Քաշքշուկ, որն ավարտ չունի՞ Արդեն երկար ժամանակ է, ինչ Գյումրիում սկիզբ է առել մի քաշքշուկ, որը դարձել է տեղական հեռուստաալիքների, պաշտոնական ատյանների, ՆԳ վարչության ու դատախազության ուշադրության առարկան։ Դրա մի կողմում կանգնած է «Տրանս ակնթարթ», մյուս կողմում՝ «Ս. Ապինյան» ՍՊԸ-ն։ Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2001թ. ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը մրցույթ հայտարարեց ուղեւորափոխադրումների համար։ Գյումրիում միջքաղաքային ուղեւորափոխադրումներն իրականացրել էր սկզբում «Անիվ» անհատական ձեռնարկությունը, որն էլ վերակազմավորվել էր «Ս. Ապինյան» ՍՊԸ-ի։ Նրան զուգահեռ, հետագայում Գյումրիից դեպի մայրաքաղաք ուղեւորափոխադրումներն սկսել էր իրականացնել «Տրանս ակնթարթը», որն աչքի էր ընկել բարեխիղճ աշխատանքով, ձեռք բերել ուղեւորների վստահությունը՝ սպասարկումն աստիճանաբար դարձնելով քաղաքակիրթ։ 2001-ին հայտարարված մրցույթին «Ս. Ապինյան» ՍՊԸ-ն չմասնակցեց՝ պատճառ ունենալով պայմանագրով աշխատելու հիմնավորումը։ Ըստ «Տրանս ակնթարթի» ղեկավարների, վերջիններս «Ս. Ապինյան» ՍՊԸ տնօրեն Սվետլանա Ապինյանին առաջարկել են մասնակցել մրցույթին, ներկայացնել առաջարկություններն ու մեքենաները։ Սակայն, ըստ նույն աղբյուրի, վերջինս կտրուկ հրաժարվել է։ Մրցույթում, բնականաբար, հաղթել է «Տրանս ակնթարթն» ու տեղավորվելով Գյումրիի ավտոկայարանում՝ սկսել սպասարկումը։ Կարճ ժամանակամիջոցում ձեռք են բերվել անվտանգ երթեւեկությունն ապահովող միկրոավտոբուսներ, կառուցվել է սպասասրահ, վարորդների փոխարեն տոմսերի վաճառքով զբաղվում են կարգավորողները, բարեկարգվել է ավտոկայանի տարածքը։ Սակայն այս ընթացքում «Ս. Ապինյան» ՍՊԸ-ն երթուղու նկատմամբ որոշակի հավակնություններ է դրսեւորում, վկայակոչելով իր լիցենզիան, որը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, համաձայն ՀՀ կառավարության որոշման, կորցրել է իր ուժը։ Կազմակերպում են ծածուկ չվերթեր, ավտոկայանի տարածքում ուղեւորների որս անում։ Կապի ու տրանսպորտի նախարարությունը բազմիցս է առաջարկել «Ս. Ապինյան» ՍՊԸ-ին դադարեցնել այս գործունեությունը, տեղափոխվել իրավական դաշտ։ Փորձել է միջամտել նաեւ Շիրակի մարզի ՆԳ վարչությունը, սակայն ապարդյուն։ Ըստ որոշ (խմբ.) չճշտված տեղեկությունների, նույնիսկ հարձակումներ են գործել «Տրանս ակնթարթի» տնօրեն Անահիտ Խալաթյանի վրա՝ հասցնելով մարմնական վնասվածքներ։ Նոյեմբերի 8-ին մեկ այլ բախում եղավ, որի մեջ ներգրավվեց նաեւ մայրաքաղաքում գործող «Ալֆա» ՍՊԸ-ն։ Վերջինի աշխատակիցները հայտնվեցին Գյումրիում՝ աջակցելու «Ս. Ապինյան» ՍՊԸ-ի կազմակերպած «ուղեւորափոխադրմանը»։ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ Առանց երկրորդ կողմի՝ «Ս. Ապինյան» ՍՊԸ-ի ներկայացուցիչների պարզաբանումների տպագրում ենք մեր արտահաստիքային թղթակցի նյութը, որովհետեւ խմբագրությունը նույնաբովանդակ մի թղթակցություն էլ Հասմիկ Մելքոնյանից է ստացել։ Բացի այդ, թղթակիցներն իրենց նյութերը հիմնավորել են մի շարք փաստաթղթերով։ Այնուամենայնիվ, պատրաստ ենք լսել նաեւ մյուս կողմի տեսակետը։ Հ. Մելքոնյանը եղած ինֆորմացիային ավելացնում է, որ այդ օրը «Ալֆա» ՍՊԸ-ի «Գազել» մակնիշի 6 ավտոմեքենաներ, ընկերության 10 աշխատակից, նկարահանող խմբի ուղեկցությամբ ավտոկայան են ներկայացել «Հասարակական կազմակերպություններ- 2002» համաժողովի 64 պատվիրակների տեղափոխելու մտադրությամբ։ Այնինչ, վերոնշյալ պատվերը պատվիրակության մարզային կոորդինատոր Ս. Մարտիրոսյանի կողմից շատ ավելի վաղ տրված էր «Տրանս-Ակնթարթին», եւ երթուղին էլ կազմակերպված էր։ Կարծում ենք, խնդիրն ուշադրության արժանի է, առավել եւս, որ ըստ պնդումների, պետական պաշտոնյաների մատը խառն է այս գործում։