Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՍՆԱԿԱՆԻ» ՍՊԱՍՈՒՄՈՎ

Դեկտեմբեր 25,2002 00:00

«ՄԻԱՍՆԱԿԱՆԻ» ՍՊԱՍՈՒՄՈՎ Վկայակոչելով ստորագրահավաքի մասնակիցներին, նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարեց, թե Երեւանում մարդիկ իրենց դռներն ուղղակի բացել չեն ցանկացել՝ «վախենում են գողություններից»: Բայց սա, ինչպես պարզվում է, դուռ չբացելու միակ պատճառը չէ: Մարդիկ իրենց դռան թակոցին այսպես են արձագանքում՝ «ջրի, աղբի հոսանքի վարձ մուծել ենք, ժավել, մկան թակարդ չենք ուզում»: Խոստովանենք՝ հորինվածք չէ: Նման պատմություններ մեզ վաղուց են հայտնի, ու մեր համաքաղաքացիներից մեկն այդ ամենը նույնիսկ գրավոր հայտարարությամբ փակցրել էր իր դռանը: Ինչեւէ: Ա.Սարգսյանի նախընտրական շտաբի անդամների տպավորությամբ, նույնիսկ մայրաքաղաքում նախագահական ընտրությունները մարդկանց բացարձակ չի հետաքրքրում, եւ այդ վերաբերմունքը, ըստ թեկնածուի, դժբախտաբար, գերակշռող է: Այդուհանդերձ, «Հանրապետություն» կուսակցության առաջադրած թեկնածուին առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրություն տալուց հրաժարվողների թիվը շատ քիչ է եղել եւ հիմնականում այն փաստարկով, թե իրենք արդեն այս կամ այն թեկնածուի համար ստորագրել են: Բանից պարզվել է, որ մարդկանց նպատակաուղղված կերպով թյուրիմացության մեջ են գցել՝ համոզելով, թե մեկ թեկնածուի առաջադրման համար ստորագրելուց հետո որեւէ այլ թեկնածուի առաջադրման համար նրանք չեն կարող ստորագրել, թե չէ պատասխանատվության կկանչվեն: «Մեծ բարդություններ են առաջացել նաեւ անձնագրերի հետ կապված: Իշխանությունները բազմաթիվ պատրվակներով, ավտոմեքենաների գրանցումից մինչեւ էներգիայի, ջրի վարձերի հետ կապված խնդիրներ վկայակոչելով, մարդկանց անձնագրերը հավաքած են եղել: Կարելի է համարել, որ իշխանությունները հասարակությունից ստորագրություններ, ըստ էության, չեն հավաքել: Նրանց ստորագրահավաքը տեղի է ունեցել զուտ վարչական ռեսուրսների հաշվին՝ հիմնականում իշխանությունում գտնվող սոցիալական ոլորտների միջոցով՝ առողջապահության, կրթության ոլորտի աշխատողների միջոցով: Ստորագրություններ հավաքած մեր մարդկանց տպավորությամբ, հասարակության մի մեծ զանգված դեմ է եղել իշխանության թեկնածուի համար ստորագրություն տալ»,- հայտարարեց նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ա.Սարգսյանը ստիպված եղավ անդրադառնալ ՀԺԿ-«Հանրապետություն» կուսակցություն հարաբերություններին. «Մեր համագումարում ես ուղղակիորեն ասացի, որ մենք եւ ՀԺԿ-ն այլընտրանք չունենք, եւ ո՛չ ես, ո՛չ Ստեփան Դեմիրճյանը իրար հետ չենք մրցելու»: Իսկ արդյո՞ք Ա.Սարգսյանն իր թեկնածությունը կհանի հօգուտ Ստեփան Դեմիրճյանի: Հայտնի չէ, թե հակառակ հարցադրմանը, ասենք, Ստ.Դեմիրճյանն ինչպես կպատասխաներ, բայց Ա.Սարգսյանը հայտարարեց. «Ընդդիմության բոլոր թեկնածուներն էլ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ հայտարարել են, որ իրենք հակված են եւ կարող են իրենց թեկնածությունը հանել ընդդիմության միասնական կամ անցողիկ թեկնածուի համար: Նման հայտարարություն արել է Ստ.Դեմիրճյանը ՀԺԿ համագումարից հետո՝ հանդես գալով «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում, Արտաշես Գեղամյանը՝ ԱԺ-ում, նաեւ նախորդ օրն իր ասուլիսում, նման հայտարարություն արել եմ ես, նույնիսկ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը «16»-ի շրջանակներից դուրս է: Թե ով ում օգտին իր թեկնածությունը կհանի, ցույց կտա ժամանակը, բայց միասնական թեկնածու իսկապես կլինի»: Ա.Սարգսյանը թեկնածուների «ինքնազոհաբերումների» որեւէ կոմբինացիա չբացառեց՝ ընդհուպ մինչեւ այն, որ ընդդիմության միասնական թեկնածուն կարող է լինել «16»-ի համագործակցությունից դուրս կամ՝ «Նույնիսկ չեմ բացառում, որ միասնական թեկնածու կարող եմ ես լինել, եւ, որ Ստ.Դեմիրճյանը, Ա.Գեղամյանը կամ Ր.Հովհաննիսյանն իրենց թեկնածությունները հանեն հօգուտ ինձ»: Ա.Սարգսյանը վստահաբար պնդեց, որ տոտալիտար ռեժիմին բնորոշ՝ մեկ թեկնածուի պարտադրված ընտրություններ այս անգամ չեն լինի, թեեւ իշխանությունների գործելակերպն ու ընտրության գաղափարախոսությունն ամբողջովին հենց դրան է միտված. «Հավատացնում եմ, որ ընդդիմադիր դաշտը հանդես է գալու մեկ միասնական թեկնածուով: Այլընտրանքը հենց առաջին փուլում անպայման կլինի, եւ հաղթանակն էլ կլինի հենց առաջին փուլում»: Ա.Սարգսյանին խնդրեցին նաեւ գնահատել գործող նախագահի վերստին նախագահ դառնալու շանսերը՝ «հաշվի առնելով հրապարակված հարցումների արդյունքները»: Նախագահի թեկնածուն թեեւ սոցիոլոգիան ընդհանրապես համարեց լուրջ գիտություն, միաժամանակ նկատեց, որ այն այսօր դարձել է ընտրական տեխնոլոգիայի ատրիբուտ եւ, ցավոք, միշտ չէ, որ հասարակության ներսում տիրող իրական վիճակն է արտացոլում: Ինչ վերաբերում է մասնավորապես գործող նախագահի վարկանիշին, ապա Ա.Սարգսյանը դրան հակադրեց իր կուսակցության հարցումները, որոնք արվում են ամեն օր, շուրջ 350 հոգու շրջանակներում. «Անկեղծ ասեմ, նախագահի վարկանիշը 20-23 տոկոսի սահմաններից չի անցնում՝ անկախ նրա թիմի աշխատանքից: Պետք է ասեմ, որ մեր հարցումների արդյունքում միայն 2-3 օրը մեկ քաղաքական գործչի վարկանիշ է եղել, որ գերազանցել է նախագահի վարկանիշին: Դա եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մյուսների վարկանիշներն աճում են ըստ նրանց հարցազրույցների, հեռուստաելույթների եւ այլն: Բայց եթե ընդդիմության թեկնածուների վարկանիշների սանդղակը գումարում ենք իրար՝ ստացվում է, որ ընդդիմությունը հենց առաջին փուլում հաղթելու ռեալ շանսեր ունի»: Սա նույնիսկ այն դեպքում, եթե իշխանությունները գործող նախագահի օգտին կենտրոնացնեն «վարչական ռեսուրսները՝ ամբողջությամբ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել