Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ

Դեկտեմբեր 24,2002 00:00

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ Ամանորի նախաշեմին «Առավոտի» կրթական բաժինը փորձեց ոչ գործնական հարցազրույցի հրավիրել ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին՝ նախապես իմանալով, որ գրեթե անհնար է լինելու շրջանցել աշխատանքային թեմաները: Որեւէ անհաջողություն կամ հաջողություն Լ. Մկրտչյանը, ինչպես ցանկացած Աստծուն հավատացող մեկը, երբեւէ չի կապում կենդանակերպի նշանի, գուշակությունների կամ կախարդանքների հետ: Սակայն եկող՝ այծի տարում սասունցուն հատուկ նրա համառությունը դեռ պետք կգա: Ի դեպ, այդ գիծը նրան պապերից անցած միակ ժառանգությունը չէ: – Ձեր բնավորության մեջ սասունցիներին բնորոշ է՞լ ինչ գծեր են նկատվում, կարծես թե դուք անհամեմատ մեղմ եք: – Մեղմություն զգացվում է, բայց անհնար է, որ մի խնդիր դրվի ու չկատարվի մինչեւ վերջ: Համառություն, չորություն իմ կողմից շրջապատում ընկերներս, հատկապես կինս զգում են: Սակայն սասունցիները մյուս ծայրահեղությունն էլ ունեն. շատ շուտ բռնկվող են, չհաշվարկված քայլեր անող, հավասարակշռված չեն: Մարդ ամեն րոպե պետք է պատրաստ լինի ինչ-որ բան կորցնելու՝ միեւնույն ժամանակ սկզբունքներ ունենա. անսկզբունք մարդը հանուն ինչի՞ կարող է կորցնել: Ամեն կորցնելու հետեւում կա հանունի գաղափարը: Այսօրվա արտոնությունը կարող է վաղը փոխվել լուրջ պատասխանատվության: Եվ դա մարդու մոտ ավելի հիմնարար արժեքների նկատմամբ հարգանք է առաջացնում, իսկ պաշտոն, դիրք, իշխանություն8230. այս խնդիրները աշխատում եմ պահել երկրորդական վիճակում: – Եվ ի՞նչ ձախողումների ու պարտությունների եք համառորեն դիմադրել: – Շատ ծանր էր ինձ համար 2001- ի վերջը, երբ հանկարծ առաջ եկավ ասպիրանտների՝ բանակ տանելու խնդիրը: Բայց հարցերը կարգավորվեցին: Ամենածանր խնդիրներից մեկը, որ մասնակիորեն ենք լուծել, եւ առայժմ որոնումների մեջ ենք, ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացն է: Լուծման բանալին գտել ենք «Բարձրագույն կրթության մասին» օրենքում. ընդհանրապես հրաժարվում ենք «պետական նմուշի վկայական» հասկացությունից, ինչպես աշխարհի բոլոր կրթական բազա ունեցող զարգացած երկրներում է, եւ խնդիրն ինքնին կարգավորվում է՝ հավատարմագրումը դառնում է բոլորովին այլ բարոյական կատեգորիայի հարց, ոչ թե թղթի կտոր ունենալուն ուղղված քայլ: Բայց հավատարմագրման կարգում լուրջ բացթողումներ կային, որն էլ պատճառ դարձավ, որ հսկայական թվով բուհեր մտնեն հավատարմագրման գործընթաց: Նախարարությունը մի քանիսին ուղղակի մերժում տվեց, որին հետեւեց մյուս շարքը, որ նախարարության պարտությունն էր, երբ բուհերը մեզնից մերժում ստանալով՝ դատարաններում ստացան հավատարմագրում: Դա նախադեպ է ստեղծել, եւ հիմա ամեն անգամ «սպառնում են» դիմել դատարան: Այժմ մեր առջեւ միջազգային չափանիշներին համարժեք կրթություն ունենալու խնդիրն է դրված: Գիտելիքների գնահատման միասնական համակարգի չգոյությունը Հայաստանում մեծ վնաս է հասցնում հանրակրթական եւ բարձրագույն կրթական որակին: Մյուս լուրջ հարցը սկսված դպրոցաշինությունն է, որն առայժմ հիմնականում աղետի գոտով սահմանափակվեց, բայց մեծ աշխատանք տարվեց, եւ կարող ենք ասել, որ աղետի գոտում դպրոցաշինարարական գործընթացն ավարտված է: Մնում է՝ հաջորդ տարիների ընթացքում նույն գործընթացը տարածել հանրապետության մյուս մարզերի վրա: Քաղաքաշինության նախարարության հետ մշակված է նախատեսվող ամբողջ շինարարական աշխատանքների անձնագրավորումը: Մնում է դոնորային գումարներ գտնել: Մնայուն հարցերից մեկն է ուսուցիչների սոցիալական վիճակի խնդիրը: Այստեղ էլ մեծ հույսեր ենք կապում դպրոցական համակարգի ինքնավարության մեծացման հետ: Դպրոցներն եկող տարվանից պետք է ունենան բյուջե եւ արտաբյուջե, եւ ինչպես բուհերը, հնարավորություն կունենան իրենց արտաբյուջետային միջոցները ուղղել նաեւ ուսուցչության սոցիալական կարիքներին: Հանրակրթական դպրոցը կարող է իրականացնել լրացուցիչ վճարովի ծառայություններ, որոնք մուտք կարվեն բյուջե, եւ այն գումարները, որ այսօր արդեն հավաքագրվում են դպրոցներում, հնարավոր կլինի վերահսկել, եթե նվիրատվություն պիտի գա դպրոցին, դա կգա օրինական ձեւով դպրոցի բյուջե, դպրոցական խորհրդի կողմից կհաստատվի, եւ նախօրոք մշակված ծրագրով կբաշխվի: – Ի դեպ, դուք գո՞հ եք Ձեր երեխային տրվող կրթությունից: – Իմ երեխան գնում է Պուշկինի անվան հանրակրթական դպրոց, եւ քաղաքի կենտրոնական դպրոցների մեթոդների, ձեւերի մեջ, իմ ժամանակի համեմատությամբ, առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում: Այս իմաստով դժգոհելու հիմք չունեմ: Բայց ինքս պրոբլեմ ունեմ երեխայի հետ՝ իմ մասնագիտության գծով: Օրինակ, հայոց պատմություն առարկան երեխաներն սկսում են սովորել 5-րդ դասարանում: Նախկինում այդ նույն դասագրքով ես իբրեւ դասախոս պարապել եմ բուհ ընդունվողների հետ 10- րդ դասարանում: Եվ նյութը մատուցելիս 10- րդ դասարանցին ընկալում էր, իսկ հիմա այդ նյութը 5-րդ դասարանցու համար բացարձակապես ընկալելի չի. մի էջի մեջ տրվում է հայ ժողովրդի ծագումը, եւ երեխան ոչինչ չի հասկանում՝ միայն ցեղերի, ցեղախմբերի անուններ են, ոչ մի հետաքրքրություն դասագիրքը չի տալիս: Մենք դասագրքերի որակի խնդիր ունենք: Դասագրքաստեղծ գործունեության որակ որպես այդպիսին մենք դեռ չունենք: – Դպրոցի տնօրենը երբեւէ օգտվե՞լ է այն հանգամանքից, որ իր աշակերտի ծնողը նախարար է: – Ոչ, բացարձակապես, ոչ էլ երեխան է որեւէ ձեւով զգացել: – Պապերից եկած ավանդույթներ Ձեր ընտանիքում պահպանվո՞ւմ են: – Իմ հայրական կողմը սասունցի է՝ 1949 թ. Սփյուռքից եկած: Եվ սփյուռքահայերի ամբողջ կենցաղը, խոհանոցը, արեւմտահայ մշակույթը ես տեսել եմ հայրական օջախում: Մայրական կողմս 300-400 տարվա բնիկ երեւանցիներ են: Եվ երկու կողմերն էլ ինձ հավասարապես մոտ են: Իմ մեջ ինչ- որ բաներ կան նրանցից, իսկ կնոջս մոտ մի քիչ այլ դաստիարակություն է՝ այդքան ազգային շեշտադրություն չկա: Մենք երեխայի հարցում պայմանավորվեցինք այսպես. որպեսզի երեխան երկու լեզուներին էլ լավ տիրապետի, մայրը նրա հետ մինչեւ 6-7 տարեկան միայն ռուսերեն էր խոսում, ես՝ հայերեն, եւ դա արդարացվեց: Սակայն մտածողությունը երեխայի մոտ անշուշտ հայերեն է: – Ձեր ընտանիքում ինչպե՞ս է ընդունված դիմավորել Նոր Տարին: – Միշտ դիմավորել ենք տանը, ընտանեկան մթնոլորտում: Զրուցեց ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել