Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇՆՉԵԼՈՒ ՕԴ ՉԿԱ

Դեկտեմբեր 25,2002 00:00

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇՆՉԵԼՈՒ ՕԴ ՉԿԱ Գյումրին տարեցտարի բնակության համար դառնում է վտանգավոր տեղանք: Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորմերը: Անտառներից բացարձակապես զուրկ քաղաքի նման վիճակը թերեւս զարմանալի չպիտի թվա մասնագետներին: Հատկապես այն դեպքում, երբ, իրենց իսկ հավաստմամբ, գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող քաղաքում կանաչապատման գործում գրանցվում է ամենացածր ցուցանիշը: Չնայած որ, շուկայի բարձր գները հաղթահարելու անկարող ու «Տաք ձմեռ» ծրագրից դուրս մնացածները (իսկ դրանց թիվն անչափ մեծ է), այնուամենայնիվ, տեսնում են իրենց գլխի ճարը՝ վառելով ինչ պատահի՝ հին կոշիկ, շոր, ավտոդողեր, գառան մորթի եւ այլն: Բնակիչներից շատերը, բնականաբար, ճարահատյալ են դիմում այս քայլին. որոշ թաղամասեր անգամ գազիֆիկացված չեն, իսկ Շիրակի ձմեռն, իրոք, անտանելի է: Մասնագետներն էլ են անչափ մտահոգվում: «Եթե հաշվի առնենք, որ ձմռան ամիսներին քաղաքը մեծ մասամբ գտնվում է անտիցիկլոնային դաշտում, բարձր մթնոլորտային ճնշման տակ, եւ որ տարածքին հատուկ է պարզկա եղանակն ու սառնամանիքը, քամիներ չկան, օդափոխություն չի լինում, ուրեմն անհայտ նյութերի վառարանային արտանետումները խիստ վտանգավոր են»,- ասում է «Գեոֆոն» գիտական-հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Մարտիրոսյանը: Վերջինիս հավաստմամբ, չնայած օդը խիստ կեղտոտված է ձմռան ամիսներին, այնուամենայնիվ, ամռանն էլ օդի վիճակը մի բան չէ. 1 խորանարդ մետր օդում փոշու պարունակությունը 10-15 միլիգրամ է, ինչը պայմանավորված է ոչ ասֆալտածածկ փողոցներով: Իսկ, օրինակ, ՀՀ բնապահպանության Շիրակի տարածքային բաժնի պետ Արտուշ Մովսիսյանը, որի իրավասությունը արտանետումները վերահսկելն է, բնակիչներին արդարացնում է՝ առաջնորդվելով «տուր, որ պահանջես» սկզբունքով. «Մենք այլ առաջարկ չունենք ձմռանը դիմակայելու եւ վառելիքով ապահովելու խնդրում: Ուստիեւ, մեր դերն այս հարցում անիմաստ է, եւ ով ուզենա, վառելափայտի փոխարեն կոշիկ կայրի»,- ասում է նա: Թերեւս ճիշտ է մտածում պաշտոնյան. չի դատում, որ չդատվի (չնայած՝ նա բնակիչներին մեղադրում է բնապահպանական խնդիրներում չեզոք լինելու մեջ): Ու որքան էլ անտեսենք այս հանգամանքը, թանձր ծուխն ու ծանր օդը խեղդում են գյումրեցիներին, հատկապես երեկոյան ժամերին անհնարին դարձնելով քաղաքում շրջագայելը: Մասնագետների կարծիքով, միակ փրկությունը ջեռուցման համակարգի հիմնովին վերափոխումն է: «Անհրաժեշտ է բնական գազ օգտագործել եւ անհապաղ քաղաքի փողոցներն ասֆալտապատել, ինչը եւ կնպաստի օդում փոշու քանակի նվազմանը»,- ասում է Լեւոն Մարտիրոսյանը: Նա նաեւ դժգոհ է, որ զրկված են օդի պարբերաբար ուսումնասիրության հնարավորությունից (դա կապված է որոշակի ծախսերի հետ): Ըստ նրա, «անհրաժեշտ է մոնիտորինգ անցկացնել անընդհատ՝ ամառ, թե ձմեռ»: Քիմիական արտադրություն չունեցող քաղաքի համար նման աղտոտվածությունն, իրոք, անընդունելի է: Ու չնայած ՀՀ բնապահպանության Շիրակի տարածքային բաժնի պետը լավատեսորեն է տրամադրված, ասելով, որ սա սոցիալական խնդիր է, որը ժամանակի ընթացքում կկարգավորվի, այնուամենայնիվ, միաժամանակ անկարող է չխոստովանել, որ մինչ այդ, մարդն իր առողջությունը կորցրած կլինի: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել