Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռանալով մոտեցող Հայրիկյանը

Դեկտեմբեր 25,2002 00:00

Հեռանալով մոտեցող Հայրիկյանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր հերթական մամուլի ասուլիսում հատուկ հայտարարություն չէր անելու, այլ հրավիրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ամանորյա նվեր մատուցելու, իսկ նվերը հոգեւոր էր եւ հայրիկյանական՝ «Ժողովրդավարություն՝ խոսքով եւ գործով» հեղինակային գրքույկը, որի միայն 1000 օրինակի տպագրության համար է «ժողովրդավարության հայրը» ֆինանսական միջոցներ հայթայթել, մնացած 2000-ի համար գումարը որոնվում է։ Հատուկ հայտարարությունը՝ մի շարք կուսակցությունների հետ ինտենսիվ բանակցությունների եւ դրանց արդյունքում Պարույր Հայրիկյանի հնարավոր միասնական թեկնածու դառնալու մասին կարվի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ։ Նախագահի թեկնածու Հայրիկյանի օգտին արդեն հավաքվել է 32 հազար ստորագրություն, գործընթացը շարունակվում է։ Պ. Հայրիկյանը հայտարարեց, որ ստորագրահավաքն իրենք օգտագործում են քարոզչական նպատակով. մտադիր են հավաքել ընդամենը 37 հազար ստորագրություն եւ բաժանել թռուցիկներ, որոնց բովանդակությունը հետեւյալն է. «Մարդիկ, եթե դուք կամենում եք, որ ես (Պ. Հայրիկյանը.- Մ. Ե.) շարունակեմ իմ սկսած գործն անձամբ, ապա դուք պետք է սատարեք ինձ ձեր բոլոր հնարավոր միջոցներով»։ «Իմ սկսած գործը» ասելով, Պ. Հայրիկյանը նկատի ունի «Հայկական պետականության վերականգնումից սկսած մինչեւ այս պաշտոնի հիմնադրումը, որի համար այսօր 15 թեկնածուներ պայքարում են։ Դրանք բոլորը եղել են իմ նախաձեռնությունը, Տիրոջ կամքով, իհարկե, որովհետեւ անմիջականորեն իրար հետ կապված են»։ Ինչքան դաժան կարող է լինել կյանքը, ով էր Պ. Հայրիկյանը եւ ով դարձավ. «սովետական կայսրության ժողովրդավարական շարժումների հիմնադիրը եւ միակ առաջնորդը լինելով (էնքան հաջողակ առաջնորդ էի, երեւի Տիրոջ կամքով, որ 2 տարվա ընթացքում Սովետական Միության քայքայման բացահայտ գործունեությունից հետո ավարտվեց, եւ ազգերն ազատագրվեցին։ Դա իմ առջեւ լրացուցիչ պարտավորություն է դնում։ Եթե դու եղել ես մի այդպիսի կայսրության ժողովրդավարական շարժումների հիմնադիրն ու առաջնորդը, ինչպե՞ս է, որ չես կարողանում քո երկրում նպաստել ժողովրդավարության կայացմանը։ Ես այդ հարցի պատասխանն ինքս չունեմ»։ Այդ հարցի պատասխանը մենք ունենք, բայց չենք ասի։ Սակայն Հայրիկյանը գիտի ուրիշ բան. «գիտեմ, ինչքան չարակամություն է դրսեւորվել, գիտեմ, որ դա արված է եղել օտարների կամքով, բայց, ի վերջո, մենք ապրում ենք ինչ-որ չափով ազատ Հայաստանում, ես պիտի կարողանայի իմ առողջ փորձառությունը փոխանցել մեր ժողովրդին»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել