Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ»

Դեկտեմբեր 21,2002 00:00

«ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ» Բողոքում է 2001թ. «Տարվա լավագույն ուսուցիչը» «Առավոտի»՝ 6.11.02թ. «Սկզբում կրճատեցին, հետո՝ մեղադրեցին» հոդվածում գրել էինք, որ Վանաձորի թիվ 1 կրթօջախի փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Վալյա Լոռյանը, որ 2001թ. ճանաչվել էր Լոռու մարզում «Տարվա լավագույն ուսուցիչ»՝ մաթեմատիկա առարկայի գծով, հարկադրված է ներգրավվել դատական գործընթացների մեջ՝ որպես հայցվոր։ Հիշեցնենք, որ 11.03.2002թ. Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը վերականգնել էր Լոռյանի աշխատանքային իրավունքները (այն բանից հետո, երբ 1.09.2001թ. վերջինս ազատվել էր փոխտնօրենի պաշտոնից՝ «դպրոցի վերակազմավորման եւ հաստիքացուցակի կրճատման կապակցությամբ»՝ «նրան թողնելով մաթեմատիկայի ուսուցչի հաստիքում»)։ Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ էր մտել 2002թ. ապրիլի 4-ին (այն բանից հետո, երբ պատասխանող կողմը՝ ի դեմս դպրոցի վարչակազմի, բողոք չէր բերել)։ Հարկ է նկատել, որ Վ. Լոռյանի՝ աշխատանքի վերականգնումը տեղի էր ունեցել դատախազության միջամտության արդյունքում (դատական ակտերի հարկադիր կատարման Լոռու մարզային ծառայությանը ստիպելով կատարել դատարանի որոշումը)։ Դրանից հետո դպրոցի տնօրենի եւ Լոռյանի հարաբերություններն ավելի են սրվում։ Վ. Լոռյանի հավաստմամբ՝ 2 ամսվա ընթացքում 3 անգամ ժողով է գումարվում, ստորագրություններ հավաքվում իր դեմ։ «Ամբողջ ապրիլ-մայիս ամիսներին օգնություն եմ խնդրել հալածանքների, հետապնդումների համար՝ տարբեր ատյաններից»,- գրում է Վ. Լոռյանը՝ 10.12.2002թ. ՀՀ նախագահին ուղարկած դիմում-բողոքի մեջ, նշելով, որ իր դեմ ստորագրած 45-ից 35-ը իր հետ չեն աշխատել նույնիսկ մեկ օր, հետեւաբար՝ այդ ստորագրությունները «անօրինական են»։ «2002թ. ապրիլի 29-ին, չպարզված հանգամանքներում ուսուցչանոցից անհետացել է 10-րդ Ա դասարանի դասամատյանը» (մեջբերում՝ 2/1859 -02թ. նոյեմբերի 21-ի դատական նիստի վճռից)։ Հենց այդ կորած մատյանի շուրջն են ծավալվել հետագա գործողությունները՝ դպրոցի տնօրենի եւ Վ. Լոռյանի միջեւ, եւ, այդ ամենի արդյունքում, Լոռյանը 2-րդ անգամ է աշխատանքից ազատվում (այս անգամ զրկվելով ոչ միայն փոխտնօրենի պաշտոնից, այլեւ՝ մաթեմատիկայի ուսուցչի աշխատանքից)։ Հատկանշական է, որ աշխատանքից 2-րդ ազատումը տեղի է ունենում առանց արհկոմի նախնական համաձայնության։ Ահավասիկ. «Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը, հայցը վարույթ ընդունելուց հետո, պարզելով, որ բացակայում է Լոռյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ դպրոցի արհկոմի համաձայնությունը, հետաձգում է վեճի քննությունը» (մեջբերում վճռից)։ Դրանից հետո միայն՝ «Դպրոցի արհկոմը 04.11.2002թ. կայացած նիստով տվել է իր համաձայնությունը» (եւ սա այն դեպքում, երբ Լոռյանն աշխատանքից 2-րդ անգամ ազատվել էր 05.09.2002թ.՝ արհկոմի համաձայնությունից 2 ամիս առաջ)։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 21-ին մերժեց Վ. Լոռյանի հայցը՝ աշխատանքում վերականգնվելու պահանջի մասին։ Այժմ վճիռը գտնվում է բողոքարկման փուլում։ «Վ. Լոռյանի դիմում-բողոքներում բերված փաստարկները տեղում ստուգելիս պարզվել է, որ Վ. Լոռյանի եւ դպրոցի տնօրենի կոնֆլիկտը անձնական բնույթ է կրում, դպրոցում տիրում է բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ»,- հայտնել է ԿԳ նախարարության հանրակրթության տեսչության պետ Ռ. Ստեփանյանը՝ Լոռու մարզպետարանի կրթության վարչությանը ուղարկված գրության մեջ եւ առաջարկել «միջոցներ ձեռնարկել դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքները բարելավելու եւ բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու ուղղությամբ»։ Այս մասին պաշտոնական գրությամբ տեղյակ է պահվել նաեւ «նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովին (ի պատասխան վերջինիս՝ 26.09 .02թ. 4-5529 գրության), ինչպես նաեւ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին (ի պատասխան՝ 25.09.2002թ. ԳԿՄ-Կ-687 գրության)։ Իսկ Վ. Լոռյանին ուղարկված գրության մեջ (ի պատասխան 5.09.02թ. դիմումի) Ռ. Ստեփանյանը նշել է, որ «դպրոցի տնօրենի աշխատանքում նկատվել են որոշ թերություններ»)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել