Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թոք-շոու» կամ դասղեկի ժամ

Դեկտեմբեր 25,2002 00:00

«Թոք-շոու» կամ դասղեկի ժամ «ԱԼՄ» հեռուստատեսությամբ տրվող հերթական «թոք-շոուն» առնչվում էր աղետի գոտու խնդիրներին։ Իրականում, սակայն, հաղորդումը (ինչպես այդ հեռուստատեսությամբ տրվող «այլընտրանքային» որոշ հաղորդումներ) երկրի իշխանությունների օգտին ակնհայտ քարոզչության նպատակ էր հետապնդում։ «Թոք-շոուն» դիտող ՀՀ ցանկացած քաղաքացի, որ առաջադեմ ու ազատական գաղափարների կրող է, պարզապես կարող էր զարմանք ապրել, թե «ժողովրդավարության ուղին բռնած» (համենայնդեպս, երկրի իշխանություններն այդպես են հավատացնում Եվրախորհրդում) երկրում ինչպե՞ս կարելի է անհանդուրժողականության նմանատիպ ցայտուն ու անթաքույց դրսեւորումներ ցուցաբերել հասարակության «ընդդիմադիր» կոչումը նվաճած շերտերի ելույթների նկատմամբ (այն ելույթների, որոնցում կյանքը պատկերվում է իրական գույներով, առանց վարդագույն ակնոցների)։ Այն բանից հետո, երբ ընդդիմադիր մի կուսակցության ներկայացուցիչ մտադրություն հայտնեց, որ Գյումրի այցելած ժամանակ մարդկանց երեսին ժպիտ չի տեսել (նկատի ուներ ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, հաղորդման խմբագիրը տեղնուտեղը պոռթկաց, թե «դուք Գյումրիում ե՞րբ եք եղել վերջին անգամ… քանի՞ ժամ եք մնացել… բոլորի՞ն եք տեսել, թե՞ մի մասին… նախագահից առա՞ջ եք գնացել, թե՞ հետո»։ Երբ ներկայացվող հարցերը (կամ ոմանց «պահվածքը») հաղորդման խմբագրի սրտից չէին բխում, երբ դրանց մեջ լավատեսական նոտաներ չէին հնչում, խմբագիրն ակնհայտ դժգոհ կեցվածք էր ընդունում եւ դասղեկի նման նույնիսկ սպառնում, թե… տաղավարից դուրս կհրավիրի։ «Ձեզ նորմալ պահեք»,- նույնիսկ այսպիսի դիտողություն արվեց ինչ-որ մեկին (մի՞թե այդտեղ կարող էին լինել մարդիկ, որոնք «կարգի հրավիրվելու» անհրաժեշտություն ունեին եւ, առհասարակ, հետաքրքիր է, թե ի՞նչ սկզբունքով է կազմակերպվում մասնակիցների ընտրությունը)։ Լոռու մարզից, օրինակ, որքան նկատեցինք, ընտրվել էր հիմնականում իշխանական համակարգում աշխատող մի պատկառելի խումբ։ Ներկաների մի մասն այդտեղ էր գտնվում ոչ այնքան երկրի նախագահին, որքան Լոռու մարզպետին փառաբանելու նպատակով։ Մի մտավորականի ելույթից էլ պարզվեց, որ երկրի նախագահը 14 տարի է պաշտոնավարում է, քանի որ նշեց, թե Վանաձորում 14 տարի առաջ դպրոցները տնակներում էին, հիմա դուրս են եկել տնակներից եւ դա «նախագահի ու իշխանությունների շնորհիվ է» (այն դեպքում, երբ դպրոցների մի մասն ավելի վաղ՝ մինչեւ 1998 թիվն է դուրս եկել տնակներից)։ Ամեն ինչից ակնհայտ զգացվում էր, որ տաղավարում «հյուրընկալվածների» պատկառելի մասը կազմում էին իշխանություններին անթաքույց սատարող խմբագրին ոգեւորողները (նաեւ՝ ծափերով, որոնք արվում էին ընդդիմադիր ելույթները «ջախջախելու» պատրանք ստեղծող նրա յուրաքանչյուր ելույթ-ռեպլիկից հետո)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել