Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Դեկտեմբեր 20,2002 00:00

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Այս աշնանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը կառավարության որոշմամբ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունից անցավ կրթության եւ գիտության նախարարության համակարգ։ Սակայն անկախ գերատեսչական ենթակայությունից, մարզական միակ բուհը շարունակում է իր գործունեությունը, ապրում իր առօրյայով։ Տարեմուտին մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հարցազրույց ունեցավ ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանի հետ։ – Պարոն Առաքելյան, արդեն շուրջ երեք ամիս է, ինչ ինստիտուտը գործում է նոր համակարգում։ Ինչ-որ բան բուհի կյանքում փոխվե՞լ է։ – Գործընթացը դեռ շարունակվում է։ Բազմաթիվ հարցեր կան լուծելու, որոնց համար ժամանակ է պետք։ Բայց ամեն բան նորմալ է ընթանում։ – Ձեր ասածը, հավանաբար, վերաբերում է տեխնիկական կողմին, մինչդեռ ես նկատի ունեմ առօրյա աշխատանքների կազմակերպումը։ Ասենք, հիմա իրականացնում եք ծրագրեր, որոնց հավանություն է տվել նախկին նախարարությունը։ Դրանք ուժի մե՞ջ են մնում։ – Ինչ որոշված է ու արվում է, մնում է ուժի մեջ, քանի որ դրանք պետական ծրագրեր են։ Ինչ վերաբերում է առօրյա աշխատանքներին, դրանք մշտական են ու միշտ էլ եղել ու արվում են, անկախ գերատեսչական ենթակայությունից։ Կառավարության որոշումից հետո ես եւ մեր կոլեկտիվը հանդիպել ենք Լեւոն Մկրտչյանի, նախարարության ղեկավարության հետ։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, նոր ծրագրեր։ Եվ այդ ընթացքում ոչ մի բարդություն չի առաջացել։ Ավելին, փոխադարձաբար նոր առաջարկություններ են արվել, որոնք նպաստելու են ուսումնական գործընթացի բարելավմանը։ Հույս ունենք, որ այստեղ էլ համատեղ արդյունավետ կաշխատենք, ինչպես նախկին նախարարությունում, որից դժգոհելու առիթներ չենք ունեցել։ – Հետաքրքիր է, ուսումնական գործընթացը բարելավելուն ուղղված կոնկրետ ի՞նչ է նախատեսվում։ – Կյանքը շարունակվում է, անընդհատ առաջ գնում։ Հետեւաբար, խնդիրներ են ծագում, որոնք պետք է ժամանակին լուծվեն։ Օրինակ, մտածում ենք մեր ուսանողների դահուկային պատրաստությունը կազմակերպել Ծաղկաձորում։ Այդպես եղել է ժամանակին, եւ ցանկանում ենք այդ ավանդույթը վերականգնել։ Նպատակ կա եկող տարվանից բացել նոր մասնագիտություններ, ասենք, սպորտային պարերի։ Իսկ որոշ մասնագիտություններ էլ, օրինակ բիլիարդը, ստիպված պետք է փակենք։ Կարծում եմ, այս թեմայով զրուցելն առայժմ պետք է հետաձգել, մինչեւ կրթության եւ գիտության նախարարությունում հաստատվեն մեր առաջարկությունները։ – Այդ դեպքում խոսենք վերջերս ինստիտուտում կայացած ռեկտորի ընտրության մասին։ Այդ ժամանակ միակ թեկնածուն դուք էիք եւ վերընտրվեցիք միաձայն… – Այո՛, ռեկտորի ընտրությունն ինստիտուտի նոր կանոնադրության պահաջներից էր։ Երբ դեռ մեզ մոտ նախապատրաստվում էին դրան, մամուլում հայտարարություն տպվեց։ Ես ինքս էլ տարբեր առիթներով հայտարարել-առաջարկել եմ, որպեսզի բոլոր ցանկացողները դնեն իրենց թեկնածությունը։ Այս աթոռի համար երբեք չեմ պայքարել։ Բայց, ավաղ, ցանկացողներ չեղան։ Ինչ վերաբերում է իմ միաձայն ընտրվելուն, բավարարված եմ նրանով, որ կոլեկտիվն ինձ վստահում է։ Թե գործընկերներս ինչպե՞ս են վերաբերվում ինձ, անչափ կարեւոր եմ համարում։ Եթե քվեարկողների քսան տոկոսն էլ դեմ լիներ, կհրաժարվեի։ Իսկ հիմա անելու եմ ամեն բան վստահությունն արդարացնելու համար։ – Դուք պատրաստվում եք կադրային լուրջ փոփոխություններ կատարել։ Դա է՞լ է մտնում ձեր ասած վստահությունն արդարացնելու շրջանակների մեջ։ – Անպայմա՛ն։ Ես իմ տեղում չէի լինի, եթե ընդհանուր գործը ստորադասեի նեղ-անձնականին։ Կադրային փոփոխությունները նոր չեն սկսվելու։ Դա ծանր, բայց անհրաժեշտ աշխատանք է։ Պետք է երիտասարդացնել դասախոսական կազմը։ Մենք ունենք երիտասարդ, որակյալ մասնագետներ, որոնց պետք է ասպարեզ տրամադրել։ Մեզանից ոչ ոք հավերժ իր պաշտոնում չի մնալու։ Սերնդափոխությունը պարտադիր է։ Ծերերը պետք է տեղը զիջեն երիտասարդներին, այլապես կհայտնվենք ճահճացած վիճակում։ Հավատացեք, շատ դժվար է վաստակած հանգստի ուղարկել այն դասախոսին, որն ինձ դաս է տվել ուսանող տարիներիս։ Բայց ինչ արած, այլ ճանապարհ չկա։ Միայն մի բան կարող եմ վստահեցնել. մենք նրանց հետ կապերը չենք խզելու ու անհրաժեշտության դեպքում անպայման դիմելու ենք, օգտվելու նրանց հարուստ փորձից ու գիտելիքներից։ Ասեմ նաեւ, որ երիտասարդ մասնագետների համար էլ հեշտ չի լինելու։ Նրանց ներկայացվում են խիստ չափորոշիչներ եւ պահանջներ։ Եվ քանի որ խոսք բացվեց, տեղեկացնեմ, որ նույն կերպ ենք վարվում նաեւ ուսանողների հետ։ Ամեն տարի, որքան էլ ցավալի է, բավականին մեծ թվով ուսանողների հեռացման հրաման եմ ստիպված լինում ստորագրել։ Դա առավելագույն պատժամիջոցն է։ Բայց մինչ դրան հասնելը, ամբիոնները, դեկանատները, ուսանողական խորհուրդը բացատրական լուրջ աշխատանք են տանում սովորողների հետ։ Ամեն ամիս ամփոփվում է հաճախելիությունը։ Նույնիսկ ստիպված են լինում ծնողներին զգուշացնել, որ իրենց երեխան, այսպես կոչված, «սեւ ցուցակի» թեկնածու է։ Իսկ երբ ոչինչ չի օգնում ու քննությունների շեմին պարզվում է, որ ուսանողը գրեթե դասի չի եկել, ստիպված հրաժարվում ենք այդպիսիներից։ Ընդ որում, հաշվի չենք առնում նրանց մարզական կոչումները, նվաճումները։ – Օրերս Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան որոշեց հանրապետության 2002 թ. տասը լավագույն մարզիկներին։ Նրանց մեջ ձեր ինստիտուտի ուսանողներ կա՞ն։ – Լիլիթ Մկրտչյանը եւ Ռոման Ամոյանը մեր ուսանողներն են, իսկ մյուսներն ավարտել են մեր բուհը։ Ուրախ եմ ու շնորհավորում եմ նրանց։ Շնորհավորում եմ նաեւ ձեր թերթի, նրա ընթերցողների ու ամբողջ հայ ժողովրդի Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մաղթում առողջություն եւ բարօրություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել