ՆՅՈՒՏՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է Վերջին մեկուկես տարում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում 3 տնօրեն է փոխվել եւ 3-ն էլ «ալերգիկ» վերաբերմունք են դրսեւորել արհմիության նկատմամբ։ Այն է՝ 3-ն էլ ինստիտուտի աշխատավարձի ֆոնդից «բարեխղճորեն» մասնահանել են արհմիության հասանելիք 1%-աչափ գումարն ու, առաջնորդվելով Նյուտոնի Ձգողականության մասին օրենքով, գումարը ձգել դեպի անձնական օգտագործման ֆոնդ ու տնօրինել ըստ հայեցողության։ Բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության տվյալներով, 2000- 2001 թվականներին ֆիզիկայի ինստիտուտում այս ճանապարհով «իրացվել» է շուրջ 750 հազար դրամ։ 2002-ի մասին դեռեւս ամփոփ տվյալներ չկան։ Բայց կարող էին լինել, եթե մեր գրավոր հարցմանն ինստիտուտը տար սպառիչ պատասխան։ Գրավոր հաղորդագրությունը տեղեկացնում էր միայն, որ 2000թ. հունվարից արհմիության համար հաշվարկված գումարը մասամբ է փոխանցվել արհմիության հաշվին, որ վերջին փոխանցումը կատարվել է այս տարվա սեպտեմբերի վերջին, 100 հազար դրամի չափով, որ մնացած գումարը՝ արհմիության նախագահի համաձայնությամբ, օգտագործվել է ինստիտուտի աշխատակիցների կարիքների համար։ Նշենք, որ այս բողոքը բուհերի արհմիությունների հանրապետական միությունում (որին անդամակցում է ֆիզիկայի ինստիտուտը 1992 թվականից) բարձրացրել է նույն՝ համաձայնություններ «սփռած» արհմիության նախագահ Լեւ Կոզլիները։ Նա նեղսրտել է, որ արդեն 3 տարի է, ինչ իր կազմակերպության հաշվեհամարին ոչ մի դրամ չի փոխանցվում, եւ ինքն էլ, բնականաբար, ոչ մի ծրագրված աշխատանք չի կատարում։ Որպես արհմիության ազատված նախագահ, Լեւ Կոզլիներն իր կազմակերպության գոյությունը համարում է վտանգված, կաթվածահար, իր «աթոռն» էլ, տրամաբանորեն, ավելորդ։ Նրա բողոքը խմբագրություն հասցրած «շեֆ» միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանին էլ, ըստ էության, հետաքրքրում էր գրեթե նույնը։ «Խնդիրը գումարը չէ, ոչ էլ այն, թե ինչ ուղղությամբ է ծախսվել այն։ Խնդիրն այն է, որ ակամա լուծարման եզրին է հայտնվել տեղական արհմիութենական կազմակերպություն, որը գործել է երկար տարիներ, միշտ եղել աշխատողների կողքին, պաշտպանել նրանց շահերը»,- ասաց Գ. Վաղարշակյանը։ Մինչեւ խմբագրություն դիմելը նա այս մասին տեղեկացրել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը (ում ենթակայության տակ է ինստիտուտը), զրուցել է նաեւ ինստիտուտի ներկա տնօրեն Հրաչյա Ասատրյանի հետ, լսել խոստումներ, որ ամեն ինչ կկարգավորվի։ Սակայն ինստիտուտի նոր տնօրենը, առաջնորդվելով այս անգամ էլ իներցիայի պահպանման օրենքով, շարունակել է իր 2 նախորդների որդեգրած շարժման գիծը՝ ստանալ արհմիության հասանելիք գումարն անձամբ եւ տնօրինել անձամբ։ Դա հիանալի ձեւ է՝ փառք ու պսակով զարդարել տնօրինության, իսկ փուշ ու տատասկով՝ արհմիության գլուխը։ Այսկերպ հնարավոր է անխախտ պահել նաեւ տնօրենի անձնական գումարային ֆոնդը՝ երես պարզեցնելու մի այլ ձեւ գտնված է։ Ի դեպ, ոչ ներկա, ոչ էլ անցյալ տնօրենները չեն թաքցրել իրենց ոչ այնքան դրական, որքան բացասական վերաբերմունքն արհմիության գոյության նկատմամբ։ Ճիշտ է, մեզ ուղղված գրավոր պատասխանում այս հարցին ստացանք «ընդհանուր առմամբ՝ դրական» պատասխանը։ Բայց Գ. Վաղարշակյանի հետ զրույցում տնօրեն Հ. Ասատրյանը նշել է. «մենք դեռ կդնենք քննարկման՝ մեզ պե՞տք է արհմիություն, թե՞ ոչ»։ Տնօրենի բացասական վերաբերմունքն այս հարցին, փաստ է, որ ուղիղ գծով կարող է անդրադառնալ ողջ կոլեկտիվի վերաբերմունքի վրա։ Թեկուզ եւ՝ աշխատատեղ չկորցնելու համար։ Առանց այդ էլ նախկինում 3-4 հազարանոց կոլեկտիվից մնացել է 500-ը։ Ի դեպ, մեր երկիրն անդամակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, որի հիմնարար կոնվենցիաներից մեկը (թիվ 87) հուշում է՝ արհմիությունը կարող է ազատ դրսեւորվել ցանկացած կազմակերպության ներսում, անկախ ադմինիստրացիայի ցանկության ու մասնակցության։ «Եթե ֆիզիկայի ինստիտուտում շարունակվի արհմիության հանդեպ հալածանքը, շուտով մենք կունենանք անպաշտպան գիտնականների մի դաս, ում շահերի պաշտպանությունը կմնա օդում»,- ասաց Գ. Վաղարշակյանը, ավելացնելով, որ իրենց միությունը կշարունակի լրջորեն պաշտպանել ֆիզիկայի ինստիտուտի արհմիության կանոնավոր աշխատանքն ու գոյությունը։ Վերջում ասենք, որ այս տարվա հոկտեմբերից ինստիտուտում դադարեցված են արհմիության հաշվին մասնահանումն ու մուծումները։ Ինստիտուտի փոխտնօրեն Աշոտ Ախպերջանյանը մեր հանդիպման ժամանակ պարզաբանեց, որ դրա պատճառն արհմիության վերագրանցում չունենալն է։ Պատասխանը տրամաբանական է, թեպետ վերագրանցման գործընթացը դեռ շարունակվում է։ Անհասկանալի է, թե ինչպես այդ հանգամանքը չի խանգարել ինստիտուտի տնօրինությանը՝ նախորդ տարիներին չվերագրանցված կազմակերպության հաշվին մասնահանում անել եւ օգտագործել գումարը լրիվ իրավունքով։ Հանկա՞րծ հիշեցին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ