Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻԱՅՆ «ՁԵԹԻՎ ԵՎ ԲՐՆՁԻՎ»

Դեկտեմբեր 26,2002 00:00

ՈՉ ՄԻԱՅՆ «ՁԵԹԻՎ ԵՎ ԲՐՆՁԻՎ» «Երբ մարդիկ սկզբից պարզեցին, որ մենք աշխատանքի չենք տեղավորում եւ ոչինչ չենք բաժանում, մեր այցելուների թիվը կտրուկ նվազեց, մնացին այն մարդիկ, որոնց հետ ռեալ աշխատանք է տարվում»,- գրասենյակի աշխատանքային առաջին եւ երկրորդ ամիսների՝ 2002թ. մայիսի եւ հունիսի համապատասխանաբար 130 եւ 54 այցելուների թիվն այսպես մեկնաբանեց Միգրացիայի եւ փախստականների վարչության միգրանտների սպասարկման կենտրոնի (ՄՍԿ) ղեկավար Արգամ Պապոյանը։ Մարդիկ միգրանտների սպասարկում ասելով հասկանում են կամ արտասահմանում աշխատանքի տեղավորում, կամ առնվազն բրինձ-ձեթ-պահածոյի բաշխում։ Եվ… հիասթափվում են, կենտրոնում տեղեկանալով, թե ինչքան աննպատակահարմար է երկրից անօրինական մեկնելը։ «Մեր խնդիրն է առանց ստիպելու նրանց հասկացնել, որ դա չէ ճանապարհը, որ փորձեն օրինական գնալ»,- ասում է պրն Պապոյանը։ Այս դեպքում էլ, սակայն, կենտրոնում ցույց է տրվում վիճակագրություն այն մասին, թե, ասենք, եվրոպական երկրներից որտեղ քանի դիմում է եղել ապաստանի հայցով, քանիսն է դրանցից դրական լուծում ստացել։ Իսկ այդտեղ թվերը պոտենցիալ միգրանտների օգտին չեն. վերջին տարիներին եվրոպական երկրներում ապաստանի ստացման պայմանները խստացել են, հետեւաբար եւ ստացումը՝ դժվարացել։ Արդյունքում. «Մեր բացատրելուց հետո ասում են, որ օրինական գնալ երեւի հնարավոր չէ»,- ասում է Ա. Պապոյանը։ ՄՍԿ-ի ստեղծման խնդիրն այսպես էր դրված՝ անօրինական միգրացիայի դեմ պայքար՝ տեղեկատվության տարածման միջոցով։ Ծրագիրն իրականացնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, եւ ՄՍԿ-ն այդ ծրագրի բաղադրիչներից է։ Հիմնական նպատակները պոտենցիալ եւ վերադարձող միգրանտների շրջանում արժանահավատ տեղեկատվության տարածումը, խորհրդատվական աջակցությունն են։ Դրա համար կենտրոնում «թեժ գիծ» է աշխատում, քաղաքացիների ընդունելություն է կազմակերպվում, հրատարակվում է արտագնա աշխատանքային գործունեությանը նվիրված պարբերական (3-ը լույս են տեսել, 4-րդի աշխատանքներն ընթացքի մեջ են)։ 7000 օրինակով տպագրվել է նաեւ անօրինական միգրացիայի հարցերին նվիրված բրոշյուր, որը տարածվել է նախօրոք մշակված ցանցով՝ տարածքային սոցիալական ծառայություններ, ԿԳՆ-ի միջոցով՝ բուհեր, Երեւանի քաղաքապետարան, աշխատանքի եւ զբաղվածության ծառայություն, Տարածքային կառավարման նախարարության միջոցով՝ գյուղապետարաններ։ 500-ական օրինակով երկու պլակատներն էլ հանրապետությունում տարածվել են համանման մեխանիզմով։ ՄՍԿ-ն կազմակերպեց եւ անցկացրեց սեմինարներ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, 2-ը՝ արտագնա աշխատանքային գործունեություն կազմակերպող ֆիրմաների համար։ Վերջիններիս բացակայությունը սեմինարին կազմակերպիչները դարձյալ արդյունք են համարում. այդպիսով պարզվեց, որ ռեկրուտային կազմակերպությունները փաստորեն շահագրգռված չեն օրինական դաշտում աշխատելու։ 4-րդ սեմինարը նվիրված կլինի ՄՍԿ-ի աշխատանքների ամփոփմանը։ ՄՍԿ-ի ղեկավարը կարեւոր է համարում իրենց գործունեության ոչ միայն հաջողված, այլեւ չհաջողված պահերի շեշտումը, քանի որ «2003-ի համար Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ նախնական պայմանավորվածություն կա, որ ծրագիրը նույն ֆորմատով կշարունակվի»։ ՄՄԿ-ի կողմից հաջողված համարվող ծրագրի հիմնական կետերը կկատարվեն՝ որոշ բաղադրիչների փոփոխությամբ։ Ծրագրի անհաջող կոմպոնենտներից մեկը Ա. Պապոյանը մյուս կողմից էլ ծրագրի արդյունքը համարեց. «Արդյունք՝ այն իմաստով, որ ցույց տվեց, որ նման պրոբլեմ կա։ Անհաջողություն, որովհետեւ այդ բնագավառում աշխատելու մեխանիզմներ չունենք»։ Խոսքը վերադարձող միգրանտների ռեինտեգրացիայի եւ ռեադապտացիայի մասին է։ Ըստ պրն Պապոյանի, վերադարձող միգրանտը կենտրոն դիմում է՝ ոչ տեղեկատվություն ստանալու։ Հաճախ նա այդ տեղեկատվությանը շատ ավելի լավ է տիրապետում, որովհետեւ այդ իրականությունում ինքն ապրել է, ամեն ինչ իր աչքով տեսել։ Ի դեպ, կենտրոնում այդ տեղեկատվությունը օգտագործում են հետագա մեկնողների համար։ Այդ կոնտինգենտի հետ աշխատելու համար ոչ թե տեղեկատվության տարածում է պետք, այլ հենց վերը նշված ռեինտեգրացիոն եւ ռեադապտացիոն ծրագիրը։ ՄՍԿ-ի գործունեությունը ցույց է տալիս, որ նման քաղաքացիներ կան, եւ որ այդ մարդիկ նման աջակցության կարիք ունեն։ Սակայն մեր պետությունն այս պահին պատրաստ չէ նման աշխատանք տանելու. չկան մեխանիզմներ, չկան ֆինանսական հնարավորություններ։ Դրա համար էլ ընտրվում է վերադարձնող երկրի հետ աշխատանքի տարբերակը, ինչն այսօր արվում է («Առավոտում» ներկայացվել է Շվեյցարիայի օրինակը)։ ՄՍԿ-ի այցելուների 70%-ը, ըստ պրն Պապոյանի, հետաքրքրվում է աշխատանքային միգրացիայի հարցերով։ «2-րդ տեղում» ապաստանի ստացման մանրամասներ իմանալ ցանկացողներն են, արտասահմանում մշտական բնակվելու մտադրություն ունեցողները ՄՍԿ-ի այցելուների 6%-ն են, սովորել ցանկացողները՝ 4%։ Դիմում են նաեւ ընտանիքների վերամիավորման, վտարման մասին տեղեկություններ ստանալու եւ արտասահմանում բուժվելու խնդիրներով։ Մայիսից մինչեւ նոյեմբեր կենտրոնն ունեցել է 216 այցելու, 238 գրանցված զանգ։ Հետաքրքիր է, որ գնալով ավելանում է այցելուների, պակասում՝ զանգահարողների թիվը։ Ընդ որում, մարդիկ հասկանալով ՄՍԿ-ի առաքելությունը, այլեւս դիմում են ավելի կոնկրետ եւ գործնական հարցերով։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել