Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր գյուղն անկախ է

Դեկտեմբեր 24,2002 00:00

Մեր գյուղն անկախ է 1981թ. սեպտեմբերի 7-ին կառավարության որոշմամբ քանդվել է Շիրակի մարզի 5.000 տարվա պատմություն ունեցող Բարձրաշեն գյուղը: Հողերին տիրանալու եւ Մարալիկը շրջկենտրոն դարձնելու նպատակով գյուղը քանդել են՝ պատճառաբանելով, թե ջուրը չի բավականացնում: Գյուղի երիտասարդները բնակաթափումը կանխելու համար դիմում են ներկայացրել կենտկոմի քարտուղարին: Այն մերժվել է. որոշված էր գյուղը հիմնովին քանդել: 1100 հա հողից 560 հա անցել է Մարալիկին, մի մասն էլ՝ Իսահակյան գյուղին: Բարձրաշենցիները վերաբնակեցվել են Իսահակյան եւ Մարալիկ ավաններում: Վեց կով ունեցող գյուղացին հաջորդ օրը կանգնեց կաթի հերթում: 1987թ. կառավարությունը, բավարարելով «Էլեկտրոն» արտադրական միավորման՝ անասնապահական օժանդակ տնտեսություն կազմակերպելու խնդրանքը, Բարձրաշենի հողերից 26 հեկտար հատկացրել է նրան: Նախաձեռնողն այդ միավորման ղեկավարներից մեկն էր, ծնունդով բարձրաշենցի Կնյազ Կնյազյանը: Ահա թե որն է նրա ջանքերի պատճառը. «Երբ շրջկոմի քարտուղարը եկել է բարձրաշենցիներին համոզելու, որ քանդեն իրենց տները, հայրս քարը վերցրել է, տվել նրան ու ասել. «Ես 15 տարեկանում որբ մնացի, բայց էնքան ցավ չզգացի, որքան հիմա, երբ գյուղը քանդեցին: Առ, էս քարով խփի իմ գլխին, սպանի, բայց իմ տունը մի քանդիր»: Հորս տունը քանդում են: Եվ հորս էդ արցունքները եղան պատճառը, որ որոշեցի որքան հնարավոր է ուժ ու ջանք գործադրել, վերականգնել գյուղը»: 1988թ. երկրաշարժից հետո բարձրաշենցիները սկսեցին վերադառնալ հայրենի գյուղ: Մի կերպ վերականգնեցին իրենց տներն ու ամեն ինչ սկսեցին զրոյից: «Լույսը կտրին, հեռախոսը կտրին, բայց մենք պայքարեցինք եւ ապրում ենք. թուրքը որ թուրք է՝ այդպիսի բան չէր անի»,- ասում է բարձրաշենցի Խաչիկ Սիմոնյանը: Բարձրաշենն այսօր Իսահակյանի համայնքին պատկանող առանձին բնակատեղի է: 1997թ. ՀՀ կառավարությունը Բարձրաշեն գյուղի զարգացման համար նախատեսել էր պահուստային ֆոնդի հողերից հատկացնել 48 հեկտար, սակայն այդ որոշումը առայսօր չի իրագործվել: Բարձրաշենում այսօր ապրում է 75 բնակիչ: Տուն չլինելու պատճառով, ինչպես իրենք են ասում, ապրում են նահապետական ընտանիքների պես՝ մի քանի եղբայր միասին: Չեն դժգոհում, ասում են՝ լավ էլ «յոլա» ենք գնում: 10 տան մեջ ապրում է 17 ընտանիք: Բարձրաշենի ամենամեծ ընտանիքը գյուղացի Խաչիկինն է: Արդեն 34 տարի է, ինչ ապրում է կնոջ՝ Անյայի հետ: Անյան 15 տարեկան էլ չի եղել, երբ Խաչիկը «խաբել», քաղաքից հարս է բերել: «Գյուղը որ տեսա, դե ես քաղաքի աղջիկ էի, անասունից վախենում էի: Գյուղի գործին ծանոթ չէի. սկզբից նույնիսկ Խաչիկը պարանը կապում էր կռնակիցս, որ թոնիրը չընկնեմ: Բայց քիչ-քիչ հարմարվեցի. ինձ պարզերես արեցի»,- պատմում է Անյան: Ունեն 4 երեխա: Նրանցից երեքն ամուսնացած են: 6-7 տարի բնակվել են Մարալիկում: Բայց, ինչպես Խաչիկն է պատմում, մի ամբողջ տարի այնտեղ ապրած չի լինի. օրվա մեծ մասն անցկացրել է իր հարազատ գյուղում: Տան հիմնական գործն Անյայի ուսերին է: Արթնանում է առավոտ կանուխ, կովերին է կթում, հավերին ու խոզերին կեր տալիս, թրիք «թխում»: Շաբաթը երկու անգամ թոնրում լավաշ են թխում: Գոհ են իրենց կյանքից, ուրախ են, որ գյուղում երեխաների համար «վատ» շրջապատի վտանգ չկա: Չնայած բոլոր մեծերն էլ ուզում են, որ իրենց աղջիկներն ընտանիք կազմեն քաղաքում, երիտասարդներին այլեւս հետաքրքիր չէ գյուղը, նորության, փոփոխության կարիք ունեն: Ջահել տղաների հիմնական գործն անասուն արածեցնելն է: Աղջիկներն ու հարսներն էլ ջրհորներից ջուր են կրում, աթարները դասավորում: Նույնիսկ փոքրերն են մտահոգվում՝ անձրեւը թրջեց, անասունը փչացրեց իրենց դարսած աթարը։ Իշխանությունները, պաշտոնյաները գյուղի մասին հիշում են միայն ընտրությունների ժամանակ: Գալիս խոստումներ են տալիս, գնում: «Իսկական անկախը մենք ենք, ոչ օրենքի ենք ենթարկվում, ոչ բան: Մենք ենք, մեր գլուխը»,- ասում է Խաչիկը: Հիվանդանոց չկա: Պատահել է, որ հղի կանանց ձիերով են իջեցրել հարեւան Աղին գյուղի հիվանդանոց: Բարձրաշենի դպրոցն արդեն վեց տարվա պատմություն ունի: Այն մի ժանգոտ վագոն է, որտեղ կիսաջարդ աթոռներ են, մի երկու սեղան, գրատախտակ, պատառոտված քարտեզներ: Դպրոցն ութամյա է, ունի 17 աշակերտ: Այս տարի տվել է առաջին շրջանավարտը: Ուսուցիչների հիմնական մասը միջնակարգ կրթություն ունի: Գրադարան չկա. ուսուցիչները տարբեր տեղերից գրքեր են հայթայթում ու աշակերտները հերթով կարդում են: Տեղացիները հպարտությամբ են խոսում իրենց դպրոցի մասին. չէ՞ որ ստեղծել են միմիայն իրենց ջանքերով: ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am հասցեով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել