Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միջին»-ը որակի հետ կապ չունի

Դեկտեմբեր 26,2002 00:00

«Միջին»-ը որակի հետ կապ չունի Անհատ հովանավորների կողմից միջին մասնագիտական կրթության համակարգն անտեսված է ու շրջանցված, նույնիսկ միջազգային կազմակերպությունների զարգացման ծրագրերը հիմնականում ուղղված են հանրակրթական ու բարձրագույն կրթության օղակներին։ ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտական կրթության վարչության միջին եւ նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ Արամ Ավագյանի խոստովանությամբ. «մեղքը մերն է, մենք չենք կարողանում միջազգային կառույցներին լավ ներկայացնել այս օղակի զարգացման կարեւորությունը»։ Չեն ներկայացրել, բայց շատ լավ պատկերացնում են, որ անցումային ժամանակաշրջանի երկրների տնտեսության համար ամենաանհրաժեշտը ոչ թե ընդհանուր հիմնարար կրթություն ստացող բարձրագույնավարտներն են, այլ առավել «պրակտիկ» գործունեության համար պատրաստվող միջին մասնագետները։ «Միայն գիտնականներով ու ինժեներներով տնտեսություն չես զարգացնի»,- համոզված է Ա. Ավագյանը։ Նա նշեց զարգացած Եվրոպայի վիճակագրությունը՝ յուրաքանչյուր մեկ բարձրագույնավարտին բաժին է ընկնում 6-8 «քոլեջավարտ», «եւ դա է ճիշտը, իսկ մեզ մոտ այդ թվաբանությունն ու հարաբերակցությունն ընդհակառակն է»։ Զրուցակիցս խնդիրը բացատրեց 2 հանգամանքով՝ հայի փառասեր տեսակով (իմ երեխան ումի՞ց է պակաս, որ բարձրագույն չավարտի), եւ տեղի գործատուների կադրերի ընտրության տգիտությամբ (թող ներվի ասելը)։ Օրինակ՝ ֆինանսաբանկային քոլեջը պատրաստում է բանկային «կլերկների» մասնագետ, որը մասնագիտանում է բանկային գործարքներում հաճախորդների հետ շփման համար։ Եթե որեւէ բանկի կառավարիչ-գործատու նման աշխատող ուզի, նա կնախընտրի բարձրագույնն ավարտած ֆինանսիստի, առանց մտածելու, որ վերջինս մասնագիտացված չէ այցելուների հետ շփման համար։ Այսինքն, մեր գործատուները չեն պատկերացնում, որ միջին ու բարձրագույն կրթությունը ոչ թե որակի, այլ՝ խնդիրների տարբերություններ ունի նույն ոլորտի մասնագետների համար։ Ի դեպ, զբաղվածության կենտրոնի տվյալներով, բարձրագույնն ավարտած գործազուրկների թիվը գերազանցում է միջին մասնագիտական կրթություն ստացած գործազուրկների թվին։ Բայց դա նույնպես պայմանավորված է բուհերի շրջանավարտների գերակշռող թվով։ Հետխորհրդային տարիներից ի վեր միջին մասնագիտական կրթության ոլորտում ծանրության ուժը թեքվում է դեպի հումանիտար մասնագիտությունները՝ լեզուները, զբոսաշրջություն, իրավագիտություն։ Տեխնիկականներից մեծ աճ են ապրում միայն ինֆորմատիկայի հետ կապված մասնագիտությունները։ Դա բացատրվում է արտադրության՝ ձեռնարկությունների, գործարանների քայքայումով։ Միջնակարգ մասնագիտական կրթության օջախները, ինչպես եւ բուհերը, առատ աճեցին հետխորհրդային տարիներին։ Դրան նպաստեց մի կարեւոր հանգամանք՝ 92-93 թվականներին անցկացված պետական արտոնագրման ծրագրից դուրս մնացին այս օղակի հաստատությունները, այսպիսով՝ ազատվելով նույնիսկ նախարարության հսկողությունից։ Նորաբաց ոչ պետական քոլեջների թիվն այսօր գրեթե հավասարվել է պետականներին։ Այս տարի ընդունված լիցենզավորման ու արտոնագրման նոր կարգից, սակայն, դրանք այլեւս չեն խուսափի։ Այսօր արդեն պետռեգիստրում գրանցված շուրջ 60 քոլեջների մի մասը չի գործում։ Մեր զրուցակից բաժնի պետի կարծիքով, լիցենզավորման պահանջները բավականին օպտիմալ են, թեպետ դժվար է գուշակել, թե գործող հաստատություններից (պետական եւ ոչ պետական) քանիսը կարող են ապահովել պահանջվող նվազագույն պայմանները։ Չէ՞ որ իրենք բացարձակ տեղեկություն չունեն ոչ պետական քոլեջների վիճակի մասին։ Ի դեպ, եկող տարի սպասվում է 3 մլն եվրո գումարի չափով ներդրում ՏԱՍԻՍ-ի հիմնադրամից։ «Այդ գումարը շատ չէ, դեռ չենք որոշել նաեւ, թե որ ուղղությամբ կօգտագործենք, բայց համակարգի որոշ խնդիրներ կլուծվեն»,- ասաց պրն Ավագյանը։ Դժվար է ասել, թե ուղղությունները որոշելիս ինչպիսի կարեւորություն կունենա Արամ Ավագյանի ձայնը, բայց հետաքրքրվեցինք՝ եթե իրեն տային այդ գումարը, ո՞ր խնդիրների համար կօգտագործեր։ «Ես կներդնեի մանկավարժական եւ ղեկավար կազմի վերապատրաստման, կրթության ինֆորմատիզացիայի, բայց առաջին հերթին՝ կներդնենք միջին մասնագիտական կրթության հայեցակարգի եւ քաղաքականության մշակման գործին։ Թե չէ այսօր մեր աշխատանքը դեռեւս արդյունավետ չէ, որովհետեւ գործում ենք տարերայնորեն»,- պատասխանեց Արամ Ավագյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել