Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԿ ԵՄ ԾԱԽՈ՜ՒՄ, ԱՌՈՂՋ ԲԱ՜ՆԿ

Դեկտեմբեր 24,2002 00:00

ԲԱՆԿ ԵՄ ԾԱԽՈ՜ՒՄ, ԱՌՈՂՋ ԲԱ՜ՆԿ Հնարավոր քաղաքական սկանդալից խուսափելու համար ՀՀ Կենտրոնական բանկը սույն թվի փետրվար ամսին միացրեց «Արդշին» եւ «Ադանա» բանկերը՝ տրամադրելով նաեւ 5,5 մլն դոլար վարկ՝ իբրեւ միացմանն աջակցող գործողություն։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ըստ էության, այդ 5,5 մլն դոլարի մեծ մասն «Արդշինբանկը» վերադարձրել է այն, այսպես կոչված, երջանիկ ավանդատուներին, ում հաշիվները ժամանակին բանկի ղեկավարության եւ ԿԲ-ի իհարկե «աչալուրջ վերահսկողության» ներքո «սրբել էր» Արդշինբանկի «Կենտրոն» մասնաճյուղի հանգուցյալ կառավարիչը։ Սակայն, մյուս կողմից էլ, 2003թ. փետրվարին լրանում է այն ժամկետը, որից հետո ՀՀ ԿԲ-ին պետք է ետ վերադարձվի 5,5 մլն դոլար վարկը։ Այլապես՝ օրենքի կոպիտ խախտում կլինի։ Մեր տեղեկություններով, այդ վարկի մարման ընթացքից է կախված Միջազգային արժութային հիմնադրամից մեր հանրապետության ստանալիք ՍԱԿ-երի ճակատագիրը։ Ու որպեսզի ԿԲ-ի պատճառով հանրապետությունը «չքաշվի», բանկային ոլորտի մեր «հնարամիտները» անցել են գործնական քայլերի։ Այսպես. դեկտեմբերի 5-ին Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արդշինբանկ» ԲԲԸ-ի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակում իրականացվելու է «Արդշինբանկ» ԲԲԸ-ի ակտիվների եւ պարտավորությունների մասնակի վաճառք»։ Ըստ ԿԲ-ի, դրա նպատակն է. «առավելագույնս պաշտպանել ավանդատուների եւ բանկային հաշվի անվանատերեր հանդիսացող քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների շահերը»։ Ինչպես բոլոր գործընթացներն, այս գործընթացը եւս «ամբողջությամբ գտնվելու է ՀՀ ԿԲ-ի անմիջական վերահսկողության ներքո»։ Ի դեպ, վաճառքի են հանվում 10 մլրդ դրամի ակտիվներ, նույնքան էլ պարտավորություններ՝ փաթեթով։ Վաճառքն իրականացվելու է աճուրդային եղանակով։ Մրցույթին մասնակցելու գրավոր հայտ են ներկայացրել չորս բանկեր։ Մեր ունեցած տեղեկություններով, աճուրդի դրվածների մեջ չէ «Արդշինբանկի»՝ ԿԲ-ի հարեւանությամբ գտնվող վարչական շենքը, որը ԿԲ-ն է պատրաստվում գնել կամ արդեն գնել է։ Անկախ դիտորդի տեսանկյունից մեկնաբանելով այս երեւույթը, ոլորտից լավատեղյակ մասնագետները կարծում են, որ այս գործընթացի առաջին նպատակը՝ Կենտրոնական բանկի պարտավորությունները մարելն է։ Դրա արդյունքում, ինչպես նշեցինք, մեր հանրապետությունը կշարունակի սնվել միջազգային արժութային հիմնադրամից։ Բանկային ակտիվները պայմանականորեն դասակարգվում են լավի եւ վատի։ Այս պարագայում, տրամաբանորեն, աճուրդի են հանվելու լավ կոչված ակտիվները, որպեսզի հնարավոր լինի որոշակի պարտավորություններ մարել։ Վատ կոչված ակտիվները, փորձը ցույց է տալիս, որ ստիպված են լինում բանկի բալանսում մնալ այնքան ժամանակ, մինչեւ այն պաշտոնապես սնանկ է ճանաչվում եւ դրանով իսկ կնքվում է նաեւ նրանց մահկանացուն։ Առնվազն զավեշտական է դառնում նման միջոցառումների իրականացումը, այն էլ՝ «ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակներում»։ Եվ տարօրինակ, քանզի ընդամենը մեկուկես-երկու ամիս առաջ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, իր մամլո ասուլիսներից մեկում համառորեն հավաստիացնում էր, որ «Արդշինբանկի» վիճակը կտրուկ լավացել է»։ Ավելին, «անվճարունակից հայտնվել է վճարունակ վիճակում»։ Այսինքն, «եթե հետեւենք նոր՝ ընթացիկ շահույթին, «Արդշինբանկն» այսօր շահույթով է աշխատում», ինչի հաշվին էլ, ըստ ՀՀ ԿԲ նախագահի, բանկն «ունի բավարար չափի լիկվիդային միջոցներ եւ իրականացնում է լայնամասշտաբ վարկավորում»։ Պարզապես, որեւէ տրամաբանության մեջ հնարավոր չի տեղավորել՝ թե ինչո՞ւ հանկարծ որոշվեց, ըստ ԿԲ հարգարժան նախագահի՝ «ծաղկող» բանկի ակտիվները եւ պարտավորությունները աճուրդի հանել՝ թեկուզեւ մասամբ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել