«Ա1+»-ն առայժմ կլռի Շաբաթ օրն «Ազդակ» ակումբի հյուրն էր «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, որն անդրադարձավ «Նոյյան Տապանի» եւ իր հեռուստաընկերության փոխհարաբերություններին: Մեր կողմից նշենք, որ տարակարծությունների այս թեման հաճույքով շահարկում էր իշխանամետ մամուլը՝ փորձելով առավել սրել շահերի որոշակի հակասության եւ գուցե նաեւ «Ա1+»-ի երկարատեւ հարկադիր պարապուրդի հետեւանքով նյարդերի գերլարվածության պատճառով առաջացած բախումը: Սակայն Մեսրոպ Մովսեսյանն այս անգամ հիասթափեցրեց չարախնդացողներին. «Ես հասկանում եմ ձեր ցանկությունը, որ լինի մեծ աղմուկ, լինի պատերազմ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» միջեւ, որովհետեւ դա սենսացիա է, իսկ թերթերին միշտ հետաքրքրում են սենսացիաները: Բայց չմոռանանք, որ մենք վերջապես գործընկերներ ենք: «ՆՏ»-ն, ինչպես եւ բոլորս, ունի իր իրավունքները՝ ինչ-որ տեղ՝ ոտնահարված, ինչ-որ տեղ՝ լրիվ զրկված դրանցից: Եվ այս կռիվը, որ հիմա տալիս է «ՆՏ»-ն՝ ձեր կռիվն էլ է: Հասկանում եմ իրավիճակը, որի մեջ ընկել է «ՆՏ»-ն՝ չնախատեսված եւ մինչեւ վերջ չմտածված քայլերի հետեւանքով. դրանք բերեցին նրան, որ տուժեց «Ա1+»-ը, հետ ընկավ մրցույթը: Իհարկե, կար նյարդայնություն, կա նաեւ մի քիչ նեղվածություն: Բայց եթե դնում ենք նժարի վրա՝ մի կողմից լրագրության, հեռուստաընկերությունների իրավունքները եւ մյուս կողմից՝ միայն «Ա1+»-ի մի քանի ամիս կորցնելը, ես գերադասում եմ լռել: Սա մեր դիրքորոշումն է»: Լռությունն այնքան էլ լիակատար չէր, որ չխոսվեր նաեւ այդ «մինչեւ վերջ չմտածված քայլերի» մասին. «Հանձնաժողովն ասում է՝ նշեք հաճախությունը, «ՆՏ»-ն ասում է՝ ոչ, չեմ նշի: Եվ այդտեղ վերջանում է մրցույթը: Հիմա եկեք նայենք, թե ինչ ճանապարհ անցավ «ՆՏ»-ն՝ դատարանական քաշքշուկ, ժամանակ ու էներգիա կորցրեց եւ ստացավ նույն պատասխանը, ինչ որ ասել էր Ամալյանը (այսինքն, որ պիտի նշվի հաճախություն.- Ա. Ի.): Ո՞վ շահեց: Ամալյա՛նը: Ես այսօր չեմ կարող ասել, որ «ՆՏ»-ն լիովին պաշտպանեց իր իրավունքները: Եվ կպայքարեմ «ՆՏ»-ի իրավունքների համար, քանի որ դատարանի որոշումը հօգուտ Ամալյանի է: Բայց այս արանքում կորցրեցինք ժամանակ, իսկ պրն Ամալյանն առիթը չկորցրեց եւ մրցույթի անցկացումը կհասցնի մինչեւ մարտ-ապրիլ: Դա է խնդիրը»: Մեսրոպ Մովսեսյանն առաջարկեց, որ «ՆՏ»-ն ինքը վերլուծի եւ հասկանա իր սխալը. «Սխալն այն էր, որ հույսը դրել էր մեր դատական համակարգի վրա: Մեր երկրում ոչինչ չի որոշվում դատարաններում: Դա պետք էր մի քիչ ավելի շուտ հասկանալ»: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում խոսքի ազատությանը, որն ըստ պրն Մովսեսյանի՝ «ավելի շատ չկա, քան կա»: Որպես հիմնավորում բերված օրինակները հիմնականում հեռուստաընկերություններին եւ դրանց թղթակիցներին էին վերաբերում. «Ես չեմ կարող ասել, որ պրն Քոչարյանը փակել է ազատ խոսքը: Մենք ինքներս ենք դա արել: Իմ գործընկերները՝ հեռուստաընկերությունների ղեկավարները առաջնային են դիտում բիզնեսը. հեռուստատեսությունը համարում են մեծ գովազդ, որի կողքին լրատվություն է, գեղարվեստական ֆիլմեր եւ մանր-մունր հաղորդումներ: Պետք է լինի ընդհակառակը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ