ՀՖՖ-Ն՝ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ Երեկ տեղի ունեցավ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միության» հիմնադիր համաժողովը: Վաղուց հասունացել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգավիճակը փոխելու խնդիրը, որը ժամանակի պահանջ է: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի այժմ արդեն նախկին ֆեդերացիան ֆիզիկական անձանց հասարակական կազմակերպություն էր: Եվ եթե այն ժամանակ ֆեդերացիայի անդամ կարող էր դառնալ որեւէ անձ, ապա հիմա ֆեդերացիան միայն հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբների եւ ֆուտբոլի զարգացմանը նպաստող ոչ առեւտրային այլ կազմակերպությունների միություն է: Նոր կարգավիճակով ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամներ են դարձել 14 հասարակական կազմակերպություններ՝ Հայաստանի ֆուտբոլի նախկին ֆեդերացիան, «Փյունիկ», «Զվարթնոց», «Դինամո-2000», «Լեռնագործ», «Լոռի», «Լոկոմոտիվ», «Արմավիր», «Գանձասար» ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլի «Հայք» եւ «Գուգարք» ակումբները, Ֆուրման Աբրահամյանի ֆուտբոլի դպրոցը, Ֆուտբոլասերների ակումբը, Կանանց ֆուտբոլի ասոցիացիան: Ըստ նոր կանոնադրության, ֆեդերացիայի յուրաքանչյուր հիմնադիր անդամ իրավունք ունի ներկայացնելու համաժողովի 3 պատգամավոր: Համաժողովի կարեւոր, առաջնային հարցը նոր կարգավիճակով ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: Ռուբեն Հայրապետյանը միաձայն (38 կողմ) ընտրվեց «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա իրավաբանական անձանց միության» առաջին նախագահ: Հաջորդ հարցը վերաբերում էր նոր ֆեդերացիայի գործկոմի կազմի ընտրությանը, որն, ըստ առաջարկի, պետք է բաղկացած լինի 16 հոգուց: Գործելու է իրավական 5 կոմիտե՝ կարգապահական, խաղացողների կարգավիճակի, բողոքարկման, մրցավարական եւ տեսչական: Համաժողովից հետո ՀՖՖ մամուլի ծառայությունը մարզական լրագրողների համար մամուլի ասուլիս կազմակերպեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Նախ ներկայացվեցին համաժողովում արծարծված հարցերը, ապա Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: – Ինչո՞վ է պայմանավորված ֆեդերացիայի կարգավիճակը փոխելը: – Դա ոչ թե մեր ցանկությունն էր, այլ ՈւԵՖԱ-ի պարտադիր պահանջը: Իմ կարծիքով՝ դա ավելի կնպաստի մեր ֆուտբոլի զարգացմանը: – Գործկոմը բաղկացած է զույգ թվով անդամներից: Եթե որեւէ հարցի քննարկման ժամանակ ձայները հավասար լինեն, այդ դեպքում ինչպե՞ս է լինելու: – Այդ դեպքում, ըստ կանոնադրության, նախագահի ձայնը վճռորոշ է լինելու: – Մեր ֆեդերացիան միշտ խեղճ է եղել ֆինանսական առումով: – Մեր ֆեդերացիան այդքան էլ խեղճ չէր: Պարզապես պետք է եղել՝ այդպես են ներկայացրել: Ես տեսնում եմ, որ մեր ֆեդերացիան կարող է նաեւ հարուստ լինել, եւ պետք չէ այդպես լացել: – Այդ դեպքում ֆեդերացիայի տարեկան ֆինանսական շրջապտույտն ինչքա՞ն է: – Ես մոտ ժամանակներս պաշտոնապես կհրապարակեմ այդ տվյալները, չնայած մինչեւ հիմա դա միշտ գաղտնի են պահել: Ես դեռեւս անցյալ իմ ընտրությանը խոստացել եմ, որ ֆինանսական բոլոր տվյալները հրապարակելու եմ: Ես կհրապարակեմ, ու դուք կտեսնեք, որ ֆեդերացիան բավականին գումարներ է ունեցել եւ կունենա: Ինձ թվում է, մեր ֆուտբոլի զարգացման համար այդ գումարները կբավարարեն: Այնպես չէ, որ լացենք, թե փող չունենք: Ուղղակի չպետք է գողանալ ֆուտբոլից: ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն չկարծեք, թե անմիջական գումարներ են տալիս ազգային ֆեդերացիային՝ ծախսելու համար: Այդ գումարները հատկացվում են միայն կոնկրետ ծրագրերի համար: Երբ ասում եմ՝ գումար են տալիս, նշանակում է, որ ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն ծրագիր են պահանջում՝ գումար հատկացնելու համար: Ընդ որում, հիմա մենք ֆուտբոլի զարգացման 3 ծրագիր ենք ներկայացրել՝ կապված մանկապատանեկան մարզադպրոցներ ստեղծելու հետ: ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն գումարները տալիս են ոչ թե մեզ, այլ այն շինարարական կազմակերպություններին, որոնք շահել են տենդերը, որոնք իրականացնում են աշխատանքները: Դա նույնիսկ շատ լավ է, երբ կոնկրետ գումար չի գալիս ֆեդերացիա: Ավելի լավ է, որ ինչ-որ բան կառուցվի: – Ֆեդերացիան ի՞նչ ծրագրեր ունի նյութական միջոցներ աշխատելու համար: – Առաջինն այն է, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆուտբոլի մասին օրենք ընդունվի: Այդ դեպքում որեւէ կազմակերպության ֆուտբոլի հետ կապված գործունեությունից ֆեդերացիան իր մասնաբաժինը կունենա: Դա վերաբերում է հեռուստահաղորդումների իրավունքներին, գովազդներին, ֆուտբոլային տոտալիզատորներին, լոտոներին եւ այլն: Ֆուտբոլային զարգացած երկրներում եկամուտների հիմնական աղբյուրները հենց դրանք են: – Հույս կա՞, որ պետությունը վերջապես կշրջվի դեպի ֆուտբոլը: – Պետությունն արդեն մասնակի մեզ օգնում է: Ցանկացած հարցով, երբ դիմում ենք կառավարությանը, արդեն մեզ ընդառաջում են: Մինչեւ հիմա, համենայն դեպս, իմ նախագահ լինելու ժամանակաընթացքում «չէ» չեմ լսել: Ինչ հարցով դիմում ենք, եթե պետությունն ի վիճակի է, միանգամից ընդառաջում է: – Իսկ Օլիմպիական կոմիտեի եւ սպ որտի նախարարության հետ համագործակցո՞ւմ եք: – Ես նրանց հետ էլ որեւէ խնդիր չունեմ: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ