Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՉ ՄԵԿԻ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՉ ՄԵԿԻ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ «Ամեն ինչի հետ կարողանում եմ հաշտվել, բացի մի բանից. ինձ թվում է, թե գաղութում եմ, ազատություն եմ ուզում: Նեղվում եմ, երբ դրսում ասում են. «էս էն գաղութի էրեխեքից է»,- ասում է 18-ամյա Գ-ն: Ազատության ձգտումը միավորում է Վարդաշենի կրթահամալիրի բոլոր երեխաներին: Երազում են ազատ լինել, ամեն օր փախչելու միջոցներ են որոնում: Չեն դիմանում պատերի ներսում: Իրենց միայնակ, լքված են զգում: Սառած աչքերով նայում են լուսամուտից դուրս, լցվում նախանձով ու վրեժխնդրությամբ: «Ինչի՞ պիտի իմ տարիքի էրեխեքը ազատ լինեն, իսկ ես՝ ոչ: Ախր փոքր էլ չեմ»,- շարունակում է Գ-ն: Մարդիկ այս հաստատության երեխաներին համարում են հանցագործ, վտանգավոր, անբարո: «Վարդաշենի երեխաները հիմնականում միակողմանի ծնողազուրկ, դատապարտված, ամուսնալուծված, մի քանի անգամ ամուսնացած ծնողների երեխաներ են: Գուցե հենց դրանից է, որ դրսում նման կարծիք ունեն նրանց մասին»,- ասում է կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը: Վարդաշենի հատուկ կրթահամալիրը 43 տարվա պատմություն ունի: Սկզբում 14-18 տարեկան տղաների համար նախատեսված հատուկ ուսումնարան էր, ուր ուղարկվում էին փոքր զանցանքներ գործած տղաները: Կրթահամալիրում գտնվելը չէր համարվում ազատազրկում, բայց շատերի գիտակցության մեջ այն մտել է որպես «գաղութ», իսկ այնտեղ անցկացված ժամանակն էլ որակել են «ռեժիմի տարիներ»: 1996թ. ուսումնարանը դարձել է հանրապետական հատուկ կրթահամալիր: Մեր առաջին այցելությունների ժամանակ կրթահամալիրի սաները քչախոս էին: Երկամսյա հանդիպումներից հետո նրանք ավելի շփվող դարձան: Սաների պատմելով` իրենց հաճախ են ծեծում: Դաստիարակի գոռգոռոցը, հրմշտոցն ու ապտակը սովորական բան են: Պատմում են, թե ինչպես դաստիարակներից մեկը 10-12 տարեկան աղջկա գլուխը խփել է պահարանին: «Կրթահամալիրում երեխաներին այլեւս չեն ծեծում: Բայց պատահում են դեպքեր, երբ դաստիարակներն, ափերից դուրս գալով, ապտակում են: Նրանց էլ մեղադրելու չէ, հազար ու մի հոգս ունեն: Չհաշվենք, որ շատ երեխաներ ամեն չափ ու սահման անցնում են»,- ասում է Լարիսա Սարգսյանը: Կրթահամալիրի կանոնադրությամբ՝ հաստատությունը վարքի շեղում ունեցող անչափահասների համար է: Բայց տնօրենը կարծում է, որ կրթահամալիրը ոչ թե վարքի շեղում ունեցող, այլ դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար է: Վերջերս, սակայն, Գյումրիից կրթահամալիր էին ուղարկել պայմանական ազատության մեջ գտնվող մի տղայի: Եվ նման դեպքը եզակի չէ: «Բժիշկներ առանց սահմանի»-ն Վարդաշենում 1997 թվականից կրթահամալիրը համագործակցում է ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» (ԲԱՍ) կազմակերպության հետ: Լ.Սարգսյանի ասելով՝ սկզբնական շրջանում ԲԱՍ-ը ձգտում էր ոչ թե բարելավել, այլ փակել հաստատությունը: Բայց կազմակերպության հետագա նորամուծությունների շնորհիվ հաստատությունը դարձավ ավելի բաց: Կրթահամալիրում ստեղծվեցին հոգեբանական, բժշկական, սոցիալական, իրավաբանական ծառայություններ: Սոցաշխատողները փորձում են պարզել երեխաների ընտանեկան վիճակը: Հանդիպում են ծնողներին, համոզում հնարավորության դեպքում հետ տանել երեխաներին: «Մենք բացատրում ենք ծնողներին, թե ինչ իրավիճակում են իրենց երեխաները, ինչպես վարվեն, որ ճիշտ լինի»,- ասում է ԲԱՍ-ի սոցաշխատող Ռիմա Հարությունյանը: ԲԱՍ-ի ու կրթահամալիրի սոցաշխատողների հետ մեկնեցինք Գյումրի՝ հանդիպելու մի քանի ընտանիքների: Ծնողներին կամ խնամակալներին դնում էին երկընտրանքի առջեւ. երեխային կամ ձեզ մոտ պահեք, կամ պիտի ենթարկվի կրթահամալիրի կարգ ու կանոնին: ԲԱՍ-ի աշխատակիցները մեզ թույլ չտվեցին մասնակցել հաջորդ այցելություններին: Իրավաբանական ծառայությունը մասամբ է գործում: Հիմնականում չեն պաշտպանվում երեխաների գույքային իրավունքները: «Ես ինչպե՞ս կարող եմ ծնողին պարտադրել, որ վաճառի տունն ու բաժին տա իր երեխային: Մանավանդ, երբ այդ ընտանիքները ծանր պայմաններում են ապրում»,- ասում է ԲԱՍ-ի իրավաբան Աշոտ Հակոբյանը: Այս ծառայության շնորհիվ դատարանը երբեմն մեղմում է դատապարտված երեխաների վճիռը: Վերջերս գողության համար ձերբակալել էին կրթահամալիրի աղջիկներից մեկին: ԲԱՍ-ի իրավաբանի ջանքերով նրան 2 տարվա փոխարեն ազատազրկեցին մի քանի ամսով: Ըստ Ա. Հակոբյանի, վերջին մի քանի տարիների ընթացքում կրթահամալիրում բռնաբարության դեպք չի եղել (տնօրենի ասելով՝ բռնաբարության երկու դեպք է եղել 1998-99թթ): Սակայն Էրեբունի համայնքի դատախազության մի աշխատակցից տեղեկացանք, որ բռնաբարության դեպքեր եղել են նաեւ վերջին 2 տարիներին: Նման հաստատություններում հաճախ են վարակներ տարածվում: Ըստ տնօրենի՝ տարիներ առաջ հիվանդություններն ավելի հաճախակի էին, հիմնականում երեխաների անձնական հիգիենիկ պարագաների բացակայության պատճառով: ԲԱՍ-ի բժիշկ Գեղամ Կեդիկյանի հավաստմամբ՝ այսօր կրթահամալիրում սեռական հիվանդություններով վարակված երեխաներ չկան, իսկ պարբերական ստուգումներ չեն անցկացվում: «Փորձում ենք հարգել մարդու իրավունքները. ստուգումներ ենք անում իրենց կամքով: Անգամ անչափահասները սեռական կյանքի իրավունք ունեն: Մենք կարող ենք միայն խորհուրդ տալ»,- ասում է Գ.Կեդիկյանը: Սովորաբար ստուգվում են այն երեխաները, որոնք փախչում են կրթահամալիրից: Դրսում նրանք հաճախ են սեռական հարաբերություններ ունենում եւ սեռական վարակների հավանականությունը մեծանում է: Հաստատության շատ երեխաներ տառապում են գիշերամիզությամբ: Նրանց մեծ մասն այդ հիվանդությունը ձեռք է բերել կրթահամալիրում: Բժշկի ասելով՝ այս երեխաներն ունեն ֆունկցիոնալ խանգարումներ: Ավելի հավանական է, սակայն, որ ծեծը կամ վախն են պատճառ հանդիսացել: «Երբ եկանք, Վարդաշենում հիվանդ մթնոլորտ էր տիրում: Հարկավոր էր աշխատել անգամ աշխատակազմի հետ: Կարծում եմ՝ այսօր զգալի առաջընթաց կա»,- ասում է ԲԱՍ-ի հոգեբան Հասմիկ Հակոբջանյանը: Ոչ մեկի չեմ վստահում Վարդաշենի կրթահամալիրում գրեթե բոլոր երեխաները հոգեկան անկայուն վիճակում են: Աննշան դժվարությունն անգամ նրանց կյանքի վերջ է թվում: Երբեմն փորձում են ինքնասպան լինել՝ վնասելով երակները: «Այս երեխաները չեն ուզում սպանել իրենց: Նրանց հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը գրավելն է»,- ասում է հոգեբան Հասմիկ Հակոբջանյանը: Օրը սկսվում է սովորականի պես: Ամեն մեկն արթնանում է իր հոգսերով: Մեկը մտածում է, թե ինչ է ուտելու նախաճաշին, մյուսը` հիշում ծնողներին, կարոտում, մեկ ուրիշը` պլանավորում փախուստը: Դժկամորեն են գնում դասի: Ձանձրացած գալիս են դպրոցից, փորձում որեւէ կերպ հետաքրքիր դարձնել իրենց առօրյան: Հաճախում են տարբեր խմբակներ, պարբերաբար էքսկուրսիաների գնում: Հաճախ են լինում հոգեբանի սենյակում: Խոսում են իրենց խնդիրներից՝ հուսալով, որ կօգնեն: «Ինչի՞ պիտի ամեն առավոտ ծնողներիս փոխարեն ուրիշներին բարեւեմ, ինչի՞ եմ ապրում ճաղերի հետեւում, ինչի՞ պիտի տեղի-անտեղի կռվեմ քրոջս հետ». սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար թե կարողանա որեւէ մեկը տալ: Ոմանք որոշ ժամանակ լուռ նստում են կամ էլ խզբզում ինչ-որ պատկեր ու հեռանում: Բոլորը չէ, որ վստահում են հոգեբաններին: Կան երեխաներ, որ այլեւս չեն գնում հոգեբանի սենյակ: «Ես գիտեմ, որ ինչ պատմում եմ հոգեբանիս, տնօրենը իմանում է: Էլ ոչ մեկին չեմ հավատում, չեմ վստահում: Ոչինչ չեմ պատմում»,- ասում է Դ.-ն: Երեխաներից մի քանիսը պատռել են իրենց օրագրերը: «Օրագիր ինչի՞ պահեմ, անտեղի փորձանք է: Կվերցնեն, կկարդան: Մեր դաստիարակներից մեկն էլ էր ասում, որ չպահեմ»,- ասում է Գ-ն: Ազատության ձգտումը միավորում է անգամ իրարից խռով երեխաներին: Հավաքվում են, որոշում, թե ինչպես պիտի փախչեն: Պահակին եւ դաստիարակին խաբում են, դուրս պրծնում շենքից: Հաճախ փախչում են գիշերը: Սավանները կապում են, պատուհանից իջնում ցած: Թափառում են փողոցներում, այգիներում, գիշերում որտեղ պատահի: Աղջիկները սովորաբար նոր ծանոթություններ են ձեռք բերում, որոնք հաճախ դառնում են ճակատագրական: Այս երեխաները սեռական հարաբերություններ են ունենում դրսի իրենց ընկերների հետ: Նման հարաբերությունները սկզբում սովորույթ են դառնում, հետո՝ պահանջ, հետեւաբար փախուստն էլ՝ անհրաժեշտություն: Տնօրենի ասելով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում անչափահասների հղիության ընդհատման 2 դեպք է եղել: Ավելի հաճախ փախչում են տղաները. նրանց հիմնական զբաղմունքը մանր-մունր գողություններն են: Սեռական հարաբերութուններ են ունենում էժանագին մարմնավաճառների հետ: Ազատության մեջ երեխաները դառնում են սեռական հիվանդությունների պոտենցիալ վարակակիրներ: Ըստ տնօրենի` խոշոր գողություններ չեն լինում: Վերջերս, սակայն, աղջիկներից մեկը փախել էր ու բավական մեծ գումար գողացել տնից: Չունենալով հիմնական ապաստան՝ որոշ ժամանակ անց (մի քանի օրից մինչեւ 1 տարի) փախչողները վերադառնում են Վարդաշեն: Երեխաներին կրթահամալիր հետ են բերում նաեւ ոստիկանության միջոցով: Փախուստի մեջ գտնվողները երբեմն հայտնվում են դատարաններում: Մի քանի ամիս առաջ կրթահամալիրի աղջիկներից մեկին ազատազրկեցին՝ գողության մասնակից լինելու մեղադրանքով: Կրթահամալիրում պատժամիջոցներից մեկն էլ ծեծն է: Փախուստի համար պատժվում են՝ զրկվելով միջոցառումներից, էքսկուրսիաներից: Նրանց ճակատագիրը «Մի քանի օր ա՝ մամայիս եմ տեսնում երազիս, շատ եմ կարոտել, երեւի դրանից է: Չնայած` գոնե սենց եմ կարոտս առնում»,- ասում է Մ.-ն: Նա երկու տարի է՝ քրոջ հետ ապրում է Վարդաշենի կրթահամալիրում (Մ.-ն 17 տարեկան է, քույրը՝ 15): Փոքր են եղել, երբ նրանց հորն ազատազրկել են: Մայրը երեխաներին թողել է ամուսնու ծնողների մոտ ու նոր ընտանիք կազմել: Հայրն էլ, դուրս գալով բանտից, մեկնել է Ռուսաստան: Երեխաներին մեծացրել են տատն ու պապը: Այլեւս չկարողանալով հոգալ թոռների կարիքները, լինելով ծայրահեղ աղքատության մեջ` ուղարկել են կրթահամալիր: «Էլ չէի կարող պահել նրանց, մեծացել էին, արդեն չէին ենթարկվում: Ասացի՝ այնպիսի տեղ ուղարկեմ, որ ապահով լինի, իմանամ, որ հսկողության, խնամքի տակ են, օտար տղաների հետ չեն շփվի, սոված չեն մնա»,- ասում է երեխաների տատը: Այսօր երեխաները Վարդաշենի կրթահամալիրում են: Ինչ-որ չափով հոգում են նրանց կարիքները, սոված չեն: Բայց դժվար է ասել, թե հսկողության տակ են: Գրեթե ամեն շաբաթ փախչում են, հանդիպում իրենց փողոցի ընկերներին, գիշերում տարբեր տղաների հետ: Անգամ երբ կրթահամալիրի սոցաշխատողները նրանց տանում են տուն, կրկին փախչում են: Բայց միայն այս քույրերը չեն, որ նման կյանքով են ապրում: Կրթահամալիրում դժվար թե գտնվի մի երեխա, ով չի փախչել հաստատությունից ու չի գիշերել դրսում: Աղջիկներից ոմանք դառնում են մարմնավաճառներ: Նրանցից մեկը, օրինակ, մարմնավաճառ է դարձել փախուստից հետո: Երեխաները պատմում են, որ հաստատությունում կա մի աղջիկ, որին մայրն է ստիպողաբար մարմնավաճառ դարձրել. դստեր համար հագուստ, տարբեր պարագաներ է բերում, հետո էլ ստիպում «վարձահատույց լինել» օտար տղամարդկանց: Կան աղջիկներ, որոնց կյանքը փոխվել է հենց ընտանիքում: Բռնաբարվել են, ծեծվել, անտեսվել ու ինքնաբերաբար մեկուսացել հասարակությունից: Լ-ն ապրել է Երեւանում՝ եղբոր հետ: «Տնից գնացի, որովհետեւ վատ էր վարվում հետս»,- ասում է նա: Նրա ընկերուհիները պատմում են, որ եղբայրը բռնաբարել է Լ.-ին, եւ դրա համար էլ վերջինս հեռացել է տնից: Սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Հետո եկել է Վարդաշեն: Որոշ ժամանակ անց փախել է նաեւ այստեղից, շարունակել իր գործը: Վերադարձել է կրթահամալիր մեկ տարի հետո միայն: Գ.-ն 18 տարեկան է: Մոր մահից հետո Գ.-ի հաշմանդամ հայրը նորից ամուսնացել է: Խորթ մայրը խաղացել է իր «ավանդական» դերը հոր եւ երեխաների հարբերություններում: Տարբեր պատմություններ է «սարքել», որոնց պատճառով հայրը պարբերաբար ծեծել է երեխաներին: Սոցիոլոգներից մեկը պատմում է, որ Գ.-ն մորեղբոր կնոջ հետ շատ է թափառել փողոցներում եւ չի բացառվում, որ զբաղվել է մարմնավաճառությամբ: Այլեւս չուզենալով ապրել հոր ու խորթ մոր հետ՝ գնացել է Վարդաշենի կրթահամալիր: «Անկախ ամեն ինչից, պապայիս շատ եմ սիրում, նույնիսկ իրա ծեծն եմ կարոտել: Բայց չեմ էլ ուզում տուն գնալ: Վախենում եմ, որ նորից կծեծի: Չէ՛, ես չեմ կարա ապրեմ նոր մամայի հետ»,- ասում է Գ.-ն: Հիմա Գ.-ն ապրում է Մասիսի հանրակացարաններից մեկում (քանի որ չափահաս է, չէր կարող մնալ կրթահամալիրում): Աշխատում է, փորձում հարմարվել ինքնուրույն կյանքին: ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՆԻ ԴՈՒԶԲԱՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել