Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանամուտ

Դեկտեմբեր 26,2002 00:00

Բնակարանամուտ Կարո՞ղ եք պատկերացնել բնակարան ստացող այն մարդկանց ոգեւորությունն ու բերկրանքը, ովքեր 10 տարի ապրել են առանց տանիքի, ծվեն-ծվեն եղած, հուսալքված, կորուստի ցավն ու մոռացված, անտեսված լինելու վիրավորանքը սրտում, ոչնչի չհավատալով ու հրաշքի սպասելով… Բայց սկսեմ սկզբից: 1920 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված Կարագյոզյան հիմնադրամը ի սկզբանե աշխարհի տարբեր երկրներում իրականացրել է առողջապահական ծրագրեր եւ արդեն 10 տարի է գործում է Հայաստանում՝ այստեղ էլ կատարելով իր մարդասիրական առաքելությունը: Վերջին երկու տարիների ընթացքում հիմնադրամը, որի հայաստանյան գրասենյակի տնօրենը Կամո Տեր-Պետրոսյանն է, համագործակցում է նաեւ Հայաստանի սոցիալական ապահովության նախարարության հետ: Նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի առաջարկությամբ համատեղ իրականացրած մի շարք մանկական ծրագրերի հաջողությունից ոգեւորված՝ փորձ արվեց համագործակցության նոր ուղիներ գտնել ու8230 գտան: «Կարծում եմ համաձայն եք, որ զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրներն այսօր սոցիալական առաջնահերթություններից են, եթե չասենք, որ դա թիվ մեկ խնդիրն է»,- մեր զրույցի ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության փոխնախարար Արայիկ Պետրոսյանի արտահայտած այս միտքը, ինչպես հետո պարզվեց, նաեւ Կարագյոզյան հիմնադրամի ղեկավարության դիրքորոշումն է: Արդյունքում մեկնարկեց «Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների եւ նրանց ընտանիքների բնակարանային ապահովման» ծրագիրը՝ սոցիալական ապահովության նախարարության առաջարկությամբ, Կարագյոզյան հիմնադրամի միջոցներով: Ընտրվեց սահմանամերձ հեռավոր մարզերից մեկը, որ մեծ թվով զոհեր է տվել. Տավուշը: Ի դեպ, այսպիսի նաեւ պետական ծրագիր կա, որ նախատեսված էր 1999 թվականի պետբյուջեով: Ըստ այդմ, յուրաքանչյուր մարզ պետք է ստանար որոշակի ֆիքսված գումար ու գներ բնակարաններ զոհված ու հաշմանդամ զինծառայողների ու նրանց ընտանիքների համար, որոնք այսօր Հայաստանում բավականին շատ են: Սակայն 1999-ին նախատեսված այդ ֆինանսավորումը ստացվեց միայն 2002 թվականի աշնանը: Իսկ մինչ այդ… Փոխնախարար Ա. Պետրոսյանի ղեկավարած աշխատանքային խմբում (հիմնադրամի կողմից ծրագիրը ղեկավարում էր Կամո Տեր-Պետրոսյանը) ընդգրկվեցին ներկայացուցիչներ Կարագյոզյան հիմնադրամից, սոցապ ու պաշտպանության նախարարություններից, մարզային կառույցներից, հասարակական կազմակերպություններից: «Բնակարանի կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների ցուցակները քննարկվել են ամենայն մանրամասնությամբ ու ճշգրտությամբ, հաշվի են առնվել բոլոր չափանիշները՝ ընտանիքի կազմ, զբաղվածություն, բնակմակերես, եւ ընտրված 55 ընտանիքները վստահաբար ամենակարիքավորներն էին»,- փաստեց պարոն Պետրոսյանը: 1-2 բացառիկ դեպքից բացի, յուրաքանչյուր ընտանիքի համար բնակարան է գնվել իր բնակավայրում: Եվ գնվել են հատկապես այն բնակարանները, որոնք վաղուց փակ ու դատարկ էին, որոնց տերերը մի քանի տարի արդեն Հայաստանում չէին կամ նույնիսկ ՀՀ քաղաքացիներ չէին: Ծրագրի իրականացումը հատկապես հաջողված է համարվում նաեւ այն իմաստով, որ բնակարան ստացել են Տավուշի բոլոր տարածաշրջանների կարիքավոր զինծառայողները՝ սկսած Դիլիջան-Իջեւանից մինչեւ Նոյեմբերյան ու Բերդ: Շեշտենք միայն, որ այս ծրագիրը վերաբերում էր միայն մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին՝ մինչեւ 1994 թվականը: Ծրագրի իրականացման համար Կարագյոզյան հիմնադրամը հատկացրել էր 110 հազար ԱՄՆ դոլար, յուրաքանչյուր բնակարան գնվել է միջինը 2000 դոլարով. նախասահմանված գումարի շրջանակները չեն գերազանցվել: Թեեւ Տավուշում ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն ենթադրվում է, որ բնակարանների գնման եւս մեկ փուլ կիրականացվի: Այս անգամ պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին՝ 1994 թվականից հետո զոհված ու հաշմված զինծառայողների ընտանիքների համար: Իսկ Կարագյոզյան հիմնադրամի ղեկավարությունը, գոտեպնդված ու ոգեւորված ծրագրի հաջողությամբ, որոշել է 2003 թվականին շարունակել այն: Ուսումնասիրություններն արդեն սկսվել են… Իսկ ի՞նչ երաշխիք ունեք, որ այս մարդիկ չեն լքի բնակարանները կամ չեն վաճառի ու մեկնի Հայաստանից, չէ՞ որ ծայրահեղ կարիքավորներ են. այս հարցիս ի պատասխան պարոն Պետրոսյանը ժպտաց. «Մենք էլ այդ մտավախությունն ունեինք ու բազմաթիվ տարբերակներ ենք քննարկել, նույնիսկ, որ հինգ տարի սեփականության իրավունքը վերապահվի հիմնադրամին, սակայն ի վերջո որոշեցինք պարզապես վստահել մարդկանց: Ու չսխալվեցինք. վերջերս այցելել էինք Տավուշ՝ սեփականության հավաստագրերը հանձնելու. բոլոր ընտանիքները տեղափոխվել, տեղավորվել ու ապրում էին իրենց բնակարաններում: Դա նաեւ ապացույց էր, որ ճիշտ ընտրություն ենք կատարել»: Փաստենք. լուսավոր ինչ-որ բան մեր իրականության մեջ, այնուամենայնիվ, կա: ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել