Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ Եկող տարի օպտիմիզացիայի շրջանակներում նախատեսված է հանրապետության դպրոցների թվի կրճատում՝ շուրջ 30-ով: Կփակվեն հիմնականում մարզերի դպրոցները (ի դեպ, այդ առնչությամբ առաջարկները եղել են հենց մարզերից), իսկ մայրաքաղաքի դպրոցներից միայն 5-ին է դա սպառնում: Այս մասին երեկ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա հավաստիացրեց, որ օպտիմիզացիայից ուսուցիչները հիմնականում չեն տուժի, ավելի կոնկրետ՝ դուրս կմնան նրանք, ովքեր սոցիալապես ապահով են եւ մինչ այդ աշխատանքի են եկել լոկ տնից դուրս գալու համար: Իսկ բարձրագույն կրթության ոլորտում օպտիմիզացիան պետք է գնա ուսանողների թվի աճի ու կրթական հաստատությունների խոշորացման ճանապարհով, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում մենք ունենք ուսումնական բարձրագույն հաստատությունների թվակազմի աճ, եւ ուսանողության կրճատում: Նախարարը անցնող տարում գրանցված հաջողությունների մեջ առանձնացրեց իրավական դաշտի կարգավորումը, որ հնարավորություն տվեց ամբողջ համակարգը ոտքի կանգնեցնելու, եւ հատկապես զգալի էր հանրակրթության, նախադպրոցական, արտադպրոցական եւ հատուկ կրթության հիմնարկների համար՝ օրինակելի կանոնադրության տեսքով: Ամբողջական փաթեթը հանրակրթությանը ապահովում է ինքնավարության տարրով, որ արմատապես փոխում է դպրոցի կարգավիճակը մեր հասարակության մեջ: Դպրոցի տերը դառնում է ինքը դպրոցը, եւ դպրոցի ղեկավար մարմինը ճանաչվում է դպրոցական խորհուրդը, որտեղ հավասարապես ներկայացված են հասարակության 3 շերտերը. իշխանության մարմինները՝ ի դեմս համայնքների (այսօրվա կառավարության նիստում Երեւան քաղաքի դպրոցների 40 տոկոսը կփոխանցվի համայնքային կառավարմանը), 30 տոկոսով՝ ծնողները, 30 տոկոսով էլ՝ ուսուցիչների ներկայացուցիչներ: Այստեղ կարեւոր սկզբունքներից մեկն այն է, որ դպրոցի տնօրենները պետք է ընտրվեն, եւ դպրոցներն էլ ստանան իրավական մեծ արտոնություն՝ ունենալու իրենց սեփական քաղաքականությունը՝ բյուջե, արտաբյուջե, ֆինանսավորման ինքնուրույնություն՝ բնականաբար վերահսկողությամբ: Կարեւոր քայլ է կատարվել բուհական ինքնավարության հաստատման ճանապարհին. դա պետական բուհերի՝ պետական, ոչ առեւտրային հիմնարկի կարգավիճակի անցնելու գործընթացն էր: Եթե հանրակրթության մեջ ներկայացվել է մեկ օրինակելի կանոնադրություն, ապա այստեղ յուրաքանչյուր բուհ առանձին-առանձին ներկայացրել է իր կանոնադրությունը: Բացի այդ, զանազանություն չի լինելու պետական եւ ոչ պետական բուհերի միջեւ, տարբերվելու են միայն հիմնադիրները. մի դեպքում հիմնադիրը պետությունն է, մեկ այլ դեպքում՝ կազմակերպությունը կամ իրավական անձը: Եվ ինչպես արդեն նշել ենք, ազատվելու ենք պետական նմուշի դիպլոմ հասկացությունից: Ամբողջական իմաստով այս տարի ավարտվել են մինչեւ 2008 թ. բանակցային գործընթացները, ճշտված է ֆինանսավորման զգալի մասը, սակայն նախարարը կարեւոր է համարում, որ մեր օտարերկրյա բարեկամները ֆինանսավորման հարցում հաշվարկներն անեն մեզ հետ համաձայնեցնելով, եւ ոչ իրենց երկրների օրինակով, որտեղ մեկ դասարանի գույքին կարող են հատկացնել 3000 դոլար, իսկ մենք այդ փողը կարող ենք խնայել առավել կարեւոր խնդիրների համար: Այսպիսով, հանրակրթության մեջ եղել է 10-12 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ վարկային մեկ ծրագրով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաներով հանրակրթությունը ապահովելու արժեքը 30-35 միլիոն դոլար է՝ ընդհանրապես, իսկ մինչեւ 2008-ի՝ 1-ին փուլի համար՝ 5-7 միլիոն դոլար. հաշվարկը կատարված է 2 աշակերտին 1 համակարգիչ սկզբունքով: Միջին մասնագիտական կրթության բնագավառում 2003-ին նախատեսված է արմատական բարեփոխումների փաթեթ՝ «Տեմպուս-Տասիս» ծրագրով՝ 3 միլիոն դոլար արժողությամբ: 2003-ի համար Եվրոխորհրդի հետ պայմանագիր կա նաեւ բարձրագույն կրթության համար: Նախարարն անդրադարձավ նաեւ ոլորտի թերեւս ամենացավոտ՝ հավատարմագրման եւ լիցենզավորման խնդիրներին, որ դեռեւս ավարտին չեն հասցվել, սակայն ԱԺ-ի օգնությամբ լուծվել է մի կարեւոր հարց. «Նախկինում խաբված ավանդատուների նման մի վիճակ ունեինք, երբ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ունեին վկայականներ, բայց հնարավորություն չունեին այդ վկայականը հավաստելու, աշխատանքի չէին կարողանում ընդունվել: ԱԺ-ն ընդունեց օրենք, եւ հնարավորություն տրվեց յուրաքանչյուրին անհատական ձեւով վկայականը հավաստել՝ որոշակի կարգով, որ մինչեւ փետրվար կվերջացնենք»: Ի դեպ, Եվրոխորհրդի եւ Սբ. Էջմիածնի հետ մշակված նոր ծրագիր է նաեւ դպրոցներում եկող տարի կրոնի պատմություն առարկան ներառելը, որ պարտադրում է ապահովել 95 տոկոս ուսումնառություն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել