Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

Դեկտեմբեր 25,2002 00:00

ԱՖՂԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ Պնդում է Դավիթ Շահնազարյանը Դավիթ Շահնազարյանի կանխատեսումներն իրականանալու հատկություն ունեն, ինչպես եղել է 1998-ի հեղաշրջման եւ բազմաթիվ այլ դեպքերում: Այդպես եղավ նաեւ ամիսներ առաջ: Նա հայտարարեց, թե քանի որ մեր երկրում այժմ ծավալված է կոռուպցիան եւ թույլ պետականությունը՝ Հայաստանի պետական կառույցները կարող են օգտագործվել միջազգային ահաբեկչության կազմակերպությունների կողմից: Հոռետեսական այս կանխատեսումը մտաբերելու առիթն ունեցանք, երբ ԱՄՆ արդարադատության նախարարության որոշմամբ Հայաստանը հայտնվեց այն երկրների ցանկում, որի 16 տարեկանից բարձր տղամարդիկ ԱՄՆ մուտք գործելիս պիտի պարտադիր գրանցվեին Ներգաղթի եւ քաղաքացիության ծառայությունում։ Հիշեցնենք, որ այս կարգը վերաբերում է այն երկրներին, որոնց քաղաքացիների առնչությունն ահաբեկչական կառույցներին համարվում է առավել հավանական։ Իհարկե, ամերիկահայության եւ կոնգրեսականների միջամտությունից հետո այդ որոշումը չեղյալ համարվեց, ու Միացյալ Նահանգների իշխանություններն ընդունեցին, որ Հայաստանը թյուրիմացաբար՝ վարչական սխալի պատճառով էր հայտնվել այդ ցուցակում։ Այդուհանդերձ, դեռեւս պարզաբանման եւ վերլուծության կարոտ է մնում այն հարցը, թե Հայաստանն ինչպես կարող էր ընդգրկվել ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակում: Դավիթ Շահնազարյանը համոզված է, որ պատճառը բնավ վարչական սխալը չէր. «Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների պետական համակարգում բացառվո՛ւմ են նման թյուրիմացությունները, որ մի երկիր մտնի այդպիսի ցուցակի մեջ եւ հետո անմիջապես դուրս բերվի: Չի բացառվում, որ ԱՄՆ իշխանությունները դա արել են կանխամտածված ձեւով, որ եղել են լուրջ հիմքեր այդ քայլը կատարելու համար: Դա էլ է քաղաքականություն՝ սկզբից ընդգրկել ցուցակում, այնուհետեւ հանել: Համենայն դեպս, այս ամենն առավել նման է հերթական նախազգուշացման: Ի՞նչ հիմքեր կարող էին լինել այդ քայլի համար: Իմ տեղեկություններով, անցյալ տարի, սեպտեմբերի 11-ից հետո, աֆղանական ծագումով որոշ անձինք, որոնք կասկածվում են միջազգային ահաբեկչության կառույցի անդամներ լինելու կամ նրանց հետ կապեր ունենալու մեջ, Հայաստանի Հանրապետության անձնագրերով մուտք են գործել Միացյալ Նահանգներ»: Նշենք, որ այս փաստի մասին չի եղել որեւէ հրապարակում, թեեւ եղել են լուրեր ռուս սահմանապահների կողմից բռնված 4 հոգիանոց խմբի, անձնագրերի ապօրինի ձեռքբերմանը գործարար պատգամավորներից մեկի մերձավորի առնչությունների մասին: Վստահ չենք, որ սա նույն միջադեպն է, որի մասին նշում է Դավիթ Շահնազարյանը: Մեր հարցին, թե ո՞րն է իր տեղեկության աղբյուրը, պրն Շահնազարյանը պատասխանեց, որ պատասխանատու է լուրի հավաստիության համար, թեեւ հրաժարվեց հայտնել մանրամասներ. «Ես տեղյակ եմ նաեւ, որ այդ հարցը քննարկման առարկա է դարձել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջեւ: Եվ ես կարծում եմ, որ, ըստ երեւույթին, այս եւ գուցե նաեւ նման փաստերն են հիմք ծառայել, որպեսզի ԱՄՆ-ը կատարի այդպիսի նախազգուշական քայլ: Մանավանդ որ, վերջին տարիներին նման քայլեր շատ են կատարվել, Հայաստանը հայտնվել է որոշ «սեւ» ցուցակներում: Ես կարծում եմ, որ սա թյուրիմացություն չէ, այլ նուրբ քաղաքականություն»: Եթե իրոք կան ահաբեկիչների կողմից ՀՀ անձնագրերն օգտագործելու փաստեր, թերեւս ընդամենը մեկ օրվա ընթացքում Հայաստանը չպիտի հանվեր այդ ցանկից՝ մեր այս նկատառմանն ի պատասխան, պրն Շահնազարյանն ասաց. «Կարծում եմ, այնուամենայնիվ, ԱՄՆ կառավարությունը համարում է, որ այդ պատժամիջոցը չափազանց խիստ է (գուցե առայժմ): Վերջիվերջո, ոչ մի քրիստոնեական երկիր այդ ցուցակում չկա: Միայն իմ մատնանշած փաստը կարող էր հիմք ծառայել նման գործողություն իրականացնելու համար»: Դավիթ Շահնազարյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն իրողությունը, որ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 57-րդ նստաշրջանում Ադրբեջանը հերթական անգամ փորձեց փոփոխություն մտցնել «ՄԱԿ – ԵԱՀԿ համագործակցության մասին» բանաձեւում եւ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը վերաձեւակերպել «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան»-ի։ Այս անգամ այդ ձեւակերպմանը «կողմ» քվեարկեցին 37 երկիր, ընդ որում՝ նրանց մեջ գերակշռում էին ՎՈՒՈՒԱՄ (Ուզբեկստան, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան) եւ Իսլամական կոնֆերանսի անդամ երկրները։ Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ հանդիսացող Ղրղըզստանը նույնպես համամիտ էր Ադրբեջանի հետ։ Չցանկանալով հանգամանալից անդրադառնալ այս փաստին, պրն Շահնազարյանը միայն ասաց. «Ես սա էլ էի տարիներ առաջ կանխատեսել, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ Թուրքիան, փորձ են անելու Ղարաբաղի հարցը մտցնել ՄԱԿ: Նրանք դա արեցին. 2 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձեւ: Հիմա Ադրբեջանը փորձում է ուժեղացնել այդ փաստաթուղթը եւ, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի եւ ուղղակի զավեշտական է, երբ մեր արտգործնախարարությունը փորձում է դա ներկայացնել որպես մեր նվաճում: Այն դեպքում, երբ 2000-ին այդ փաստաթուղթն ընդունվելուց միակ «դեմ»-ը եղել է Հայաստանը, իսկ 147 երկիր, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ն քվեարկել են «կողմ»: ՄԱԿ-ում, ինչպես նաեւ՝ միջազգային այլ կառույցներում Հայաստանը շատ դեպքերում, ըստ էության, միայնակ է մնում իր դիրքորոշմամբ: Եվ երկրորդը՝ բոլոր այդ կառույցներում Հայաստանի պատվիրակությունները փորձում են լուծել մի խնդիր, որ Ղարաբաղի հետ առնչվող որեւէ հարց չմտնի օրակարգ, չքննարկվի: Իսկ Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է ակտիվ դիվանագիտական «հարձակումներ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել