Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկաները «լավ չէին հիշում»

Դեկտեմբեր 25,2002 00:00

Վկաները «լավ չէին հիշում» Դատավորն էլ խորհուրդ տվեց կաղամբ ուտել Վանաձորի Սպայի տան դահլիճում նոյեմբերի 5-ից ընթացող 15 մեղադրյալանոց դատաքննությունը, որ առնչվում է այս տարվա փետրվարին N զորամասում բացահայտված դեպքերին, հատկանշական պահեր ուներ։ Վկաների ցուցմունքների ժամանակ հետաքրքիր եզրակացություններ կարելի է անել, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Օրինակ, շարքայիններ «Ժիրայրն ու Գագոն վիճել են», բայց «պլոկվել» է Էմիլի քիթը։ «Նյութերը մերժվել են, քանի որ «վայր է ընկել»,- ծեծկռտուքի առնչությամբ վկաներից մեկին, որ շարունակաբար պատճառաբանում էր, թե «լավ չի հիշում», հիշեցրեց նախագահող դատավոր Աղասի Մկոյանը՝ վկայի նախաքննական ցուցմունքից մի հատված կարդալով։ (Փաստորեն, քթի վնասվելու առնչությամբ գործ չի հարուցվել, քանի որ տուժողը հետագայում պատճառաբանել է, որ ինքը «վայր է ընկել»)։ Ի դեպ, ծեծկռտուքների առնչությամբ վկաների ցուցմունքները բավականին խուսափուկ էին։ «Տղեքը զրուց էին անում»,- պատմում է վկա Ա. Խաչատրյանը։ «Չեղա՜վ,- դիտողություն է անում դատավորը,- պատմիր ովքեր, ոնց, որտեղ, ինչ էին անում»։ «Չեմ հիշում»,- հայտնի ֆիլմի Ռեւազի նման «պատմում» է վկան։ Այս կարգի «չհիշողներին» (հիմնականում՝ զորամասի շարքային զինվորներ) մի կերպ «խոսեցնելուց» (նաեւ՝ մեղադրողի օգնությամբ) հետո դատավորը խորհուրդ տվեց հիշողությունը վերականգնելու նպատակով կաղամբ ուտել։ Իսկ հաջորդ վկային դատաքննելուց առաջ նախապես հետաքրքրվեց. «Դուք էլ ե՞ք հիշողությունից դժգոհում»։ Բավականին հետաքրքիր էր զորամասի հրամանատարի՝ դաստիարակության գծով տեղակալ Արամայիս Ղամբարյանի ելույթը։ Վերջինս այն եզակի ցուցմունք տվողներից էր, որ ցածր խոսելու առնչությամբ դիտողության չարժանացավ, քանի որ բավականաչափ բարձր էր խոսում եւ համարձակ։ Նրա հավաստմամբ, ծեծկռտուքի մասնակիցները «լավ զինվորներ» են եղել, բայց զորամասում աշխատանքների բաժանում կատարելու կապակցությամբ՝ «Իրենք իրենց մեջ անող-չանող են մեկնաբանել»։ Եվ, այդուհանդերձ, վերջինս փորձում էր հավատացնել, թե զորամասում արտոնյալներ չեն եղել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշատակել տուժող Արտյոմ Սարգսյանի իրավահաջորդ Ռաֆիկ Սարգսյանի հարցերը՝ ուղղված տուժող, նախկին զինվոր Ռոբերտ Եսոյանին. «Ինչո՞վ կբացատրես, որ Վարուժանը, Աղաբեկը, Էդմոնը եւ Արտաշեսը մոտիկություն էին անում ու սիստեմատիկաբար ծեծի էին ենթարկում զինվորներին։ Ինչո՞վ կբացատրես, որ նրանք այդքան շուտ-շուտ արձակուրդ էին գնում։ Քանի՞ անգամ ես դու գնացել արձակուրդ։ Օրինակա՞ն էր, թե՞ ոչ»։ Երբ Ռ. Սարգսյանը ճշտեց, որ տուժող Եսոյանը արձակուրդ 1 անգամ է գնացել, այն էլ՝ օրինական, արձակուրդային օրերի քանակն էլ պարզելուց հետո նկատեց, որ նա արտոնյալներից ավելի քիչ է գնացել արձակուրդ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել