայող չեն։ Մասնավոր նոտար չի լինելու։ Եվրոպական նոտարիատի սկզբունքն է կիրառվել մեր օրենքում։ Նոտարը պետության կողմից նշանակված պաշտոնատար անձ է, որը պետության անունից վավերացնում է փաստաթղթեր։ Նրա տված փաստաթուղթն ունի բացառիկ ապացուցողական ուժ։ Միայն դատարանը կարող է վիճարկել այդ։ Օրենքի համաձայն, նախարարն է նշանակում նոտարներին, սահմանափակ քանակությամբ։ – Նոտարների որակավորման քննություններն ավարտվեցին անցյալ շաբաթ։ Գո՞հ եք։ – Ըստ էության, նոտարները լավ էին պատրաստվել։ Հին նոտարները մնացին իրենց տեղերում։ Թափուր տեղերի համար նոտարները կնշանակվեն նախարարի կողմից։ Կնշանակվեն այն ֆիզիկական անձինք, որոնք կանցնեն 1 տարվա ստաժավորում նոտարի մոտ։ Այն անձը, որ որակավորման քննությունը բարեհաջող կհանձնի, կնշանակվի այդ տեղի համար (մինչեւ 65 տարեկանը նա կծավալի իր գործունեությունը։ Իր վճարների հաշվին կպահի իրեն եւ իր գրասենյակը։ Կզբաղվի բիզնեսով։ Նոտարը պետական տուրքը գանձում է հօգուտ պետբյուջեի)։ – Մրցակցություն կա՞… նոտարների միջեւ։ – Դա կախված է որակից։ Եթե գտնում եք, որ նոտարը ձեզ բարձր մակարդակով է սպասարկում, դուք կարող եք նախընտրել միայն նրան։ – Իսկ չե՞ն չարաշահում իրենց պաշտոնեական դիրքը։ Դատարաններում շա՞տ են դատակոչված նոտարները։ – Բոլոր հայցերի մի օրինակը գալիս է ԱՆ։ Մեր կռիվը դատավորների եւ փաստաբանների հետ այն է, որ վիճաբանող կողմերն իրենց պարտականությունները չեն կատարել, նոտարն ապահովել է իրավական կողմը։ Եվ դա նոտարի մեղքը չէ, հետեւաբար նրան դատակոչելը ճիշտ չէ։ – Ունե՞ք փաստեր, որ նոտարն ինքն է կեղծիք արել։ – Ունենք մեկ փաստ։ Քրեական գործ է հարուցվել մեկ նոտարի նկատմամբ։ Նա ազատվել է աշխատանքից։ – Պրն Մալխասյան, իսկ ի՞նչ կասեք նոտարական քաշքշուկների եւ հերթերի մասին։ – Այսօր նոտարը շահագրգռված չէ որեւէ մեկին «քաշքշել»։ Որովհետեւ ինքը կորցնում է այցելու։ Ինքը պաշտպանում է ոչ միայն այցելուին, այլեւ՝ իրեն։ Նոր օրենքի համաձայն, նոտարը գույքային պատասխանատվություն է կրում՝ եթե հանկարծ մեկին վնաս պատճառեց իր գործողությունների հետեւանքով։ Նոտարն այն միակ աշխատողն է, որ պարտադիր ապահովագրում է իր ռիսկը։ Ապահովագրական ընկերություն կա, որը նոտարների ռիսկը կապահովագրի։ Վաղը, եթե նոտարն իր գործողություններով վնաս հասցնի որեւէ մեկին, ապահովագրական ընկերությունը պարտավոր է նրան վնասի հատուցում տալ։ – Պրն Մալխասյան, ինչո՞վ կբացատրեք, որ նոտարների մեջ տղամարդիկ քիչ են։ Ըստ մեր ունեցած տվյալների, գործող 73 նոտարներից 20-ը տղամարդիկ են։ – Տղամարդիկ պատճառաբանում են, որ նստակյաց աշխատանք է։ Ինքս զրուցել եմ Լյուքսեմբուրգի նոտարների, ֆրանսիացիների հետ։ Այդ երկրներում նոտար աշխատում են բազմամյա ստաժով փաստաբան տղամարդիկ։ Դա դրսում համարվում է բարձրագույն իրավաբանի աշխատանք։ Մենք որոշակի ուսումնասիրություններ ենք արել։ Այն գործարքները, որտեղ նոտարական վավերացում չի պահանջվում, մեծամասնությունը գնում է դատական վեճի։ Համաշխարհային նոտարիատի պատմության մեջ կա այսպիսի ասույթ. «Վեճերը ծնեցին դատարանին, վիճել չցանկանալը՝ նոտարին»։ – Ամփոփելով մեր զրույցը, դարձյալ պիտի հարցնեմ. ի՞նչ տվեց օրենքը նոտարին։ – Տվել ենք նոտարին դատավորին հավասար կարգավիճակ։ Նոտարին չհարգելը, վիրավորելը առաջացնում է նույն պատասխանատվությունը, ինչ դատավորին չհարգելը։ Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ Հ. Գ. Ազգային անվտանգության աշխատակիցները ամենաշատն էին «այցելում» նոտարներին, որոշակի տեղեկություններ (չհարգելով «նոտարական գաղտնիք» երեւույթը) նրանցից ստանալու նպատակով։ Արդարադատության փոխնախարարն այդ կապակցությամբ հայտնեց. «Ոչ մի ուժային իր «զորեղ» փաստաթղթով չի կարող եւ չի ստանա որեւէ կարգի տեղեկատվություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել