Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊ ՀԱՐՑՈՒՄԸ

Դեկտեմբեր 24,2002 00:00

ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊ ՀԱՐՑՈՒՄԸ Անցած ուրբաթ «Առավոտի» փոստարկղում հայտնաբերեցինք Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի եւ ԱՄՆ դեսպանատան Հանրային հարաբերությունների գրասենյակի աջակցությամբ անցկացված եւ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցումներ՝ ավելի քան ուշագրավ արդյունքներով: Փաստաթղթից պարզ է դառնում, որ հարցումներն արվել են ս.թ. հոկտեմբերի 6-17-ը, ըստ էության, երկու փուլով՝ հոկտեմբերի 6-9 եւ 15-17-ը, ընդ որում՝ նաեւ համեմատելով այդ ժամանակահատվածի համար ստացված տվյալները: Հարկ ենք համարում շեշտել, որ «Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի հավանական թեկնածուներից ո՞ւմ օգտին կտայիք ձեր ձայնը, եթե այսօր լիներ քվեարկությունը» հարցադրումն անելու պահին տակավին հայտնի չեն եղել այսօր արդեն առաջադրված թեկնածուների անուններ ու հարցաթերթիկում թեկնածուների ցանկը միայն մոտավոր է եղել: Ցանկում ընդգրկվել է 9 թեկնածուի անուն, որոնց թվում այսօր առաջադրված են 7-ը: Բացառություն են եղել հարցմամբ հավանական համարված, բայց այդպես էլ չառաջադրված երկու թեկնածուներ՝ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյան եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան: Այսպես, հանրային կարծիքի այս ուսումնասիրության արդյունքում, որի ժամանակ, ի դեպ, հարցվել է 600 մարդ, ինչպես Գյումրիի երեք ընտրատարածքներում, այնպես էլ ամբողջ Գյումրիում հստակ առանձնացված են առաջատար երեք թեկնածուներ՝ Ռոբերտ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան եւ Արշակ Սադոյան: Գյումրիի ընտրատարածքներից մեկում հարցվածներից 53-ն են պատրաստ եղել հոկտեմբերի 6-9-ը ընկած ժամանակահատվածում իրենց ձայնը տալ Ռ.Քոչարյանին, հոկտեմբերի 15-17-ը՝ նույն տեղամասում նրա օգտին քվեարկողների թիվն ընդամենը մեկով էր ավելացել: Նույն ընտրատարածքում հոկտեմբերի 6-9-ն Ա.Սադոյանի օգտին քվեարկել է նախ 20, ապա՝ 44 մարդ, Ստեփան Դեմիրճյանի օգտին՝ համապատասխանաբար 41, ապա՝ 42 հարցվող: Մեկ այլ ընտրատարածքում հոկտեմբերի 6-9-ը Ռ.Քոչարյանին ընտրելու պատրաստակամություն է հայտնել 49 մարդ, արդեն հոկտեմբերի 15-17-ը՝ 81-ը: Այս ընտրատարածքում նշված ժամանակահատվածներում Ստ.Դեմիրճյանի օգտին պոտենցիալ քվեարկողների թիվը նվազել է: Նա համապատասխանաբար ստացել է նախ՝ 46, ապա՝ 42 ձայն: Նույն միտումն է գրանցվել նաեւ Ա.Սադոյանի պարագայում՝ համապատասխանաբար նախ՝ 24, ապա՝ 14 ձայն: Երրորդ ընտրատարածքում հոկտեմբերի 6-9-ը Ռ.Քոչարյանի օգտին պատրաստ են եղել քվեարկել 59 հոգի, հոկտեմբերի 15-17-ը՝ 67 հոգի: Հոկտեմբերի 15-17-ի դրությամբ այս ընտրատարածքում կատարված հարցումների արդյունքում երկրորդ տեղում է եղել Ստ.Դեմիրճյանը՝ 24 ձայն, Ա.Սադոյանը՝ 22 ձայն եւ Ա.Գեղամյանը՝ 17 ձայն: Ինչ վերաբերում է Գյումրիին ամբողջությամբ վերցված, ապա, ըստ ներկայացված աղյուսակի, Ռ.Քոչարյանը հոկտեմբերի 6-9-ը ստացել է 161 ձայն, կամ 26,83 տոկոս, իսկ հոկտեմբերի 15-17-ը՝ 202 ձայն, կամ 33,66 տոկոս: Թեկնածուներից Ստ.Դեմիրճյանը համապատասխանաբար՝ 99 ձայն, կամ 16,50 տոկոս եւ 108 ձայն, կամ 18,00 տոկոս, Ա.Սադոյանը 68 ձայն, կամ 11,33 տոկոս, 80 ձայն կամ 13,33 տոկոս: Ա.Գեղամյանը ողջ Գյումրիի մասշտաբով հոկտեմբերի 6-9-ը ստացել է 8,66 տոկոս, հոկտեմբերին 15-17-ի հարցման արդյունքում՝ 5,66 տոկոս: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դատելով այս հարցումներից, Ռ.Քոչարյանի՝ Գյումրիի 600 բնակչի շրջանում ֆավորիտ լինելն ավելի քան հարաբերական է: Բանն այն է, որ համաձայն մեկ այլ աղյուսակի, վերը հիշատակված թվերն ու Քոչարյանի առաջատար լինելու հանգամանքը բացատրվում են միայն նրանով, որ հարցման վերջին՝ հոկտեմբերի 15-17-ի ժամանակահատվածում Ռ.Քոչարյանը 600 գյումրեցու շրջանակներում 33,66 տոկոսի վարկանիշ է ունեցել այն դեպքում, երբ հարցումը, այսպես կոչված, «կոնտակտային» է եղել: Մինչդեռ նամակով արված հարցման պարագայում նույն ժամանակահատվածում գործող նախագահը ստացել է անհամեմատ քիչ թվով ձայներ, որ ընդհանուր հաշվով կազմել է 21,62 տոկոս: Ընդ որում՝ Քոչարյանն այս դեպքում ստացել է ճիշտ այնքան, որքան Ա.Սադոյանը՝ 21,62: Ի տարբերություն վերջիններիս՝ նամակով հարցման դեպքում առաջին հորիզոնականում Ստ.Դեմիրճյանն է եղել՝ 22,97 տոկոս: Ըստ էության, Քոչարյանի քվեները շատ որոշակիորեն եւ, թերեւս, նաեւ ընդգծված «վախի» կամ զգուշավորության արդյունք են: Այլ կերպ դժվար է բացատրել հարցվողների հետ անմիջական շփումների արդյունքում նրա ստացած 33, 66 ու «Ասպարեզ» ակումբ ուղարկված նամակների ամփոփում հանդիսացող 21,62 տոկոսը: Ճիշտ նույն տրամաբանությամբ, կոնտակտային հարցումների արդյունքում Ստ.Դեմիրճյանն է ստացել 18,00 տոկոս, իսկ նամակով հարցման արդյունքում՝ 22,97: Ընդամենը 600 գյումրեցիների շրջանակում անցկացված կարծիքի ուսումնասիրության այս արդյունքները, առավել եւս այսօր՝ հարցումից ավելի քան 2 ամիս անց, խիստ մոտավոր են: ՀՀ նախագահի ընտրությունները դեռեւս վճռորոշ փուլ չեն թեւակոխել, ուստի խոսել որեւէ թեկնածուի ստանալիք քվեների մասին՝ ժամանակավրեպ է եւ կախված ամենատարբեր հանգամանքներից: Այդուհանդերձ, որեւէ, նույնիսկ Քոչարյանի «PR»-ին ուղղված հարցում նախեւառաջ պետք է զգաստացնող լինի հատկապես ընդդիմության համար: Գործող նախագահի ընտրազանգվածը որոշակիացված է, որն անհամեմատ քիչ է, քան ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը: Իսկ թե հատկապես որքա՞ն ավելի շատ կլինեն ընդդիմության համակիրները, ովքեր առանց զլանալու կգնան ընտրության, ովքեր ի դեմս այդ ընդդիմության՝ Քոչարյանին այլընտրանք կտեսնեն ու կքվեարկեն նրա օգտին՝ վստահ լինելով, որ այդ այլընտրանքն ի վիճակի կլինի տեր կանգնել իր վաստակած ձայներին՝ կախված է միմիայն ընդդիմությունից ու նրա վարելիք քարոզարշավից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել