Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍ ԿԼԻՆԻ 1 ՄԼՆ-ԻՑ

Դեկտեմբեր 21,2002 00:00

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍ ԿԼԻՆԻ 1 ՄԼՆ-ԻՑ «Ընտրական համակարգեր» կենտրոնի եւ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա»-յի փորձագետները տեսակետ են հայտնել, թե կայանալիք նախագահական ընտրությունների մասնակիցների թիվը պակաս կլինի 1 մլն-ից: Ասել է թե, հակառակ արդյունքի դեպքում պետք է ենթադրել, որ ընտրությունների արդյունքները կեղծված կլինեն: Փորձագետների այս կանխատեսումը հիմնված է 1999թ. ԱԺ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշների վրա: Իսկ այդ ընտրություններում «ընտրողների ընդհանուր թիվը, ըստ ընտրողների ցուցակների, կազմել է 2 մլն 198 հազ. 544 մարդ: ԱԺ ընտրություններին գրանցված եւ քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը, ըստ ստորագրությունների, կազմել է 1 137 660 մարդ»: Հիշյալ կազմակերպությունները գտնում են, որ «ընտրությունների, ընտրական հանձնաժողովների, ընտրացուցակների եւ հատկապես ընտրությունների նկատմամբ հասարակական վստահությունը կարեւոր է ՀՀ-ում ժողովրդավարության հետագա զարգացման համար»: Փորձագետների պնդմամբ, այդ համատեքստում «սպասվող քվեարկության ընթացքում ընտրակեղծիքների իրականացման համար պարարտ հող է հասարակական կարծիքում այն մտայնության տարածումը, իբր քվեարկությանը կմասնակցեն մեծ թվով ընտրողներ: Այս առումով ընտրությունների մասնակիցների թվի կանխատեսումը կարեւոր է նաեւ թեկնածուների կողմից իրենց տակտիկայի եւ քարոզչության կազմակերպման, ինչպես նաեւ արդար ընտրությունների ապահովման, ընտրակեղծիքները կանխատեսելու տեսանկյունից»: Վերոհիշյալ կանխատեսման համար այդ կազմակերպություններն առանձնացրել են հետեւյալ գործոնները. «1. 1999թ. առ 2003թ. Հայաստանից արտագաղթողների եւ ներգաղթողների սալդոն բացասական է: Այս վտանգավոր հանգամանքը չի ժխտում նաեւ պետական վիճակագրությունը: Ամենահամեստ հաշվարկներով այն 150 հազարից ավելի է: 2. Նախկինում անցկացված բոլոր ընտրություններում առկա էր ընտրակեղծիքների փաստը: Բացառություն չէ նաեւ 99-ի ԱԺ ընտրությունները: Կանխատեսման համար խախտումների գործակիցը նախորդ ընտրության համեմատ փորձագետների կողմից ընդունվում է հաստատուն (եթե համարենք, որ 2002թ. փետրվարի 19-ին կեղծիքներն ավելի քիչ կլինեն, պետք է ընդունենք նաեւ, որ ընտրությունների մասնակիցների թիվը պետք է նվազի): 3. Փաստվում է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցությունը սովորաբար ավելի մեծ է լինում, քան նախագահական ընտրություններում: Սա պայմանավորված է նրանով, որ ընտրությունները տեղի են ունենում համամասնական եւ մեծամասնական համակարգով, ընտրական տարածքներում իրենց ընտրաթիմերով մեծ մրցակցություն են ծավալում մեծ թվով թեկնածուներ, որոնք եւ ապահովում են մեծ թվով ընտրողների մասնակցությունը: 4. 1999թ. ընտրություններին մասնակցում էր «Միասնություն» դաշինքը, որի առաջնորդները մեծ մասսայականություն էին վայելում ընտրողների շրջանում, առաջ էին բերել մեծ սպասումներ, ոգեւորություն, ինչն անխուսափելիորեն բերեց ընտրողների լրացուցիչ ակտիվություն: 5. 1999թ. «Միասնությունը»՝ ներկայացնելով այդ ժամանակվա գործող իշխանությունը, ներկայիս գործող իշխանություններից առավել ուժեղ էր եւ կազմակերպված: Սա վերաբերում է նաեւ ընտրությունների կազմակերպմանը: 6. 1999թ. առ այսօր ընտրությունների նկատմամբ վստահության, քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունների կտրուկ անկում է արձանագրվել բնակչության շրջանում»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել