Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿԱՄՈՔ, ԱԺ ՁԵՌԱՄԲ, ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբեր 21,2002 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԿԱՄՈՔ, ԱԺ ՁԵՌԱՄԲ, ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ Հայաստանում գործադիր իշխանությունը պատկանում է ՀՀ կառավարությանը: Սա ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն գործնականում այդ իշխանությունը մասնատված է նախագահի, կառավարության եւ 17.12.2002-ից արդեն 8-9 խայտաբղետ անուններով կառույցների միջեւ: Ծառայություն, կոմիտե, վարչություն, ոստիկանություն. սրանք կառավարությանն առընթեր կազմավորվող կառույցներն են, որոնց ղեկավարները ի պաշտոնե այլեւս նախարար չեն, հետեւաբար կառավարության նիստերում զրկված են ձայնի իրավունքից, ինքնաբերաբար նաեւ կառավարության որոշումների համար պատասխանատվությունից: Թե այդ ո՞ր տրամաբանությամբ բնապահպանության նախարարը պետք է կառավարության որոշումներ ընդունելիս ձայնի իրավասություն ունենա, իսկ ազգային անվտանգության կամ ներքին գործերի ղեկավարները ոչ, անհայտ է: Եթե, իհարկե, այդտեղ ընդհանրապես տրամաբանություն կա: Պարզապես Եվրախորհրդի փորձագետները մահապատիժը վերացնելու պահանջին զուգահեռ նաեւ տասնյակ այլ անմիտ, իհարկե երբեմն նաեւ խելամիտ, պահանջներ են ներկայացրել: Քանի որ հասարակությունն էլ հակակշռող ճնշում չի գործադրել ԱԺ-ի վրա, ինչպես, ասենք, մահապատժի խնդրում, պատգամավորները ենթարկվել են Եվրախորհրդի՝ չգիտես պահանջներին, ցուցումներին, թե քմահաճույքներին: Հետաքրքիր է, պատգամավորները գոնե ընկալե՞լ են, որ այսուհետ ոչ ազգային անվտանգության, ոչ էլ ներքին գործերի նախարարները կառավարության հետ հարց ու պատասխանի ժամերին էլ չեն գալու խորհրդարան: Դա նշանակում է, որ այս ոլորտներին վերաբերող որեւէ խնդիր՝ հանրահավաքի միջամտելուց մինչեւ կալանավորների՝ ԱԱՆ մեկուսարանից տեղափոխում, ոստիկանների ամենաթողությունից մինչեւ կանխված ու չկանխված ահաբեկչություն, չի կարող կառավարությանն ուղղվող հարցադրման թեմա դառնալ, նույնն է թե՝ վերահսկվել պատգամավորների կողմից: Արդյունքում խորհրդարանի նույնիսկ տեսական, ձեւական հսկողությունն էլ ազգային անվտանգության եւ ներքին գործերի համակարգերի հանդեպ վերացվում է: ՀՀ սահմանադրության կնքահայրը՝ Վլադիմիր Նազարյանը, ասում էր, թե կառավարությունում փոխվարչապետի ինստիտուտ նախատեսված չէ, որպեսզի պատասխանատվությունները կառավարությունում լինեն հստակորեն բաշխված, անհնար լինի դրանցից խուսանավել: Նույն նկատառումով էլ գրեթե վերացվել էին կառավարությանն առընթեր կառույցները՝ դրանց շնորհելով կամ նախարարության կարգավիճակ, կամ ընդգրկելով նախարարությունների կազմում: Այժմ առնվազն երեք առանցքային ոլորտների ղեկավարներ՝ անվտանգության, իրավապահ եւ հարկային-մաքսային մարմինների, ընդհանրապես դուրս են թողնվել կառավարության կազմից: Այլ կերպ ասած, Սահմանադրության տրամաբանությանը եւ ոգուն հակասող ընթացք է որդեգրվում ոչ այլուր, քան պետական կառույցի հիմքում: ԱԺ պատգամավորները Սահմանադրության ոգուն հակասող օրենքներ ընդունելիս հազիվ թե դա գիտակցում են: ԱԺ-ում այսօր քանի՞ պատգամավոր կա, որը գիտե ՀՀ սահմանադրության նորմերի էությունը, ներքին փոխկապակցվածությունները, հակակշիռները: Լավագույն դեպքում՝ հատուկենտ: Այլապես ՍԴ աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ հետաքրքրությունից չէին ուսումնասիրի ԱԺ օրենքները, եւ հայտնաբերի որ դրանք տասնյակ ու տասնյակ հակասություններ ունեն Սահմանադրության հետ: Ինչ վերաբերում է Սահմանադրության ներկա պահապանին ու երաշխավորին, հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին, նա Սահմանադրությունը գիտե այնքանով, որ 1/3-ի պահանջով ԱԺ նիստ չգումարի, առանց վարչապետի ներկայացման նախարար եւ փոխնախարար նշանակի ու ազատի կամ ապացուցի անապացուցելին, որ ինքը ԼՂՀ-ն իբրեւ նախագահ ղեկավարել է երեւանյան մի բնակարանից, որտեղ ապրում էր տասը տարի ի վեր: Դե քանի որ Նաիրի Հունանյանին էլ հնարավոր է Եվրախորհրդի «պահանջով» մահապատժից փրկել, պատշաճը պահանջում է մյուս պահանջներին էլ ընդառաջ գնալ: Չէի ցանկանա ճշտել, թե ով, բայց էներգետիկայի նախկին նախարարներից մեկն էր, մի խոսակցության ժամանակ ասաց. «Մենք, որ ոլորտի զարգացման ծրագիր չկազմենք էլ, այն ունենք, Համաշխարհային Բանկը վարկային ծրագրերով գրված տալիս է՝ երբ ինչ անենք»: Հանճարեղ է, չէ՞: Քոչարյանի պատասխանատվությունն էլ կատարած քայլերի հանդեպ նույն մակարդակի է: Մասնավորապես ԱԱՆ-ն՝ Ազգային անվտանգության ծառայության, ՆԳՆ-ն՝ ՀՀ ոստիկանության, ՊԵՆ-ը՝ հարկային պետական տեսչության վերածելու պարագայում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել