Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒՄԵՐԱՆԳ

Դեկտեմբեր 25,2002 00:00

ԲՈՒՄԵՐԱՆԳ Վերհիշելով ԱԺԴ համագումարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի հայտարարությունը, թե նախաձեռնվել է «հարվածային» խմբերի ձեւավորում, որոնց նպատակն է վերահսկել առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը, իշխանամետ ԶԼՄ-ներից մեկի մեր գործընկերը նախագահի թեկնածու Արամ Սարգսյանից հեգնանքով փորձեց ճշտել՝ արդյո՞ք այդ «հարվածայինները» համալրելու են այն մարդիկ, «ովքեր 98-ին ընդգրկված են եղել ինչ-ինչ խմբերում, եւ, եթե հավատանք ընդդիմությանը, կեղծել են ընտրությունները»: Մեր գործընկերը հարցը տվեց ու կրակն ընկավ: Իսկ Ա.Սարգսյանը հարցադրմանը նույնքան հեգնանքով հակադարձեց. «Դո՛ւք ասացիք: Ես 98-ի ընտրությունների կեղծիքների մասին երբեք ոչինչ չեմ ասել: Եղածը եղել- անցել է, 98-ից գործող նախագահն էլ առայսօր նախագահ է: Ես նման թեմաների շոշափումն ուղղակի անիմաստ եմ համարում: Պետք է այնպես արվի, որ ցանկացած հաջորդ ընտրություն նախորդից ավելի լավը լինի»: Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանից վերստին փորձեցին գնահատականներ կորզել «Հոկտեմբերի 27»-ի դատավարության վերաբերյալ: Ա.Սարգսյանը ստիպված էր կրկնել, որ «27»-ը հստակ քաղաքական սպանություն էր. «Ես այն տեսակետին չեմ, որ դրա բացահայտումը «ուչաստկովիի» գործ էր եւ կարող էր 5 օրվա ընթացքում բացահայտվել: Բայց, որ մի օր ամբողջությամբ բացահայտվելու է՝ համոզված եմ: Այդ գործընթացն արդեն սկսվել է»: Ա.Սարգսյանը հիշեցրեց, որ երբ ժամանակին ինքն ու իր շահերը ներկայացնող փաստաբանը հայտարարում էին, օրինակ, «27»-ի տեսաերիզի մոնտաժված լինելու մասին, ոմանք դա լուրջ չէին համարում եւ գնահատում էին իբրեւ «վրեժխնդրություն» կամ նույնիսկ «իշխանատենչություն»: Այսօր արդեն դատարանում մարդիկ ստիպված են ընդունել այն փաստարկների միանշանակ լինելը, որով ապացուցվում է այդ տեսաերիզում եղած կողմնակի միջամտության, ըստ էության, նոր ի հայտ եկած հանգամանքը: «Բազմաթիվ անգամ ինձ մեղադրում են վրեժխնդրության մեջ: Եղել են պահեր՝ ասել եմ, որ վրեժխնդրությունը նույնքան մարդկային եւ բարոյական զգացմունք է, որքան սերը, հարգանքը կամ չարությունը: Բայց հավաստիացնում եմ, որ ես վրեժխնդրությամբ երբեք լցված չեմ: Ինձ համար անհրաժեշտ է իմանալ միայն ճշմարտությունը»,- չգիտես ինչու եւ ում առաջ արդարանում էր Ա.Սարգսյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել