Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսությունը խորանում է

Դեկտեմբեր 21,2002 00:00

Երկխոսությունը խորանում է «Քաղաքական քննարկումների ակումբը» ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ երեկ քննարկեց «Մամուլի զարգացման հիմնախնդիրները Հայաստանում» թեման։ Թեմայի շուրջ զեկույցներ ներկայացրին «Այժմ» թերթի գլխավոր խմբագիր Նարինե Մկրտչյանը եւ «Նոյյան Տապան» լգ-ի մեկնաբան Դավիթ Պետրոսյանը։ Զեկուցողները խոսեցին ետխորհրդային ԶԼՄ-ների զարգացման, ըստ իրենց՝ հաջողությունների եւ սխալների մասին։ Այսօրվա մամուլը Դավիթ Պետրոսյանի գնահատմամբ. «հայկական ժուռնալիստիկայի մակարդակի կտրուկ անկումը ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Պատճառները շատ են, դրանց թվում կառանձնացնեի այն համակարգը, որ պրոֆեսիոնալ ժուռնալիստիկան անորակ են դասավանդում մեծ թվով բուհերում»։ Տպագիր մամուլում, ըստ զեկուցողի՝ գերակշռում է «դիկտոֆոնային լրագրությունը». «Միաժամանակ ստիպված ենք փաստել, որ անկախության հռչակումից հետո հայ լրագրությունը չի ազատվել իր գլխավոր թերությունից. տեղեկատվությունը եւ իրադարձությունների մեկնաբանությունները նախկինի պես մատուցվում են միասին, այլ ոչ թե առանձին, ինչպես ընդունված է աշխարհի զարգացած երկրներում»։ Նարինե Մկրտչյանն իր հերթին անդրադարձավ թեմային. փաստեց, որ ԵՊՀ-ում իր դասավանդման չորս տարիներն իրավունք են տալիս իրեն արձանագրել, որ մայր բուհում ժուռնալիստիկայի ամբիոնը չափազանց հեռու է իրական ժուռնալիստիկայից։ Անցնելով մամուլ-ընտրություններ -քաղաքականություն շրջանակներին, քննարկումների մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե ինչն է հարկավոր փոխել, որպեսզի լրագրությունը հնարավորություն ունենա գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտությունները նորմալ լուսաբանելու համար։ Ըստ Նարինե Մկրտչյանի՝ «համակարգը պետք է փոխել, առանց քաղաքական համակարգի լուրջ փոփոխության՝ մամուլը չի կարող ընտրությունները լուսաբանել, այն պարզ պատճառով, որ եթե էլեկտրոնային ԶԼՄ-ները թեկնածուների համար փակ են, ապա մամուլն իր հասանելիությամբ շատ փոքր մասով է ապահովում թեկնածուներին հավասար պայմաններ»։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով մամուլի բարձրացրած հարցերի անպատասխան մնալուն, ասաց. «մեր թերթերը ոչ թե անպատասխանատու հայտարարություններ են անում, այլ այդ հայտարարություններն ուղղակի մնում են անպատասխան»։ Եզրակացությունը սա էր՝ անպատասխանատու են պետական պաշտոնյաները, ոչ թե մամուլը։ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ հաճախ մարդն անպաշտպան է մամուլի հրապարակումներից. «որեւէ բան որեւէ մեկի մասին եթե տպվեց, եւ եթե նույնիսկ մարդը դիմեց դատարան, եւ եթե ընդունենք՝ դատական համակարգում նա հաղթեց, միեւնույն է՝ պարտված է, որովհետեւ այդ հերյուրանքը տվյալ անձի նկատմամբ բազմիցս արծարծվելու է»։ Վիգեն Խաչատրյանի եզրահանգմամբ էլ ավարտենք. «Յուրաքանչյուր լրատվամիջոց ցանկանում է ընդարձակել իր դաշտը, բայց լրատվամիջոցի խնդիրը ոչ թե դաշտն ընդարձակելը, այլ՝ հասարակական երկխոսության խորացումն է»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել