Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՎ ՃՈՐՏ Է ԵՎ ՍՏՐՈՒԿ»

Դեկտեմբեր 21,2002 00:00

«ՈՎ ՃՈՐՏ Է ԵՎ ՍՏՐՈՒԿ» Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության հանրապետական համաժողովի ավարտին երեկ հնչեց «Ելիր, ում կյանքը անիծել է» հիմնը, որն ունկնդրեցին հոտնկայս: Իսկ ՀՆԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար Յուրա Մանուկյանը նաեւ երգում էր «Ինտերնացիոնալը»: «Լքված կնոջ բարդույթը» Հոգեբաններն այսպես են բնորոշում այն վիճակը, երբ մարդն անընդհատ խոսում եւ մտածում է իրենից հեռացածի մասին: Ակնհայտորեն, ՀՆԿԿ-ն տառապում է այդ բարդույթով, քանզի երեկ ավելի շատ խոսվեց Հայկոմկուսի, որից մեկ տարի առաջ տրոհվեց ՀՆԿԿ-ն, քան սեփական կուսակցության մասին: Այսպես, նախ Յուրա Մանուկյանը զեկուցման մեջ հերթական անդրադարձը կատարեց իրենց բաժանման պատմությանը, նշելով, թե «պատահաբար կուսակցության ղեկավարության մեջ հայտնված անմակարդակ փոքրամասնությունը սկսեց ուղղակի իր կամքը փաթաթել որակյալ մեծամասնությանը»: Որակյալներն, իհարկե, իրենք էին, թեեւ բացի պրն Մանուկյանից եւ Հրանտ Ոսկանյանից՝ համաժողովում չերեւացին դեմքեր, որոնք փոքրիշատե հայտնի լինեին քաղաքական շրջանակներին եւ հանրությանը: Եվ դահլիճի մի հատվածն էլ զբաղեցնում էին պատանիներ եւ աղջիկներ, որոնց տարիքը բնավ կոմունիստական չէր: Մինչդեռ Յուրա Մանուկյանը պնդում էր, թե ՀԿԿ շարքերն են «քանակի առումով մարում», նաեւ՝ թե «վերջին մեկ տարում դարբինյան-սահակյանական քաղաքական անհասկանալի, առեղծվածային խաղերը հեղինակազրկել են կոմունիստական-սոցիալիստական հասկացությունն ընդհանրապես»: Որպես ամենազորեղ փաստարկ՝ հնչեց մեջբերում իշխանամետ թերթերից մեկի վերլուծականից, թե «վառ անհատականություն» Հրանտ Ոսկանյանը «շատ ավելի մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունի կոմունիստական էլեկտորատի վրա, քան ՀԿԿ ներկա առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը»: Սա դեռ ամբողջը չէր: ՀՆԿԿ Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար Վլադիմիր Հայրապետյանը մայր կուսակցությանը մեղադրեց, թե այնտեղ «գերիշխում է ոչ թե գաղափարախոսությունը, այլ՝ քավոր-սանիկությունն ու խնամիական կապերը», Կալինինոյի շրջկոմի քարտուղար Վլադիմիր Բարոյանը, թե «Սերգեյ Բադալյանի մահից հետո ՀԿԿ-ն անցավ ննջարան եւ սկսեց ննջել ու քնել՝ Վլադիմիր Դարբինյանի ղեկավարությամբ»: Իսկ պատերազմի եւ աշխատանքի վետերան Սերգեյ Կարապետյանը ՀԿԿ կենտկոմի քարտուղար Սանատրուկ Սահակյանին նմանեցրեց «ապերախտ եւ անառակ որդու հետ, որը դեռ չհասունացած ու մարդ չդարձած՝ համարձակվում է իրեն թույլ տալ անտակտ, գռեհիկ, երիտասարդին անվայել խոսքերով վարկաբեկել Խորհրդային Հայաստանի երախտավորներին»: Սեփական աչքի գերանը Համաժողովի ելույթների մի զգալի հատված էլ առնչվում էր «16»-ին եւ նրա թեկնածուներին: Ասենք, Սերգեյ Կարապետյանը շեշտեց. «Ապշեցուցիչ է, բայց փաստ. «16»-ում հավաքված են ծայրահեղ ձախերից մինչեւ ծայրահեղ աջերը: Անհասկանալի է նրանց ընդհանուր շահը, չէ՞ որ երկրին օգուտ կարող է տալ միայն միեւնույն գաղափարների, քաղաքական կուրսերի եւ սկզբունքների ներքո համախմբումը»: Եվ տարակուսեց, թե ինչպես կարող է ՀԿԿ-ն համագործակցել ծայրահեղ աջերի հետ, որոնք «մերժում են կոմունիստական վարչակարգը»: Իսկ Յուրա Մանուկյանը նշեց. «Միավորման անդամները հիմնականում այն կուսակցություններն են, որոնց ջանքերով վերացվեց սովետական հասարակարգը մեր երկրում»: Քիչ անց առավել մանրամասնեց. «16»-ի տխրահռչակ դաշինքի լիդերներն են նրանք, ովքեր 1988-ի հայտնի դեպքերից սկսած մինչ օրս շարունակում են մնալ կոմունիստական, մարքսիստական գաղափարների երդվյալ թշնամի: Բոլորիդ քաջ հայտնի են Արշակ Սադոյանի, Վազգեն Մանուկյանի, Աշոտ Մանուչարյանի, Ալբերտ Բազեյանի, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արամ Սարգսյանի անունները, որոնց մեծ դերակատարությունը Հայաստանում սոցիալիստական կարգերի տապալման գործում դուք լավ եք հիշում: Կարծում եմ, չեք մոռացել նաեւ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի այն քայլը, երբ լինելով ՀԿԿ կենտկոմի 1-ին քարտուղար՝ փորձեց լուծարել այն: Լավ եք ճանաչում նաեւ Արտաշես Գեղամյանին, որն, ըստ էության, վաղուց եւ վերջնականորեն խզել է կապերը մեր գաղափարախոսության հետ: Հարց է ծագում, ընդհանուր ի՞նչ կարող է ունենալ ՀԿԿ-ն այս դաշինքի շարքերում, որի բոլոր անդամներն, առանց բացառության, կոմունիստների երդվյալ հակառակորդներն են: Գուցե մե՞նք չենք հասկանում: Գուցե Վլադիմիր Դարբինյանը մտադրվել է այդ ուժերի ողջ եռանդն ու ֆինանսական հնարավորություններն իր «ճկուն դիվանագիտությամբ եւ խորաթափանց մտածողությամբ» ուղղել Հայաստանում սոցիալիստական կարգերի վերահաստատմա՞նը»: Յուրա Մանուկյանն ասաց, թե «16»-ի կուսակցությունները գոյություն ունեցող կարգի արմատական փոփոխության խնդիր չէ, որ նպատակադրել են եւ դեպքերի զարգացումները ցույց կտան, թե «ինչ ակնկալիք ունի Հայաստանի Կոմկուսի կենտկոմը «16»-ի դաշինքից՝ ֆինանսական շահագրգռությո՞ւն, ապագա պաշտոննե՞ր»: Իսկ մի՞թե պակաս ամորֆ եւ հեղհեղուկ չէ նախագահի շուրջ համախմբված քաղաքական ուժերի միությունը, որտեղ կան ե՛ւ աջեր, ե՛ւ կենտրոնամետներ, ե՛ւ ձախեր: Կամ՝ իշխանամետներից այդ ո՞ր մի կուսակցության համար է ընդունելի կոմունիստական վարչակարգը եւ նրա գաղափարախոսությունը, փափագելի սովետական հասարակարգի վերականգնումը: Գուցե, ասենք, Անդրանիկ Մարգարյանը կամ Սեյրան Ավագյա՞նն են պակաս պայքարել Հայաստանի անկախության համար: Ուրեմն, եթե ՀՆԿԿ շահագրգռություններն էլ զուտ ֆինանսական կամ պաշտոնային չեն՝ կհերիքի՞ պրն Մանուկյանի «ճկուն դիվանագիտությունն ու խորաթափանց մտածողությունը», որպեսզի նա նախագահամերձ ուժերի ջանքերն ուղղի Հայաստանում սոցիալիստական կարգերի վերահաստատմանը: Ընդդիմադիր ըլլալով՝ իշխանությանը կպաշտպանենք «Մենք կոչված ենք վերակերտելու հայության սոցիալիստական ապագան»,- ասում էր Յուրա Մանուկյանը՝ սոցիալիզմը մասնավորապես բացատրելով որպես «ուտոպիստ-սոցիալիստական տեսությունների գործնական կենսագործում»: Իր առաքելությունը հռչակելով «սահմանադրական ճանապարհով պայքարը հանուն սոցիալիզմի», նա ՀՆԿԿ-ն անվանեց արմատական ընդդիմադիր կուսակցություն: Եվ պատրաստակամություն հայտնեց համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք նույնպես ցանկանում են Հայաստանը վերադարձնել զարգացման սոցիալիստական ուղի: Թերեւս այդպիսիք են ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը», ՀԺԱՄ-ը, «Արժանապատիվ ապագան», «Հզոր Հայրենիքը» եւ այլք, որոնց հետ ՀՆԿԿ-ն համագործակցաբար պաշտպանում է գործող նախագահին: Երեկ այդ մասին որոշում չկայացվեց: Համաժողովի ընդունած բանաձեւում միայն նշվեց, թե ուսումնասիրելու են առաջադրված բոլոր թեկնածուների թեր եւ դեմ կողմերը, հանդիպելու նրանց, ծանոթանալու ծրագրերին եւ վերջնական որոշում կայացնելու 2003-ի հունվարի 25-ին անցկացվելիք պլենումում: Վլադիմիր Բարոյանն առաջարկեց. «Եվս մի անգամ կշռադատենք, ուսումնասիրենք, բոլոր բաներն անենք եւ անցնող նախագահին մեր իսկական լուման ցույց տանք, որպեսզի ցանկացած պահի նրան անկյուն կոխենք եւ պահանջենք նրանից այն, ինչ որ մենք տվել ենք»: Բայց ողջ համաժողովի ընթացքում արդեն իսկ բացահայտ տարվում էր Ռոբերտ Քոչարյանի քարոզչությունը: Մի քանիսը բացահայտորեն առաջարկեցին պաշտպանել նրան, ասենք Օրջոնիկիձեի շրջկոմի 1-ին քարտուղար Էդվարդ Թովմասյանը կամ Մարտունիից Դմիտրի Մանուկյանը՝ արժանանալով ծափերի: Իսկ Յուրա Մանուկյանը տվյալներ մեջբերեց, թե արդեն կարողանում ենք «ամբողջությամբ ապահովել հանրապետության ձվի» պահանջարկը կամ՝ «հատկապես վերջին 2-3 տարիներին երկիրը կարտոֆիլ սպառողից վերածվել է արտահանող երկրի»: Աղասի Խանջյանի անվան շրջկոմի 1-ին քարտուղար Լեւոն Մազմանյանը դրվատանքով նշեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ ներմուծված ապրանքներն էժանանալու են (անպատկերացնելի էր, որ կոմունիստը, թեկուզ նորացված, դրականորեն կարձագանքեր միջազգային իմպերիալիզմի մի կառույցին անդամակցությանը): Այլ թեկնածուների մասին Վլադիմիր Հայրապետյանն ասաց, թե «դրանցից մի մասը սերվում է ՀՀՇ-ական ակունքներից, որոնք մոխիրների վերածեցին ծաղկուն Հայաստանը… լուծարեցին կոլեկտիվ ու սովետական տնտեսությունները, քանդեցին անգամ անասնագոմերը»: Հիմա միտք եմ անում. գուցե ՀՆԿԿ գործիչները միտումնավո՞ր են մոռացության մատնել այն, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀՇ վարչության անդամ էր, քանի որ այժմ իրենց խոստացել է վերականգնել կոլխոզներն ու սովխոզները եւ Հայաստանն էլ դարձնել սոցիալիստական երկիր կամ, ինչպես ասում էր ՀՆԿԿ կենտկոմի 1-ին քարտուղարը՝ «վերակառուցել հաջորդ՝ սոցիալիստական Հայաստանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հրապարակման մեջ առկա որոշ հարցադրումներ ուղղեցինք Յուրա Մանուկյանին: Թե ինչպես արձագանքեց դրանց՝ կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել