Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՌՈՅԱՆԸ ԽԵՐԻ ՄԵՋ ԿՈՐԱՎ

Դեկտեմբեր 24,2002 00:00

ՇԱՌՈՅԱՆԸ ԽԵՐԻ ՄԵՋ ԿՈՐԱՎ Ռոլանդ Շառոյանին իր գլխավորած պատվիրակությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում լավ են ընդունել։ Եվ դրա «մեղավորը», բնականաբար, Ռոբերտ Քոչարյանն է։ Ըստ նախարարի, եթե նրա «օրհնած ոտը» չընկներ ԱՄԷ ու նախագահը չստորագրեր տարբեր ոլորտներում համագործակցության տասնյակ պայմանագրեր, ապա այս երկիրը «ցանկացած մշակութային համագործակցության պատրաստակամություն չէր հայտնի», ու պատուհան էլ չէր բացվի հենց ԱՄԷ-ի սրտում՝ Աբու Դաբիում։ Ռոլանդ Շառոյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Էմիրություններ էր մեկնել ԱՄԷ տեղեկատվության եւ մշակույթի նախարար Շեյխ Աբդալլահ Բեն Զայեդ Ալ Նահյանի հրավերով ու մասնակցել հայ մշակույթի օրերին, որը տեւել է դեկտեմբերի 14-20-ը։ Մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությունը կայացել է Աբու Դաբիի «Մշակութային հիմնադրամի» շենքում։ Արաբներին ներկայացվել են Հայաստանի ժողարվեստի թանգարանի «Հայկական գորգերը», Երվանդ Քոչարի աշխատանքները՝ Քոչարի թանգարանից ու Ազգային պատկերասրահից, ինչպես նաեւ՝ ժամանակակից հայ նկարիչների գործեր։ Թե հատկապես ժամանակակից ո՞ր նկարիչներն էին այդ պատվին արժանացել՝ մշակույթի նախարարը չհիշեց։ Ընդամենը ասաց, որ դրանք 6-7 նկարիչներ էին, որոնց գործերը ուշարժան էին։ ԱՄԷ-ում համերգներով հանդես էին եկել ոչ միայն Գեւորգ Մանասյանի ղեկավարած գուսանական, ժողովրդական երգի-պարի պետական համույթը, այլեւ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, երգչուհի Աննա Մայիլյանը։ Մշակութային հիմնադրամի սրահում ցուցադրվել են Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» եւ Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաքը» ֆիլմերը։ Ըստ պատվիրակության անդամների, ԱՄԷ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսը, այդ թվում եւ 14 երկրների դեսպանները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայ մշակույթի օրերի բացման առիթով։ Իսկ արաբներին գրավել են հայկական գորգերի որոշ տեսակներ («Կենաց ծառ», «Վիշապագորգեր»)։ Ըստ Ռ. Շառոյանի, ամենուր հայերն ընդունվել են ջերմ բացականչություններով ու ծափերով, ընդհուպ. «Օվացիաներն ու ծափերն այնքան երկար են եղել, որ ստիպված մենք էինք ասում. «լավ էլի, հերիք է»։ Մշակույթի նախարարին հատկապես ոգեւորել էր Շեյխի ընդունելությունը, ուր ընկնելու համար մարդիկ տարիներով հերթ են կանգնում. «Եղանք Շեյխի օջախում։ Մի տեղ, ուր Ուկրաինայի դեսպանը արդեն 12 տարի չի կարողանում ընկնել»։ Ռ. Շառոյանի համոզմամբ, արաբները գտնում են, որ հայ մշակույթի հետ հարաբերվելով հարաբերվում են եվրոպական քաղաքակրթության հետ։ Ի դեպ, մեր մշակույթի նախարարը կարողացել է ըստ արժանվույն ներկայանալ դրսում իբրեւ մշակույթի ղեկավար. կես ժամանոց դասախոսություն է կարդացել «Հայ-արաբական մշակութային առնչությունները» թեմայով ու մի կես ժամ էլ պատասխանել քաղաքական ուղղվածություն ունեցող հարցերի։ Եվ երեւի հենց սա էլ խթան է հանդիսացել, որ ԱՄԷ Մշակութային հիմնադրամի հետ համագործակցության լուրջ ծրագիր սկսվի, որը ներառում է թարգմանական արվեստը, համատեղ կինոարտադրությունը, գորգագործությունը, տարբեր համույթների հյուրախաղերը եւ այլն։ Գեւորգ Մանասյանն այն կարծիքին է, որ ցնցված հայ պատվիրակության այցից, արաբներն իրենց «մշակույթի զարգացման հիմքը ուզում են դնել հայկական մշակույթի վրա»։ Թեեւ Ալբերտ Մկրտչանն էլ անհամեստություն համարեց «Ուրախ ավտոբուսի» մասին խոսելը, սակայն, այնուամենայնիվ, չզլացավ մանրամասնորեն ներկայացնել, թե որքան լավ է ընդունվել այն Արաբական Էմիրություններում։ Իրեն մեծարելուց ու իր ֆիլմը համամարդկային որակելուց հետո, նա սկսեց գովաբանել նաեւ Ռոլանդ Շառոյանին, որն այդքան հաջողությամբ հանդիպել է արաբ շեյխերի հետ ու այդքան գործ արել հայրենի մշակույթի համար։ Ընդհանրապես, մշակույթի նախարարի հասցեին պատվիրակության բոլոր անդամներն էլ հաճոյախոսություններ հնչեցրին (մարդը կարող էր, չէ՞, ուրիշներին տանել ԱՄԷ, բայց իրենց է քաղցր աչքով նայել), իսկ երգչուհի Աննա Մայիլյանն էլ նրան անվանեց հիասքանչ մշակույթի նախարար։ Մի խոսքով, հայ մշակույթը փրկված է, ուրեմն, Ռ. Շառոյանն էլ՝ խերի մեջ կորած։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել