Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրառական տեսքով ազնիվ» սկզբունքներ

Դեկտեմբեր 25,2002 00:00

«Կիրառական տեսքով ազնիվ» սկզբունքներ Դրանց դավանում են հատկապես նորացված կոմունիստները «Առավոտը» Հայաստանի Նորացված կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղար Յուրա Մանուկյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում արդյոք, որ բոլոր այն մեղադրանքները, որ ինքն ուղղում է «16»-ի միավորմանը՝ կարելի է վերահասցեագրել նաեւ նախագահ Քոչարյանի շուրջ համախմբվածների ճամբարին: Այսինքն՝ այդ ճամբարում հավաքված են գաղափարական տարբեր ուղղվածության ուժեր՝ ձախերից մինչեւ աջեր: Կամ՝ Քոչարյանի կողմնակիցների մեջ էլ կան գործիչներ, որոնց ջանքերով վերացվեց սովետական հասարակարգը Հայաստանում, սակայն ՀՆԿԿ-ն պատրաստվում է նրանց հետ կանգնել մի շարքում: Ի պատասխան պրն Մանուկյանը բառացի ասաց հետեւյալը. «Դուք շփոթում եք մի շատ կարեւոր հանգամանք: Այստեղ խոսքը զուտ Հայրենիքի, երկրի քաղաքական եւ ընդհանրապես անվտանգության խնդիրներին է վերաբերում: Դուք մի՛ շփոթեք պաշտոնամոլությունը հայրենասիրության հետ: Բոլորովին իրար կողքի մի՛ դրեք մեզ ու նրանց, ովքեր որ աթոռի համար մղած պայքարն ուզում են գաղափարախոսության տեսքով ներկայացնել: Կամ՝ աթոռի տենչն ուզում են ներկայացնել իբրեւ Հայրենիքի փրկության տենչ: Մենք դա երբե՛ք չենք կարող նույնացնել: Մեր սկզբունքներն էնքա՜ն ազնիվ են իրենց ե՛ւ ծնունդով, ե՛ւ կիրառական տեսքով, որ մենք երբեք Ձեր հարցադրման էությանը չենք կարող տուրք տալ»: Թերեւս ՀՆԿԿ առաջնորդը հարցադրումների յուրօրինակ ընկալում ունի, քանզի, ինչպես կարող են համոզվել ընթերցողները, մենք բառ իսկ չէինք ասել պաշտոնամոլության եւ մնացյալի մասին: Սակայն եւս մի փորձ արեցինք հստակ պատասխան ստանալու եւ հետաքրքրվեցինք. ՀՆԿԿ-ն «Հայրենիքի փրկությունը» համարում է «հաջորդ՝ սոցիալիստական Հայաստանը» կառուցե՞լը: Արդյոք Ռոբերտ Քոչարյանը խոստացե՞լ է ՀՆԿԿ-ին Հայաստանում վերահաստատել սոցիալիստական կարգերը՝ այս հարցին էլ պրն Մանուկյանն այսպես արձագանքեց. «Դուք շատ եք ուզում Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկել, բայց ինչքան վարկաբեկում եք՝ էնքան նրա հեղինակությունը ժողովրդի աչքին բարձրանում է: Ես Ձեզ ասում եմ՝ եղեք Շիրակի գոտում: 80 տոկոսը մինիմալն է, որ շիրակցին ձայն է տալու Ռոբերտ Քոչարյանին, Մարտունիում էլ՝ առնվազն 75 տոկոսը»: Ընդհատեցինք՝ խնդրելով պատասխանել մեր հարցին. խոստացե՞լ է Հայաստանը դարձնել սոցիալիստական երկիր, թե՞ ոչ: «Նախ, մինչեւ հիմա Ձեր պատկերացումները լիարժեք թերի են, որովհետեւ սոցիալիզմ չի նշանակում կարմիր դրոշ, ճառեր ու ծափեր,- ասաց պրն Մանուկյանը եւ նկատելով մուրճ ու մանգաղով կարմիր դրոշին (որի հարեւանությամբ զրուցում էինք) նետված հայացքս՝ շարունակեց.- Մերն է, այո՛: Դա մեր դրոշն է: Բայց սոցիալիզմ նշանակում է առաջին հերթին բարեկեցիկ կյանք, տնտեսական անկախություն, անվտանգ ապագա: Սա՛ է սոցիալիզմը: (Թերեւս պրն Մանուկյանը դեռեւս ապրում է սովետական պատկերացումներով, ըստ որոնց՝ կապիտալիզմի օրոք չկա ո՛չ բարեկեցություն, ո՛չ աշխատանք եւ ո՛չ էլ անվտանգություն. – Ա. Ի.): Իսկ եթե հիմա ժողովրդի կողմից ընտրված ղեկավարը նրան ապահովում է արժանապատիվ կեցվածք, տալիս աշխատանք, եւ Հայրենիքն էլ անվտանգության մեջ է՝ ես այդտեղ միայն գաղափարախոսության զինվոր լինելով՝ կերազեմ իմ գաղափարախոսության վարդապետությունը քարոզելու մասին: Իսկ ինչ վերաբերում է նրանց՝ մեզ նրանց (՞) կողքին մի՛ դրեք: Ռոբերտ Քոչարյանին էլ էդքան մի՛ փնովեք»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Մեր նկատառմանը, թե էստ էության չպատասխանեց որեւէ հարցի, Յուրա Մանուկյանն այսպես արձագանքեց. «Իսկ հարցերը Դուք էնպես եք տալիս, որ դրանց պատասխանելը կլիներ, որ մեր հարաբերությունները վերջնականապես եւ ընդմիշտ կխզվեին»: Իհարկե, մանկուց երազել եմ հատկապես նորացված կոմունիստների հետ լավ հարաբերություններ պահպանելու մասին, բայց դրանք վտանգելու հեռանկարն աչքիս առաջ ունենալով հանդերձ՝ չեմ կարող չնշել, որ հարցերին որոշակի պատասխանելու փոխարեն բարոյախրատաբանական քարոզներ կարդալը վկայում է փաստարկների բացակայության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել