Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ

Դեկտեմբեր 21,2002 00:00

ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ «Ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ»՝ եկավ ու հարցրեց Ու պատասխան չգտնվեց: Ու պատասխանների խելահեղության մեջ ամեն ինչ դարձավ անիմաստ: Եվ դարձյալ ինքը վերցրեց ու գրեց իր իսկ հարցի պատասխանը եւ անուն տվեց իր ժամանակին, իր ժողովրդին, իր ժողովրդի ցավին ու իր ժողովրդի ուրախությանը, իր ժողովրդի ողբերգությանը եւ իր ժողովրդի երջանկությանը՝ փակվող էպոխայի ու բացվող էպոխայի առաջ: Ու ի տարբերություն՝ չճկվեց, չճզմվեց անորոշությունից ու ցավից, ձեռքը դրեց ցավին ու ցավը նահանջեց: Ձեռքը դրեց քարին ու քարը ճաքեց, որովհետեւ համարյա անհնար էր գրողը լինել 1915 թ. ապրած ժողովրդի ու այդ ժողովրդի համար գրել 1915 թվականի պատմությունն ու ասել՝ մի նվա: Քո հաղթանակները քոնն են լինելու: Ասել՝ լավը չես, խեղճ ես, մեջդ վրեժ չկա: Մինչդեռ մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունն է դրած մարդու ու անասունի արանքում: «Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են-քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, եւ նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորից, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետեւ վախենում են ծաղրին բռունցքով եւ զրկվելուն կտրելով պատասխանել»: Եվ՝ սովորեցրեց սիրել: Սիրել՝ բաց աչքերով աշխարհին նայելով, որը եւս համարյա անհնար էր, որովհետեւ մենք սովորել էինք մեզնից փախչել: Եվ ասաց՝ ծառ, եւ հասկացրեց՝ մարդ: Ու մեր հոգուց մաքրեց դարերի տիղմը, որ ապրենք մեր կյանքով, որ մեր կյանքն ապրենք ու …հայրենիք ունենանք: Եկավ ու ասաց. «Միայն հաղթանակ. պարտությունը պառավ ջադու է դառնալու կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա էլ գնաս՝ վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչեւ իսկ թուրքը՝ ջահել մարդ ես՝ չե՞ս ամաչում, էդ ի՞նչ ես շալակել, ասելու են, կի՞ն է, եկեղեցով հետը պսակվա՞ծ ես, չե՞ս կարողանում բաժանվել, թե՞ մայրդ է, ինքն է քեզ բերել՝ պարտավոր ես. գցիր, ասելու եմ, շան լակոտ, խայտառակ սկսել ես, խայտառակ էլ փակու՞մ ես ցեղիդ պատմությունը. միայն հաղթանակ, եւ կյանքը նժույգ է դառնալու քեզ իր թամբին առնի, եւ բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու եւ քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչեւ իսկ թշնամիդ. միայն հաղթանակ ասելու եմ. պարտությունն էլ, հաղթանակն էլ՝ երկուսն էլ մարդուց են, ինքը մարդն են, հաղթանակը ճառագող մարդն է, պարտությունը՝ մթնած մարդը,-քո խավարումները քո նախնին արդեն խավարել է, մթնելու տեղ դու այլեւս չունես, քո սեւերն արդեն քո նախնին հագել մաշել է, մի անգամ քո կարմիրը հագնելու՞ ես. քեզ միայն հաղթանակ է տրված, մարդ եղիր քո առաջ՝ եւ ձիավորվիր»… Ու՝ ապրեց ներսից խիղճ ու դրսից խիղճ, կատաղի, վարար, առնաուտի արյունը երակներում՝ խաղաղ ապրեց, որ խաղաղ խելագարություն էր՝ կյանքի առաջ ու մեր բոլորի առաջ, որ կույր ու խուլ էինք, որ համր ու հլու էինք: Ու՝ այլեւս չէինք լինելու այդպես, որովհետեւ աշխարհում գոնե մի անգամ հայերիս տրվել էր նրանով լույսը տեսնելու հնարավորությունը: Եվ անհնար էր այլեւս հիմար-սնամեջ-անհեթեթ սերունդ մնալ՝ օրվա գրականությունն ափլփող ու նույն պահին մոռացող, երբ հոգուդ մեջ կաթացել էր քո երկրի պատմության ու քո կյանքի ճշմարտությունը: Ապրեց՝ մեկը մեզնից, բայց միշտ մենակ՝ իր կյանքը երբեք մեզնից գաղտնիք չդարձրեց, եղավ մեր կողքին, բայց ավելի շատ՝ մեր թիկունքին, որ հետ նայելու հայրենիք ունենանք, որ ոտքի տակ հող ունենանք ու դեռ ցանկություն՝ երկինք նայելու, որովհետեւ Կանաչ դաշտը ավելի շատ երկնքում է ծաղկում: Ապրեց՝ մեկը մեզնից ու առանց մեզ, որովհետեւ մեզնից լավագույնները հեռանում էին ու խելագար ցավ էր նրանց կորուստը, որ ամոքում չունի: Ապրեց՝ եւ8230չգրեց, որովհետեւ գրելը շատ ավելի հեշտ էր, ով ասես գրում էր, ինչ ասես՝ գրում էր, որովհետեւ երբ բոլորը գրող էին դարձել, ինքը պիտի գրականության հարգը պահեր, ինքը պիտի չափանիշ պահեր: Գրականության՝ չգրելով, որը հազար անգամ ավելի դժվար էր: 8230Ու հեռացավ: Սիրելով մեզ, որ ստոր ենք ու սխալ, որ բոլորովին արժանի չենք սիրո, բայց Աստծո արարած ենք ու Աստծո մարդը սիրելու համար է: Սիրելով մեզ, որ դավաճանում ու սպանում ենք, բայց մի օր կանգ ենք առնելու ու կանգ ենք առնելու՝ գլխիկոր ու գլխահակ նրա առաջ: Ու դարձյալ նա է արցունքը բռունցք դարձնելու ու առաջ հրելու, որովհետեւ մեր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ կռվելը նրանից ենք սովորել, իսկ նա՝ բոլոր այն հայերից, որ աշխարհում ապրել են ու հաղթել: Ու հիմա ո՞վ ենք մենք՝ առանց նրա: Մարդիկ, որ ապրում ենք երկրում՝ երկիրը չզգալով, իրար չտեսնելով ու իրար չլսելով, մարդիկ՝ ժամանակի մեջ ու իրար կողքի մենակ: …Բայց Ծմակուտում նորից ծաղկելու են արեւածաղիկները ու նայելու են պայծառ, պայծառ:8230Ու հեռանկար ունենալու են մեր սարերը, մեր Մեծամորը, մեր Սկիզբն ու Աշնան արեւը, վերջիվերջո՝ Մեր երկրի Մեր ՏԵՐԸ: Ու վերջ չի ունենալու մեր ընթացքը, որովհետեւ մենք մեր հայրենիքի որդիներն ենք: Մեր երկրի ջիղը մեր ափերի մեջ տրոփում է ու մեկ-մեկ էլ դառնում քարագրություն՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որ ունի ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անունը եւ այլեւս՝ Հավերժության անունը: ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել