«Լոխ նեվաժնիյա՝ մինա թակիլ տինք» Բուշն արդեն հայտարարեց, որ Իրաքի ներկայացրած հայտարարությունը սպառազինությունների մասին թերի է եւ խախտում է ՄԱԿ-ի բանաձեւը։ (Իսկ ըստ ամերիկացիների, դա բավարար պայման է պատերազմ սկսելու համար)։ Սպիտակ տան ներկայացուցիչը Իրաքի զեկույցը նույնիսկ «ֆարս» անվանեց։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի վերջին բանաձեւը բոլորովին էլ չի ենթադրում Իրաքի դեմ ռազմական ուժի կիրառում՝ բանաձեւի պայմանների խախտման դեպքում։ Այդ պարագայում, եթե, իհարկե, կոպիտ խախտումը արձանագրված լինի միջազգային տեսուչների խմբի կողմից, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է հավաքվի եւ նոր որոշում կայացնի հետագա քայլերի վերաբերյալ։ Ի դեպ, փորձագետների տեսակետը Իրաքի հաշվետվության վերաբերյալ շատ ավելի մեղմ է, քան ԱՄՆ-ի կողմից արտահայտածները՝ նրանք ընդամենը կարծում են, որ զեկույցը որոշակի բացթողումներ ունի։ Մասնավորապես դա վերաբերում է նախկինում առկա արգելված զինատեսակների ապագային։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արտգործնախարար Իգոր Իվանովը Իրաքի ներկայացրած զեկույցը որակեց որպես «ՏորՑՏ255ՑպսՖվօռ ՊՏՍցՎպվՑ», ավելացնելով, որ Ռուսաստանի կարծիքի վրա կարող են ազդել միայն տեսչական խմբի եզրակացությունները։ Այս բոլորը հարցի «տեսական» կողմն է, իսկ իրականում բոլորին արդեն պարզ է, որ պատերազմը լինելու է դեպքերի ցանկացած զարգացման պարագայում։ Իրաքի շուրջ շարունակում են կուտակվել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի զինվորական ստորաբաժանումները, իսկ ամերիկյան հատուկ ջոկատները վարժվում են փողոցային մարտերում էֆեկտիվ պատերազմելու նպատակով։ Բրիտանական «Սան» թերթը արդեն տպագրել է Իրաքի դեմ պատերազմի ծրագիրը, որն, ըստ թերթի, կսկսի իրագործվել փետրվարի կեսերին։ Հարցը միայն ռազմական հարմարության մեջ չէ։ ԱՄՆ-ն, իհարկե, չի ուզում կտրուկ վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ եւ ֆորմալ տեսանկյունից նպաստելու է, որ Իրաքը հունվարի վերջին ներկայացնի իր երկրորդ զեկույցը։ Նշենք, որ այս օրերին Իրաքի ղեկավարները պատրաստակամություն են հայտնում տալ սպառիչ պատասխան ԱՄՆ-ին եւ բրիտանացիներին հետաքրքրող բոլոր հարցերին։ Նրանք առաջարկում են անգամ ամերիկյան հետախույզներին ժամանել Իրաք եւ ցույց տալ տեսուչներին բոլոր կասկածելի օբյեկտները։ Հիշեցնենք, որ առայսօր ժամանակակից սարքավորումներով զինված միջազգային տեսուչների մեծ խումբը կասկածելի որեւէ բան չի հայտնաբերել։ Սակայն պարզ է, որ անկախ դրանից, հունվարի վերջին ԱՄՆ-ն խիստ քննադատության կենթարկի Իրաքի հերթական զեկույցը եւ առանց ՄԱԿ-ի որոշման կսկսի պատերազմական գործողությունները։ Հետաքրքիր է, որ Գերմանիան, որն առաջ խոստանում էր ամենայն աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի ռազմական գործողություններին, վերջին օրերին նորից հայտարարեց, թե ճիշտ է համարում Իրաքի խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով եւ հնարավորություն չունի ֆինանսական միջոցներ տրամադրել սպասվող պատերազմի համար։ Բայց իհարկե բացառված չէ, որ ԱՄՆ-ի ճնշման տակ գերմանացիները հերթական անգամ կփոխեն իրենց դիրքորոշումը։ Ամենաէականը այս հարցում անգամ Իրաքի խնդիրը չէ ինքնին։ (Չնայած նրան, որ պատերազմը իհարկե ահռելի աղետ կբերի Իրաքի ժողովրդի գլխին)։ Կընդունի՞ վերջնականապես աշխարհը 21-րդ դարում «ուժի քաղաքականությունը»։ Եթե ԱՄՆ-ին թույլատրվում է առանց լուրջ պատճառաբանության, զուտ կոնյունկտուրային շահերից ելնելով պատերազմ հրահրել մի ամբողջ երկրի ժողովրդի դեմ՝ ուրեմն թույլատրվում է ամեն ինչ (քանզի նա ամենաուժեղն է)։ Թվում է, որ այս տրամաբանությունը լուրջ մտահոգում է Ռուսաստանին, Չինաստանին, Եվրոպայի ազդեցիկ երկրներին եւ որ նրանք դեռ չեն ասել իրենց վերջին խոսքը սույն խնդրի վերաբերյալ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ