Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺ, ՔԱՂԱՔԱՑԻ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԳԻՏՆԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺ, ՔԱՂԱՔԱՑԻ Նախաբան աքսորականից Դեռ 10172ը չբոլորած Նորայր Մանասերյանի հայրական ընտանիքը, ի թիվս 100-ից ավելի ընտանիքների, Արտաշատի շրջանից աքսորվում է Միջին Ասիա, որտեղից վառ տպավորություններ են մնացել ամբողջ կյանքում։ Փոքրիկ հայկական համայնքը հեռավոր Հարավային Ղազախստանի «Կապլանբեկ» սովխոզում կարճ ժամանակում դրսեւորեց ազգային լավագույն գծերը՝ աշխատասիրությունը, տնտեսական նախաձեռնությունը, մշակութային եւ կենցաղային ինքնուրույնությունը։ Հիշողության մեջ են մնացել շրջապատող ազգախմբերի համար անսովոր եւ անհայտ աշխատանքային գործիքները, որ սկսեցին պատրաստել հայերը, բնամթերքի հումքից նրանց պատրաստած արտադրանքները, մասնավորապես օղին ու դոշաբը, որ ուղարկում էին ռազմաճակատի մարտիկներին։ Հզոր պետական տնտեսությունում, ուր հայերը կազմում էին բնակչության հազիվ 1017215%, նրանք միշտ անվիճելի առաջին տեղն են գրավել տնտեսության բոլոր ասպարեզներում։ Առավել մեծ էր տպավորությունը հայկական մշակույթից, հայ երիտասարդներից ու դպրոցականներից։ Կարճ ժամանակում «Ազգ Վարդանի» (այդպես են հիշում Արտաշատում Վարդան Առաքելյանին) ջանքերով ստեղծվեցին մի քանի նվագախմբեր, երգչախումբ եւ պարախումբ, որոնք համերգներով հանդես էին գալիս ամբողջ շրջանով մեկ։ Սերունդների հիշողության մեջ կմնան այն անջնջելի օրերի տպավորությունները, երբ հայերը գյուղական ակումբում բեմադրեցին «Անուշ» օպերան… Հիշյալ աքսորավայրում հայերի հիմնական զանգվածը մնաց 1017215 տարի, սակայն նշանավոր «Կապլանբեկ» այգեգործական-գինեգործական տնտեսության եւ մշակութային կյանքով խաղացին առաջնակարգ դեր։ Իսկ բնակավայրի գլխավոր փողոցը, ասում են, մինչեւ այսօր կոչվում է «Հայկական»։ Գիտության մեջ Մոսկվայի պետհամալսարանը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, ապա՝ նույն ինստիտուտի գիտաշխատող։ Այստեղ է պաշտպանել թեկնածուական թեզը (1959թ.), ինչպես նաեւ դոկտորականը (1970թ.)։ Իր մենագրություններում եւ հոդվածներում միշտ որոնել եւ հիմնավորել է նոր, առաջադիմական տնտեսական հարաբերությունների անհրաժեշտությունը, տվել դրանց համարձակ գիտական հիմնավորումը, որը հաճախ հակասության մեջ էր գտնվում տիրապետող պաշտոնական տեսությունների հետ։ Այսպես, դեռեւս 1950-ական թվականներին առաջ է քաշել հանրային տնտեսություններում անհատական եւ ընտանեկան վարձակալական հիմունքներով հողօգտագործման անհրաժեշտությունը, մի տնտեսաձեւ, որն ակնհայտորեն հակասում է համատարած համայնավարական եղանակին եւ այն օրերին կարող էր դիտվել որպես հանցանշան։ Այդ մասին նրա հոդվածի հրապարակումը մերժվեց ՀԿԿ կենտկոմում, իսկ թեկնածուական թեզի գիտական ղեկավարը վախով սպասում էր նաեւ մերժում Մոսկվայից։ Միայն 25 տարի հետո այդ տնտեսաձեւը թույլատրվեց վերադասի կողմից, սակայն արդեն, ավաղ, ուշ էր, քանզի դա չէր կարող կանխել վրա հասնող համատարած փլուզումը։ Իր դոկտորական թեզում, որի թեման հազվագյուտ էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ԽՍՀՄ-ում (հողային ռենտայի եւ հանրային տնտեսության վերարտադրության խնդիրների վերաբերյալ), հեղինակը հիմնավորում է այն միտքը, որ հողային ռենտան եւ հողի գինը օբյեկտիվ կատեգորիաներ են ցանկացած տնտեսակարգի պայմաններում եւ դրանց հետ պետք է հաշվի նստի պետությունը։ Հիշեցնենք, որ այն օրերին գիտական եւ քաղաքացիական խիզախություն էր պահանջվում խոսելու հողի գնի կամ հիմնավորված հողօգտագործման վարձի կիրառության մասին։ Դոկտորական թեզում եւ հրատարակված մենագրությունում ու հոդվածներում հեղինակը ցույց է տվել, որ Հայաստանի 9 գյուղատնտեսական գոտիներից միայն մեկում՝ Արարատյան դաշտում գոյություն ունեն հանրային տնտեսության մեջ զբաղված աշխատուժի եւ հիմնական ֆոնդերի շատ թե քիչ նորմալ վերարտադրության պայմաններ (եկամուտներ), մինչդեռ նրա լեռնային եւ նախալեռնային ամբողջ հատվածում այդպիսի պայմաններ չկան։ Եթե առաջին գոտում գոյացող հարաբերական օգուտները (ռենտան) ամբողջովին յուրացվում են պետության կողմից, ապա մյուս գոտիներում գոյացող մշտնջենական (խրոնիկական) վնասները պետությունը չի փոխհատուցում որեւէ եղանակով։ Այս թեզով, որը լուսաբանվել է բազմաթիվ գիտական հրատարակումներում, Նորայր Մանասերյանը գիտականորեն ապացուցել է, որ հանրային-համայնավարական տնտեսակարգը սնանկ է՝ երկրի ագրարային հատվածի զարգացման բնականոն պայմաններ ապահովելու։ Գիտական երեւույթ էր Նորայր Մանասերյանի (Լեւոն Ադամյանի հեղինակությամբ) հաջորդ մենագրությունը («Հողի գնահատման տնտեսական պրոբլեմները», 1978թ.), որը նախորդի տրամաբանական շարունակությունն էր։ Հիմնավորելով բնական այդ կարեւորագույն ռեսուրսի տնտեսական գնահատման տարբերակները եւ դրա գիտական եւ գործնական նշանակությունը, հեղինակը հստակ ուշադրություն է դարձնում հարցի ժողովրդատնտեսական կարեւորությանը. հողի գինը, որպես նրանից ստացվող եկամտի կապիտալացված մեծություն, այն հիմքն է, որի վրա պետք է գիտակցորեն կարգավորվեն պետության եւ գյուղատնտեսական ձեռնարկությունների տնտեսական հարաբերությունները, մասնավորապես վերջիններիս տնտեսական պարտավորությունների չափը (մինչդեռ այդ չափը տասնամյակներ շարունակ վերադասի վարչական հրահանգներով), վերջապես, դա այն պատնեշն է, որ պետք է դրվի հողի անտնտեսվար օգտագործման ճանապարհին՝ գյուղատնտեսության մեջ եւ դրանից դուրս։ Հենվելով Նորայր Մանասերյանի ներկայացրած զեկուցագրերի վրա՝ Հայաստանի կառավարության հանձնարարությամբ լեռնային շրջանների սոցիալ-տնտեսական պրոբլեմների թեման մտցվեց ՀԽՍՀ պետպլանի ԳՀ-ի պլանի մեջ, եւ կարճ ժամանակում այդ ուղղությամբ զգալի հետազոտություն կատարվեց։ (Մինչդեռ, զարմանալի զուգադիպությամբ, ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում այդ թեման «փակվեց»)։ Նորայր Մանասերյանի գիտամանկավարժական գործունեության վերջին շրջանը կապված է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի հետ, ուր նա փոխադրվեց 1983թ. սկզբում, որպես քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, հետագայում՝ ամբիոնի պրոֆեսոր։ Դեռեւս սկսած 1960թ., դասավանդել է Երեւանի համալսարանում, ինչպես նաեւ հանրապետության մի շարք բուհերում։ Աշխատանքը ուսանողի հետ՝ միշտ եղել է նրա տարերքը։ Այժմ արդեն տարերքը նոր, այսպես ասած, պաշտոնական-հիմնական կարգավիճակ է ստանում։ Նորայր Մանասերյանի գիտական գործունեությունը ամփոփված է ավելի քան 250 գիտական աշխատություններում, որոնց մի մասը՝ արտասահմանում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ից դուրս։ Այժմ պատրաստվում է մենագրություն հրատարակել ագրարային հարցի վերաբերյալ։ Ուսանողական լսարանում եւ դրանից դուրս Ուղղափառ մարքսիստական քաղաքատնտեսությունը բացառում է ազգային էկոնոմիկայի օրինակով դասավանդումը, չէ որ ավանդական ընկալմամբ, այն հրամցնում է համամարդկային ճշմարտություններ։ Որքան էլ դժվար, սակայն պրոֆեսոր Նորայր Մանասերյանը միշտ աշխատել է ուսանողներին հրամցնել վերոհիշյալ գիտության դրույթները՝ հայոց պատմության առանձին դրվագների մեջբերումով, իսկ առանձին դեպքերում՝ դուրս գալով պետական ծրագրի շրջանակներից, ներկայացնում Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները։ Ու թեեւ «զգոն» մարդիկ դրա մասին անմիջապես տեղյակ էին պահում վերադաս կուսակցական մարմիններին, վերջիններս, ի պատիվ իրենց, դա ընդունում էին քմծիծաղով, իսկ ուսանողական լսարանի ջերմությունը լավագույն վարձահատույցն էր դասախոսի համար։ Ուսանողի հետ էր ոչ միայն լսարանում, այլեւ Երեւանի, Մեծամորի, Սարդարապատի թանգարաններում, դրամատներում եւ բորսայում, նախարարությունում, ամենուր, որտեղ ուսանող-ունկնդիրը կարող է ակնդիր ծանոթանալ ազգային եւ մարդկային արժեքներին, աշխատանքի գործիքների պատմությանը եւ ժամանակակից բարդ տնտեսական համակարգերին։ Նորայր Մանասերյանի լսարանում կարելի է երբեմն տեսնել հայրենական կամ արտասահմանից եկած գիտնականի, որոնք սիրով իրենց գիտելիքներն ու փորձն են հաղորդում նրա ուսանողներին։ Պատմելով Հայաստանի լքված գյուղերի հիմնախնդրի մասին՝ Նորայր Մանասերյանը առաջնորդել է իր ուսումնական խմբին Գառնի-Հազարաձորի լքված կամ կիսալքված բնակավայրերը՝ հաստատելու եւ համոզելու նրանց, որ դրանք լքված դրախտավայրեր են, ուստի պատշաճ գիտական հիմնավորման եւ պետական ուշադրության դեպքում կարող են պատմությունից վերադառնալ մեր առօրյան, եւ մեծապես նպաստեն ոչ միայն ազգային տնտեսության զարգացմանը, այլեւ մեր տարաբնակեցման ոլորտի ընդլայնմանը։ Շատերին է հայտնի, թե ինչ ջանքերի ու պայքարի գնով է պրոֆեսոր Նորայր Մանասերյանին հաջողվել փրկել տեղահանումից Գառնի-Հազարաձորի վերջին մոհիկաններին, երկու-երեք գյուղ, որոնց վրա դեռեւս այժմ էլ կախված է արգելոցի խրտվիլակի դամոկլյան սուրը։ Քանի-քանի հոդված ու զեկուցագիր է գրել նա վերջին տասը տարում այս հարցով, գրավոր ու բանավոր ելույթներ է ունեցել՝ ապացուցելու համար, որ արգելոց չի կարող լինել մարդու բնակավայրը եւ նրա կողմից հարյուրամյակներով մշակված հողատարածքը։ Վերջապես, որ նախալեռնային այս ենթագոտին Արարատյան դաշտավայրի բնական հանգստավայրն է, մի իսկական լքված դրախտավայր, որն սպասում է իր տերերին։ Լքված գյուղերի վերաբնակեցումը պետք է դիտվի իբրեւ ռազմավարական հեռանկարային խնդիր, որն այսօր ավելի մեծ նշանակություն է ստանում նաեւ Արցախի բնակեցման տեսանկյունից։ Ի վերջո, այն պետք է դիտվի նաեւ մեր ազգային գենոֆոնդի պահպանման եւ վերարտադրության տեսակետից. չէ որ հենց այստեղ, լեռնային բնակավայրերում են ծնվում բանաստեղծներ ու գուսաններ, իսկ քաղաքներում նրանք մահանում են։ Մի հանգամանք, որի արժեքը թերեւս չի ենթարկվում ոչ մի տնտեսագիտության հաշվարկի։ Ահա ընդամենը մի քանի պարզ ճշմարտություն, որոնք Նորայր Մանասերյանին հաջողվում է հասցնել ուսանողների մտքին ու սրտին, եւ որոնք, ցավոք, դեռեւս հասու չեն մեր պետական որոշ պաշտոնյաների։ Մանկավարժը եւ քաղաքացին Նորայր Մանասերյանը վառ արտահայտված քաղաքացու կերպար է։ 1965թ. ապրիլի 24-ի նախօրյակին իր լսարանի ուսանողներին կոչ է անում մասնակցել Եղեռնի 50-ամյակի համազգային ցույցին, արժանանալով ՊԱԿ-ի հատուկ ուշադրությանը, իսկ հաջորդ տարեդարձի օրը ցույցի մասնակիցներին ՊԱԿ-ի աշխատակիցներից պաշտպանելու համար հայտնվում է նույն հիմնարկի նկուղում։ 1970-ական թվականներին լիբանանահայ համայնքի գոյապայքարի տագնապալի օրերին ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակիցներից հանգանակություն է կազմակերպում համայնքի օգտին, արհամարհելով ինստիտուտի ղեկավարության արգելքը։ 1987թ. արցախյան շարժմանը ցուցաբերած գրավոր, բանավոր եւ ֆինանսական աջակցության առթիվ քանիցս հրավիրվում է ՊԱԿ։ Վերջինիս քարտուղարի հանդիմանությանն ի պատասխան, ինքն է անցնում առաջ եւ հանդիմանում. 172Ընկեր քարտուղար, Դո՛ւք պետք է կազմակերպեք այդ ժողովրդական շարժումը (չէ՞ որ կուսակցությունն է ժողովրդի առաջնորդը), իսկ մենք, դասախոսներս՝ Ձեզ օգնենք։ Բայց ինչո՞ւ է հակառակը ստացվում։ Բաժանվում են «ոչ-ոքի»։ Գտնվելով արցախյան շարժման ակունքներում, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը կարողանում է կազմակերպել եւ ուղղություն տալ ուսանողական շարժման հախուռն ալիքին, եւ այդ շարժման սովորական ձեւերին զուգահեռ (ցույցեր, նամակներ եւ այլն), 1987թ. ամռան արձակուրդների ընթացքում կազմակերպում է ուսանողական շինջոկատ, որը «Արփա-Սեւանշինի» հետ պայմանագիր է կնքում եւ մեկնում Որոտան-Կեչուտ ջրատարի շինարարության Ջերմուկի տեղամաս եւ աշխատում այնտեղ հուլիս-օգոստոս ամիսներին։ Կարճ ժամանակում ջոկատն աչքի է ընկնում իր ակտիվ աշխատանքով, կազմակերպված կենցաղով եւ արժանանում «Արփա-Սեւանշինի» բարձր գնահատականին, բնութագրի մեջ նաեւ ցանկություն է հայտնվում, որպեսզի ջոկատը նորից հյուրընկալվի հաջորդ տարի։ 1989 հոկտեմբեր-նոյեմբերին Նորայր Մանասերյանին վերստին տեսնում ենք Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտի մի ստվար շինջոկատի հետ Արցախի Հադրութի շրջանի հեռավոր Խծաբերդ գյուղում, ուր ցերեկները զբաղվում էր իր անվանը պատշաճ շինվերանորոգման աշխատանքներով, իսկ գիշերները տեղացիներից վերցրած մի քանի որսորդական հրացաններով պաշտպանում գյուղի հեռավոր մատույցները թուրք ելուզակների սպառնալիքներից ու թալանից։ Նաեւ օգնում էին Սպիտակաշենում հաստատված Երեւանի պոլիտեխնիկի տղաներին՝ էլեկտրահաղորդման գիծ անցկացնել եւ միասին տոնում առաջին էլեկտրալապտերի լուսարձակումը մայրամուտին, որը, խծաբերդցիների ասելով, ատոմային ռումբի սարսափ էր հաղորդել շրջապատի թուրքերին։ Զարմանալի չէ, որ շուտով նույն ուսանողները, պրոֆեսորի վստահելի անձինք զինվորագրվեցին ԳԽ պատգամավորական թեկնածու, պրոֆ. Նորայր Մանասերյանին՝ 1990թ. մայիսյան ընտրությունների ժամանակ։ Այս պայքարում եւս հաղթեցին։ Ավաղ, մեկ շաբաթ անց, Էրեբունիի մատույցներում խորհրդային զորախմբի հետ անհավասար մարտում տվեցին առաջին զոհը՝ գառնեցի անվեհեր Ատոմին (Դերենիկին)… Պատգամավորական աշխատանքը չի խանգարում Նորայր Մանասերյանին շարունակել կապը Արցախի հետ. նա պարբերաբար այստեղ է հայտնվում միայնակ կամ փոքր խմբով, մասնավորապես օգնում իր հետ մեկնած ռադիոինժեներներին՝ վերակենդանացնելու Խծաբերդ գյուղի ռադիո եւ հեռուստասարքերը։ Տեղի նյութերի հիման վրա հոդվածաշար է պատրաստում եւ հրատարակում Արցախի սոցիալ-տնտեսական պրոբլեմների մասին։ *** Իրադարձությունները հետ չես կարող բերել։ Սակայն կարող ես դրանք, թեեւ ուշացումով, վերլուծել՝ դասեր քաղելու նպատակով։ Պրոֆ. ԳՐԻԳՈՐ ՂԱՐԻԲՅԱՆ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Պրոֆ. ԷԴՈՒԱՐԴ ՕՐԴՅԱՆ ՀՀ Կառավարման ակադեմիայի պրոռեկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել