Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

Դեկտեմբեր 21,2002 00:00

ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. ԵՐԵՔ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ 1987 թ. աշնանը, վերակառուցման ամենաթեժ շրջանում, Խորհրդային Հայաստանի այնժամանակվա պետանվտանգության ղեկավարն ազդարարեց, թե հանրապետությունում ուժգնանում է ազգայնականությունը։ Երկու ամիս անց՝ փետրվարին պայթեց Ղարաբաղյան շարժումը, որ նշանակում էր, թե Մարիուս Յուզբաշյանը կանխատեսել էր, եւ շարժումն ինքը՝ կանխատեսված էր երկրի անվտանգությունն ապահովող բարձրագույն մարմնի մակարդակով։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն այս փաստի արձանագրումը հուշում է, որ քաղաքական ընթացումներում որեւէ իրողության կանխատեսում նախեւառաջ նշանակում է վերահսկելիություն, այսինքն՝ կանխատեսվում է այն, ինչ վերահսկելի է, եւ ընդհակառակը՝ վերահսկելի լինելն ուղղորդում է կատարվելիքը։ Սա իր հերթին նշանակում է, որ ինքնին կանխատեսում անելը չափազանց դժվար է, եթե նախապես իրադարձությունը ծրագրված չէ եւ այդ չափով՝ վերահսկելի։ Հավանաբար, դրանով կարելի է արդարացնել ամենապարզունակ իրավիճակներում իրենց քաղաքական գործիչներ համարողների անսքող հպարտությամբ հայտարարվող այն արտահայտությունը, թե կանխատեսում անելը անշնորհակալ զբաղմունք է, կարծես իրենց գործը ուրագի պոչ սարքելն է եւ ոչ թե կանխատեսում անելը։ Ղարաբաղյան շարժման առաջին ինքնեկ առաջնորդները՝ Վաչե Սարուխանյանը եւ Իգոր Մուրադյանը կարճ ժամանակ անց դուրս մղվեցին «Ղարաբաղ» կոմիտեից մի պարզ պատճառաբանությամբ, որ շարժման մյուս առաջնորդները կարողացան ճշտել ՊԱԿ-ից Ազատության հրապարակ, այնտեղից Զորի Բալայան տանող նրանց երթուղին։ Այսինքն՝ նրանք հասկացան իրենց վերահսկելի լինելու եւ օր օրի հզորացող շարժման ալիքի անհամատեղելիությունը։ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի այդ ամիսներին ունեցած դերակատարությունը նույնիսկ 15 տարի անց մեծ հանելուկներ ունի։ Դժվար է ենթադրել, թե սպասվող պայթյունին Դեմիրճյանն անտեղյակ էր, սակայն հնարավոր է, նրան մեկուսացրել էին այն պահից, երբ Ելցինի ռուսական օրինակով Հայաստանում Հայկ Քոթանջյան սարքեցին եւ քաղաքական նոր իրողություններում խաղի նոր կանոններին չտիրապետող Դեմիրճյանը չեզոքացվեց։ Կամ, որ ավելի հավանական է՝ Դեմիրճյանն ինքը մերժեց առաջարկված պայմանները՝ առաջնորդվելով սեփական հաշվարկներով։ Վերջինը առավել ճշմարտանման է թվում, որովհետեւ հետեւելով ժամանակի հրապարակումներին եւ արեւմտյան ռադիոհաղորդումներին, կարելի էր կարծել, թե ամեն գնով աշխատում են նրան շարժման առաջնորդ դիտել, սակայն Դեմիրճյանը հերոսաբար դիմացավ սադրանքներին՝ «ոչ» ասելով շարժմանը։ Կարելի է նաեւ ենթադրել, որ Կենտրոնի բազմիցս հայտարարած «անկանխատեսելի հետեւանքներ» սպառնալի արտահայտությունը Դեմիրճյանը չափազանց լուրջ ընդունեց եւ չկարողացավ ժողովրդի համար նման ճակատագրական պահին պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Իմաստուն էր Դեմիրճյանը, թե «դասալիք» հարցադրումը հիմա անիմաստ է եւ նրա հրաժարականը, կամ որ նույնն է՝ պաշտոնանկությունը, մեկուսացման հետեւանք էր եւ շատ բաներ կարող են հասկանալի դառնալ հարեւան հանրապետություններում կատարված համանման սցենարների համեմատությամբ։ Ետխորհրդային առաջին անկախական շարժումներով հարեւան հանրապետություններում իշխանության եկած ազգայնական ուժերը՝ ի դեմս Գամսախուրդիայի՝ Վրաստանում եւ Էլչիբեյի՝ Ադրբեջանում, կարճ ժամանակ անց տապալվեցին եւ նրանց փոխարինեցին համապատասխանաբար Շեւարդնաձեն եւ Ալիեւը։ Ընդ որում, երկուսն էլ իշխանության հասան մանրամասն մշակված «վարչապետական հեղաշրջման» հետեւանքով։ Պետք է նշել, որ հանրապետությունների նախկին կուսղեկավարները միայն առաջին քարտուղարներ չէին, այլ իրենց կարիերան սկսել էին ՊԱԿ-ում եւ իշխանափոխությունը անկարելի է թվում առանց անվտանգության մարմինների օժանդակության։ Ավելի ուշ Դեմիրճյանի ներքաշումը իշխանության համար պայքարում կարելի է համարել միեւնույն սցենարի փորձարկում Հայաստանում, սակայն, ի տարբերություն Ալիեւի եւ Շեւարդնաձեի, Դեմիրճյանը նախկինում իշխանության աշխարհիկ թեւի՝ կուսակցության առաջնորդ էր, ուստի եւ նրա «անհաջողությունը» 98-ի նախագահական ընտրություններում նշանակում է, որ նա վերոհիշյալ կառույցի աջակցությունը չունեցավ, մանավանդ որ, ինչպես պատահեց հարեւան հանրապետություններում, «վարչապետական հեղաշրջման» գործոնը, ճիշտ է, բավականաչափ սքողված, բայց արդեն իրողություն էր։ Քաղաքական կյանքի զարգացման տրամաբանությամբ հավանական է 99-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնության» հաղթանակը միեւնույն «վարչապետական գործոնի» եւս մի, սակայն «համաձայնության չբերված» փորձ էր, որը «կանխվեց» նույն թվականի հոկտեմբերի 27-ին։ Ուշագրավ է, որ Ռուսաստանում համանման գործելակերպն ավելի սահուն ընթացք ունեցավ, երբ ազատական Ելցինին փոխարինեց ավելի կարծր դիրքորոշում ունեցող Պուտինը՝ լինելով վերոհիշյալ ուժային կառույցի ներկայացուցիչ։ Թվարկված գործընթացների ենթատեքստը, ըստ ամենայնի, նույնն է. փլուզված ԽՍՀՄ-ում առաջին տարիների ազատական քաոսը սպառնալիք էր ոչ միայն աշխարհի 1/6-րդ տարածք զբաղեցնող երկրների անկայունությանը, այլեւ, թափ հավաքելով, կարող էր վտանգել նաեւ ողջ աշխարհի հավասարակշռությունը, ուստի, շուտափույթ հարկավոր էր իշխանության բերել ուժերի եւ գործիչների, որոնք ավելի կանխատեսելի էին եւ ըստ այդմ՝ ավելի վերահսկելի։ Հրաժարական-2. Կարեն Դեմիրճյանի հրաժարականից տասը տարի անց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հռչակավոր հոդվածում գրում է. «Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած… նախագահ», ապա մի քանի տող ներքեւ ավելացնում է. «Ինձ համար ամենալավ լուծումը թերեւս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն…»։ Հոդվածի հրապարակումից երկու ամիս անց՝ փետրվարին, այսինքն՝ շարժման 10-ամյակի նախօրերին Լ. Տեր- Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ետին թվով առաջին նախագահի վարքը «փոքրոգի դասալքություն» համարե՞նք, թե՞ ճարահատյալություն, արդեն էական չէ, սակայն հրաժարականից առաջ ասված մի արտահայտություն նրա խոսքին հաղորդում է չասենք հայտնատեսական, բայց առասպելական երանգ. «ազգովի խնդրելու» հրամայականը կրկնում է մեր էպոսի Փոքր Մհերի՝ թվում է, դժվար իրագործելի «եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, ու գարին էղավ քանց ընկուզ մի» պահանջը։ Հրաժարական-3։ Ըստ քաղաքական դիտորդների, Ղարաբաղի պատրվակով եւ, ինչպես վերեւում նշեցինք՝ սքողված «վարչապետական հեղաշրջմամբ» իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանն իր պահվածքով անկախության տարիների առաջին էշելոնի հայ քաղաքական գործիչների մեջ ամենականխատեսելին է։ Շարունակելով հոդվածի սկզբում ասված միտքը՝ ուստի եւ ամենավերահսկելին։ Եթե Հայաստանում կա մի բան, որ թափանցիկ է, Քոչարյանի վարքն է։ Ցանկացած պարագայում կարելի է կանխատեսել նրա հակազդեցությունը, որովհետեւ հայտնի է նրա գործելաոճի զինանոցը եւ մտածելակերպի սահմանը եւ չափազանց մեծ է իրավիճակին արձագանքելու իրավիճակային կախվածությունը։ Հեռու չգնալու համար կրկին հիշենք առաջին նախագահի վերոհիշյալ հոդվածից մի դրույթ. «Մի՞թե ես չէի կարող… ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը…», որը կարճ ժամանակ անց գործող նախագահն իրողություն դարձրեց։ Կամ՝ «չի կարելի անտեսել… Նաթանյահուի սինդրոմը, որն անզիջող դիրքերից գալով իշխանության գլուխ, կարճ ժամանակ անց ստիպված եղավ շարունակել… խաղաղության գործընթացը»։ Իրոք, շուրջ քսան հանդիպումները Ալիեւի հետ եւ բծախնդրորեն գաղտնի պահվող բանակցություններից սպրդած տեղեկությունները չեն խոսում այն մասին, թե Քոչարյանը շարունակում է մնալ «կոշտ գծի» հետեւորդ։ Ավելին՝ տարածված է այն կարծիքը, որ արդեն 5 տարի պարզապես սառեցված է հակամարտության լուծման խնդիրը։ Եվ դա հայտարարում է անգամ Արկադի Ղուկասյանը։ Ինչեւէ։ Առաջիկա ընտրություններին Քոչարյանն ասպարեզ է նետել Շարժման նոսրացած պաշարները՝ Սերժ Սարգսյան եւ այլն։ Դեռ երջանկահիշատակ Տիգրան Հայրապետյանն էր կանխատեսել, որ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունների հետեւողական տապալմամբ վերջակետ կդրվի Շարժման վրա։ Վազգեն Սարգսյանը չկա, Սամվել Բաբայանը բանտում է, Վ. Սիրադեղյանը հետապնդման մեջ է, Երկրապահը՝ կոտորակված, եւս մեկ անգամ քաղաքական ընթացումներից իրեն դուրս դրեց Լ. Տեր-Պետրոսյանը, նույն պահվածքն է որդեգրել Երրորդ Հանրապետության հիմնադիր կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, թվում է՝ Վազգեն Մանուկյանի աստղային պահն անցել է, ՀԱԲ-ի կենդանության կոչերը՝ ուշացած, ասպարեզում ո՞վ է մնացել։ Մնացել է Շարժման ֆորմալ մի առաջնորդ, որի դերակատարությունն արդեն կասկածի տակ է դրվում ազատամարտիկների վկայություններով (Ժիրայր Սեֆիլյան), եւ Սերժ Սարգսյանը։ Վերլուծաբանների կարծիքով, Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածության չառաջադրմամբ այլընտրանք չի մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Սակայն չպետք է անտեսել, որ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ձեւական Շարժման եւ հայաստանյան ետհեղափոխական իրողություններն արտահայտող ընդդիմության միջեւ։ Այս ընդդիմությունը դեռեւս հստակորեն չի ձեւակերպել Ղարաբաղի խնդրում իր բանաձեւը, որը, հուսով ենք, ընտրարշավի ընթացքում կանի։ Պետք չէ մոռանալ նաեւ այն հույժ կարեւոր հանգամանքը, որ ընդդիմությունը հեղափոխական չէ։ Չեմ կարող, սակայն, չնշել, որ եթե ընտրություններն ավարտվեն մեկ փուլով՝ ընդդիմության պարտությունն անխուսափելի է, երկրորդ փուլի դեպքում՝ անխուսափելի է Քոչարյանի պարտությունը, որովհետեւ ընտրություն է կատարվելու արդեն միասնական թեկնածուի եւ Քոչարյանի միջեւ, ուստի ընդդիմությունը պետք է բոլոր միջոցներով կանխի մեկ փուլով ավարտելու Քոչարյանի արձակած հրահանգը։ Դասալքությո՞ւն կլիներ, եթե Քոչարյանը երկրորդ անգամ թեկնածություն չդներ։ Անձնական տեսակետից, ինչպես հավատացնում էր առաջին նախագահը, հանգամանքները կարծես թե նույնն են. սերունդների աչքում նա մնալու էր «անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած նախագահ», սակայն ընտրություններում հաղթելու դեպքում տարին չբոլորած հարկադրական հրաժարականը պետական տեսակետից կորստաբեր է լինելու, որովհետեւ, ինչպես երեւում է բանակցությունների ընթացքից, «Ղարաբաղը ծախելով Հայաստանում ոչ ոք չի կարող իշխանություն պահել»։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել