Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ Է ԼԻՆՈՒՄ

Դեկտեմբեր 24,2002 00:00

ԱՄԵՆ ԻՆՉ ՃԻՇՏ Է ԼԻՆՈՒՄ Ամեն տարի, դեկտեմբեր ամսին Հայաստանի մարզական լրագրողները որոշում են տվյալ տարվա հանրապետության տասը լավագույն մարզիկներին։ Դա վերջինների համար նախ պատիվ է, ապա՝ ճանաչում ու թափած քրտինքի արժանի գնահատում։ Իսկ 1997 թվականից տասնյակ մտած մարզիկները նաեւ ֆինանսական ու նյութական այլ խոշոր պարգեւներ են ստանում։ Ընդ որում, ուշադրությունից դուրս չեն մնում նաեւ անձնական ու հավաքական թիմերի մարզիչները, մարզական ընկերությունները։ Սա գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաեւ, որ դա արվում է, որպեսզի մեծ սպորտի բոլոր ներկայացուցիչներն ավելի լավ աշխատեն, միջազգային ասպարեզներում որքան հնարավոր է շատ բարձրացվի Հայաստանի պետական դրոշը, հնչեցվի օրհներգը, որ յուրաքանչյուր ոք իմանա. իր աշխատանքը գնահատվում է։ Եվ այդպես էլ կա։ Բայց ամեն անգամ պաշտոնական ցուցակի հրապարակումից հետո լրագրողները, մեղմ ասած, ընկնում են… կրակը։ Որոշ մարզիչներ, մարզիկների հարազատներ ու բարեկամներ ու էլի ով ասես, գրոհում են լրագրողներին, դժգոհում, թե ինչու է իրենց սանը, որդին դուրս մնացել ցուցակից կամ ինչու է հայտնվել տասնյակի ոչ թե այս, այլ այն տեղում։ Պատճառը ստացվելիք պարգեւավճարների չափն է. որքան բարձր՝ այնքան շատ։ Եվ որքան էլ բացատրում ես, միեւնույն է, չեն ըմբռնում։ Իսկ ամենավատն այն է, որ լինում են այնպիսիք, ովքեր մեզ կասկածում են ինչ-որ կեղծիքների, պայմանավորվածությունների մեջ ու, այ քեզ բան, ջանքեր թափում համոզելու՝ փոխել անունների դասավորությունը։ Այդպիսիներին փորձել ու փորձում ենք ծանոթացնել տասնյակի ընտրության սկզբունքներին եւ գործող մեխանիզմներին, հասկացնել, որ բացառվում է որեւէ կեղծիք, որ սակարկելն անիմաստ է. շուկայում չեն, որ ապրանքի գինն իջեցնեն կամ բարձրացնեն եւ ոչ էլ կոմունիստների դարաշրջանում, երբ ամեն ինչ հնարավոր էր «սարքել»։ Այդուհանդերձ, նույն երեւույթը կրկնվում է տարեցտարի։ Բանը երբեմն հասնում է նույնիսկ նրան, որ ոմանք իրենց թույլ են տալիս վիրավորել կամ սպառնալ լրագրողներին։ Նման տհաճ երեւույթներին վերջ տալու նպատակով, մեկ անգամ եւս հրապարակավ պարզաբանում ենք։ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայում ամբողջ տարվա ընթացքում գրանցվում են կարեւորագույն մրցումներում (օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, միջազգային խոշորագույն ու վարկանիշային մրցաշարեր) հայաստանցի մարզիկների արդյունքները եւ տարեվերջին կազմվում է մի ցուցակ, նախապատվությունը տալով օլիմպիական մարզաձեւերին, որն էլ, որպես ուղեցույց, բաժանվում է մարզական լրագրողներին։ Սակայն բոլորին պարտադիր տեղյակ է պահվում, որ ցուցակը վերջնական չէ։ Յուրաքանչյուր լրագրող կարող է տասնյակի իր տարբերակում նշել նաեւ այլ անուններ, ում ինքն ավելի արժանավոր է համարում։ Եվ երբ տարբերակները հավաքվում են, պարզ թվաբանությամբ հաշվվում է յուրաքանչյուր մարզիկի վաստակած միավորների քանակը (ըստ նշած տեղերի) ու որոշվում տասնյակի վերջնական տարբերակը։ Այսքանը։ Իսկ կասկածողները, թերահավատները կարող են սպորտվարչության եւ ՀԱՕԿ-ի լրատվության բաժնում անձամբ տեսնել ամեն մի լրագրողի կազմած տարբերակի բնօրինակը ու նորից հաշվել միավորները։ Կամ էլ կարդալ «Ֆուտբոլ +»-ի դեկտեմբերի 18-ի համարը, որի 14-րդ էջում մանրամասն տպագրված է ամեն ինչ։ Եվ մի բան էլ. այս անգամ էլ ձեռնպահ ենք մնում անուններ տալուց ու խնդրում ենք՝ մի խառնվեք այն գործերին, որոնցից գլուխ չեք հանում։ Ավելի լավ է, «ռազբորկաների» փոխարեն, թանկագին ժամանակը տրամադրեք վերլուծելու, թե ինչը խանգարեց տարվա ընթացքում ավելի հաջող հանդես գալուն։ Եվ աշխատեք անել այնպես, որ հաջորդ՝ նախաօլիմպիական տարում արդյունքներն ավելի բարձր լինեն, որպեսզի հենց ձեր սանը կամ որդին դառնա Հայաստանի լավագույն մարզիկ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել