Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ՝ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

Դեկտեմբեր 26,2002 00:00

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ՝ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ «Քրեական օրենսգիրքը» կքվեարկվի այսօր. ցավոք, մեր ընթերցողին չենք կարող ներկայացնել արդյունքները, քանի որ այսօրվանից մեզ համար Ծննդյան տոները սկսված են։ «Հոկտեմբերի 27» տեսած այս խորհրդարանն անցնող տարվա իր վերջին արտահերթ նստաշրջանում պարզապես ստիպված եղավ քննարկել մահապատժի հարցը «Քրեական օրենսգրքի» քննարկումների համատեքստում։ Ու այլեւս ամենեւին էլ տարօրինակ չէ, որ քննարկումներին մասնակցեցին, ըստ էության, միայն կոմունիստները, Դաշնակցությունը, Վիկտոր Դալլաքյանը, Տիգրան Թորոսյանն ու էլի մեկ-երկու պատգամավոր։ Տարօրինակ չէ նաեւ կառավարության ժեստը՝ Օրենսգիրքն ընդունել որոշ հանցագործությունների մասով հայտնի վերապահումներով։ Կառավարությունը շատ լավ հասկանում է, որ հայտնի 6-րդ արձանագրության վավերացումից հետո որեւէ վերապահում դառնում է զրոյական արժեքի։ Ուրեմն ինչի՞ համար է այս ամբողջ շոուն։ Մանավանդ, այս խորհրդարանն, անշուշտ, վերացնելու է մահապատիժը, այդպիսով հերթական անգամ ուրանալով «Հոկտեմբերի 27»-ը։ Իսկ մինչ այդ ելույթներ եղան։ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը հետեւյալն էր. «Ես հայտարարում եմ, որ եթե համապատասխան ձեւակերպումներ չգտնվեն եւ «Հոկտեմբերի 27»-ի հանցագործները չենթարկվեն մահապատժի, եթե կառավարությունը չհամաձայնի, որպեսզի համապատասխան նախագծի 2-րդ եւ 3-րդ ընթերցումները հետաձգվեն, ապա ես կհրաժարվեմ «Քրեական օրենսգրքի» համահեղինակ լինելու իրավունքից եւ նախագծերի քվեարկությանը չեմ մասնակցի»։ Իսկ առաջարկությունները հետեւյալն էին. մինչեւ 2003 թ. հունիսը ԵԽ-ի կողմից ժամկետ է տրված, եւ կարելի է «Քր. օրենսգիրքը» գործողության մեջ դնել, ասենք, 2003 թվականի հոկտեմբերի 1-ից։ Միտքը հետեւյալն է՝ որոշումը թողնել նոր խորհրդարանին. «այսինքն, ես ուզում եմ հարցը տեղափոխել նաեւ քաղաքական հարթություն եւ, կարծում եմ, որ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված այս խորհրդարանը որոշումներ ընդունելու որոշակի կոմպլեքսներ ունի, որը շատ հասկանալի է»։ Պրն Դալլաքյանի հաջորդ սկզբունքային առաջարկությունը հետեւյալն էր. «Երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում սահմանված են պատժի տեսակները (հոդված 49) եւ դրանք ավարտվում են ցմահ ազատազրկմամբ։ Կարող է լինել այսպիսի մոտեցում՝ ավելացվի 11-րդ կետը՝ մահապատիժ։ Մահապատիժը կնախատեսվի մեկ դեպքի համար. պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով, պատժվում է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման կամ (կարելի է ավելացնել)՝ մահապատժով»։ Վ. Դալլաքյանը չզլացավ հիշեցնել, որ «այս դահլիճում է տեղի ունեցել այդ ոճրագործությունը, ընդ որում՝ բոլորը պետք է հասկանան, որ դա կազմակերպված եւ պլանավորված պետական հեղաշրջման փորձ էր»։ Շավարշ Քոչարյանն իր հերթին ասաց, որ կա չորս տարբերակ. 1) անվերապահորեն վերացնել մահապատիժը, 2) պահպանել մահապատիժը, 3) ձեւ ենք անում, որ մահապատիժը պահպանում ենք, գիտակցելով, որ 6-րդ արձանագրությունը վավերացնելու դեպքում մահապատիժը վերացվում է, 4) խորամանկ քայլ՝ հավատարիմ մնալ պարտավորություններին, գտնելով մի տարբերակ, որը թույլ է տալիս իրականացնել մահապատիժը։ Շ. Քոչարյանին հետաքրքիր էր, թե Վ. Դալլաքյանն այս չորս տարբերակներից որի՞ն է կողմ։ Վ. Դալլաքյանը կողմ էր հետեւյալին. «եթե 6-րդ արձանագրության վավերացման հետ կապված նշվել է հունիս ամիսը, հետեւաբար՝ եվրոպական համապատասխան կառույցները նկատի են ունեցել, որ մայիսին ԱԺ կգան նոր ուժեր՝ խնդիրը լուծելու համար»։ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը նկատեց. «ինչո՞ւ չեք ուզում «Քրեական օրենսգրքի» մեջ գրվի մահապատիժը, հունիսից հետո փոփոխություն կանեք ու կհանեք այդ բառը, ինչո՞ւ չեք ուզում։ Օրական հարյուրավոր փոփոխություններ են կատարվում այստեղ, կառավարությունը տասնյակ փոփոխություններ է առաջարկում տարվա վերջին։ Եկել եք այստեղ մարդասեր եք հանդես գալիս։ Կուսակցական խաղ չկա այստեղ։ Ես համաձայն եմ՝ կա երկու մոտեցում. կամ լինում է մահապատիժ, կամ չի լինում։ Ես ինքս դեմ եմ մահապատժի վերացմանը։ «Քրեական օրենսգրքի» ընդհանուր մասում մահապատիժը որպես պատժի ձեւ մենք պետք է փաստենք, սրա մասին է խոսքը։ Ես չեմ սպասի մինչեւ 3-րդ ընթերցում եւ դիմում եմ, համարեք գրավոր դիմում, որպես համահեղինակ խնդրում եմ՝ իմ անունը հանեք «Քրեական օրենսգրքի» հեղինակների ցանկից»։ Գրիգոր Հարությունյանը նկատեց, որ այս քննարկումները հասնում են այնտեղ, որտեղ պետք է. «եւ ինչքան այստեղ մենք դեպի Եվրոպա ենք ձգտում, այնքան այնտեղ ավելի ու ավելի են լկտիանում»։ Թերեւս ընթերցողի համար խիստ հասկանալի է, թե ով որտեղ եւ ինչու է լկտիանում, եւ մեկնաբանություններն այլեւս ավելորդ են։ Խումբ-խմբակցություններից քննարկումներին մասնակցեցին միայն ՀԿԿ եւ ՀՅԴ խմբակցությունները։ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ԵԽ-ն չի սիրում իր սկզբունքները փոխել «այս կամ այն անդամն իր մեջ ընդունելուց հետո։ Մենք մտել ենք մեծ ընտանիք եւ այնտեղ փաթաթել մեր կանոնները, մեր օրենքները՝ աբսուրդ է։ Ուրեմն կամ պիտի մտնենք, կամ չպիտի մտնենք։ Մենք ինքներս ենք ուզել եւ ճի՛շտ ենք արել»։ Մոլորված ընթերցողին բացատրենք, որ խոսքը ԵԽ-ին Հայաստանի անդամակցության եւ ստանձնած պարտավորությունների կատարման մասին է։ ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց, որ մահապատժի հարցն իսկապես քաղաքական է, եւ «աբսուրդ է մտածել, թե ինչ-որ հնարքներով, ինչ-որ կեցվածքով իրավաբանորեն մենք կարող ենք հիմնավորել դա»։ Մահապատժի պահպանումը մեզ եվրոպական արժեքային համակարգից ետ կմղի։ Համենայնդեպս, այդպես հասկացվեց պրն Ռուստամյանի խոսքից։ Նա նաեւ զգուշացրեց. «այն մարտահրավերները, որ երկրի առաջ կանգնած են, կմնան, դրանք մնալու են եւ էլ ավելի ուժեղանալու են։ ԼՂՀ հարցը դեռ լուծված չէ, այդ հարցը մեծ մասով տեղափոխվել է ԵԽ, մենք այնտեղ լինելով՝ զգում ենք այդ ճնշումը, մենք տեսնում ենք՝ ինչպես թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ամեն մի առիթ օգտագործում են Հայաստանին թուլացնելու, որպեսզի լուծեն հենց այդ քաղաքական հարցը»։ Նիստը վարող եւ նախագահության միակ ներկայացուցիչ Տիգրան Թորոսյանն ինքն իրենից ձայն վերցնելով նկատեց. «Ես կարծում եմ, մեր երկիրն ապրում է եւ ապրելու է ոչ թե ի հեճուկս մեկին կամ մյուսին, այլ հանուն մեր երկրի ապագայի, այնպես որ, մեզ համար որպես պատգամավորներ՝ վիրավորական է որեւէ հարց քննարկելիս որոշել, թե սա ինչքան հաճույք կամ տհաճություն կպատճառի Ադրբեջանին կամ Թուրքիային»։ Մահապատժի մասով պրն Թորոսյանը նկատեց, որ հարցերին պետք է հանգիստ վերաբերվել, «հանգիստ ու կշռադատված գնալ ճանապարհով»։ Իսկ 6-րդ արձանագրության հետաձգման մեջ որեւէ արտառոց բան չկա՝ պարզապես նախ պետք է ընդունվեր «Քրեական օրենսգիրքը», իսկ խորհրդարանի ընտրությունները եվրոպացիների համար ոչ մի նշանակություն չունեն. «իրենք միշտ էլ պնդել են, որ մահապատժի նկատմամբ ունեն հստակ եւ սկզբունքային դիրքորոշում, եւ շատ սխալվում էին մեր այն գործընկերները, որոնք փորձում էին «Հոկտեմբերի 27»-ի մասին անվերջ խոսելով, ինչ-ինչ (իրենց կարծիքով՝ համոզիչ) փաստարկներ բերելով՝ ծռել այդ ճանապարհը։ Դա հնարավոր չէ»։ Տիգրան Թորոսյանը նկատեց, որ ԵԽ-ին տրված խոստումները չկատարելու հետեւանքները կարող են բավականին կոշտ լինել։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը նկատեց. «Մենք խնդրին պետք է մոտենանք իրավաբանական առումով, թե այսօր մի շարք հանցագործություններ, այդ թվում նաեւ «27»-ի ոճրագործությունը, ինչպիսի հասարակական վտանգ են ներկայացնում»։ Խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք դեմ են մահապատժի վերացմանը՝ «Եվրոպան մեզ կհասկանա-չի հասկանա, իրենց գործն է, մենք մեր սեփական դեմքը չպետք է կորցնենք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Իսկ ընդհանրապես շնորհավորում ենք բոլոր պատգամավորների Նոր տարին, առավել եւս, որ դա կարող է լինել նրանց վերջին տարին… խորհրդարանում, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք նաեւ լրագրողներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել