Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ

Դեկտեմբեր 24,2002 00:00

ԴՈՒ՝ ՄԵՐ ՎԵՐՋԻՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ Համագումարների շքերթում վերջինն Ազգային ժողովրդավարական կուսակցությունն էր, որի հայտարարությունը որոշ չափով անսպասելի էր: Ստացվում է, որ եթե «16»-ի մի մասը պաշտպանի Գեղամյանին, մյուս մասը՝ Դեմիրճյանին, ԱԺԿ-ն պաշտպանելու է 3-րդ թեկնածուին: Եվ այդ երրորդը ո՛չ Վազգեն Մանուկյանն է, ո՛չ էլ նույնիսկ Արշակ Սադոյանը: Վաղուց հայտնի էր, որ ԱԺԿ-ն, ի տարբերություն «16»-ի իր այլ գործընկերների, չի առաջադրելու սեփական թեկնածուին, այլ պաշտպանելու է Ստեփան Դեմիրճյանին: Մինչդեռ դեկտեմբերի 21-ին կայացած ԱԺԿ 2-րդ համագումարի հայտարարության մեջ, ճիշտ է, նշված էր. «ԱԺԿ-ն գտնում է, որ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը կարող է լինել այն միասնական թեկնածուն, որի շուրջ հնարավոր է ընդդիմադիր ուժերի առավելագույն համախմբումը», սակայն նաեւ արված էր վերապահում, թե «16»-ի շրջանակում միասնական թեկնածուի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում՝ «ԱԺԿ-ն իրեն իրավունք է վերապահում առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը»: Անակնկա՞լ էր արդյոք, որ ԱԺԿ-ն կպաշտպանի պրն Հովհաննիսյանին՝ «Առավոտի» հարցին պրն Դեմիրճյանը պատասխանեց. «Անակնկալ էր նաեւ պաշտպանությունն իմ մասով, որովհետեւ չի եղել որեւէ պայմանավորվածություն: Եվ մենք շարունակելու ենք համագործակցել թե՛ ԱԺԿ-ի, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»: Վերջինիս համար այդ հայտարարությունը նույնպես անսպասելի էր: Համագումարի հայտարարության մեջ նաեւ որոշակի քննադատություն էր պարունակվում «16»-ի հասցեին. «ԱԺԿ-ն ի սկզբանե պնդում էր, որ առանց ընդդիմության միասնական թեկնածուի ընտրական մրցարշավ մտնելը նշանակում է ջլատել ընդդիմության ուժերը, սասանել ժողովրդի հավատը նրա հանդեպ: Ցավոք, միասնական թեկնածուի եւ ծրագրի խնդիրը մինչ այժմ լուծված չէ»: Իր զեկուցման մեջ Շավարշ Քոչարյանը հավելեց, թե մինչ այժմ չի իրագործվել «16»-ի հիմնադրման նպատակը՝ նախընտրական դաշինքի վերաճումը. «Մեր գնահատականն այն է, որ եթե շատ ուշացնենք, ապա դրանով կնպաստենք, որ չիրականանա այն խնդիրը, որին սպասում է ժողովուրդը, այսինքն՝ իշխանափոխությունը: Եվ ինչքան էլ ցավալի է, պետք է նշեմ, որ այդ դեպքում ամբողջ ընդդիմադիր դաշտը կիսելու է պատասխանատվությունն ապագա 5 տարում երկրի վիճակի համար»: Ի դեպ, Շավարշ Քոչարյանը նշեց, թե արդեն այժմ բոլոր ուժային կառույցները դարձել են գործող նախագահի նախընտրական շտաբներ. «Այլ ձեւ չէր էլ կարող լինել այսպիսի համակարգում»: Ուշադրություն հրավիրեց, թե շատ է շահարկվում, որ «16»-ում հավաքված են տարբեր ուղղվածության ուժեր. «Մոռանալով այն պարզ հանգամանքը, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին սատարողների մեջ կան ե՛ւ աջեր, ե՛ւ ձախեր՝ այսպես կոչված, նորացված կոմունիստները, կան ե՛ւ ազգայիններ, ե՛ւ բացարձակ ապազգային ուժեր, կամ հակապոպուլիստներ եւ պոպուլիստներ: Մենք շատ լավ ենք հասկանում, որ այնտեղ միավորման հիմքը մեկն է՝ ծառայել մեկ տիրոջ եւ հետո օգտվել, վայելել իշխանության կերակրատաշտակից: Եվ մարդիկ փորձում են իրենց պատկերացումներով նույնը տարածել ընդդիմադիր դաշտի վրա»: «16»-ի գործիչները, որոնք ելույթ էին ունենում համագումարում, գնահատեցին համախմբման ԱԺԿ-ի ջանքերը: Միայն «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն առարկեց, թե «16»-ը կարծես փորձում է ինքն իրեն համոզել, որ վատ են համագործակցում, սակայն՝ «Հիշեք վերջին 10 տարիները եւ կտեսնեք, որ երբեւիցե Հայաստանում ընդդիմությունը 1,5 տարի միասնական, համախմբված գոնե ամեն շաբաթ մի տեղ նստել-զրուցելու քայլեր չի արել»: Ե՛վ նա, ե՛ւ ՍԴՀԿ ատենապետ Ջորջ Հակոբյանը վստահություն հայտնեցին, թե կլինի «16»-ի միասնական թեկնածու, եւ կհաղթի ընդդիմությունը: Դառնանք ԱԺԿ նախընտրելի թեկնածուին: «Առավոտի» հարցին, թե արդյոք իր համար կասկածելի՞ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման օրինականությունը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մեզ համար ակնհայտ է, որ նրան, ամենայն հավանականությամբ, չեն գրանցելու: Բա՛յց: Մեզ համար նաեւ ակնհայտ է, որ 1991-ից մարդն ընտանիքով ապրում է Հայաստանում: 1991-ին եւ դրանից հետո բազմիցս դիմել է քաղաքացիություն ստանալու համար: Եվ նա լուրջ հիմքեր ունի, որպեսզի դատական կարգով իր քաղաքացիությունը ճանաչվի 1991-ից, քանի որ առայսօր նրան մերժելը եւ ընդամենը 1,5 տարի առաջ քաղաքացիություն տալը, բնական է, ապօրինի էր»: Ընտանիքով Հայաստանում բնակվելն, իհարկե, բարոյական առումով, հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի է, սակայն մանավանդ օրենսդիր մարմնի ներկայացուցչի համար առաջին չափանիշը պետք է լիներ օրենքը՝ մեր այս նկատառմանն ի պատասխան պրն Քոչարյանն ասաց. «Ես խորապես համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքացիություն չտալը հետապնդում էր հենց քաղաքական նպատակներ՝ ցանկանում էին թույլ չտալ նրան մտնել քաղաքական դաշտ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Վահե Վարսանյանը, մեզ հայտնեց, որ անցնում է «երկարատեւ (եթե ոչ մշտական) քաղաքական արձակուրդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել