Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարիկադների հետեւից

Դեկտեմբեր 20,2002 00:00

Բարիկադների հետեւից Օրերս Երեւանի պետական համալսարանում բոլոր ֆակուլտետների մագիստրոսների հավաք տեղի ունեցավ: Պրոռեկտոր Արամ Սիմոնյանը որոշել էր լսել ուսանողների բողոքներն ու առաջարկները եւ պարզաբանումներ տալ դրանց: – Ինչո՞ւ երկրորդ հերթի ջեռուցումը զգալիորեն թուլանում է առաջինի համեմատությամբ: – Չեմ էլ իմացել դրա մասին,- շատ զարմանում է պրոռեկտորը: – Ինչո՞ւ չի կարելի վերանորոգել ոչ թե անհասկանալի սկզբունքով ընտրված, այլ՝ բոլոր լսարանները: – Դա մեզնից կախված չէ: Հովանավորները ինչը որ ցանկանում՝ այն էլ նորոգում են: Օրինակ, վերջերս նորոգված սեւ մասնաշենքի բակում արդեն նոր շենք է կառուցվում, որը երեք տարի հետո արդեն պիտի հանձնվի շահագործման: – Ինչո՞ւ մագիստրատուրայում չենք շարունակում օտար լեզվի ուսումնասիրումը: – Դասախոսներին վարձատրելու միջոց չունենք: Այդ պահին զանգահարում է Սիմոնյանի բջջային հեռախոսը, սակայն ոչ ոք չի պատասխանում նրան: – Եկեք հանդերձարաններ տեղադրենք համալսարանում, քանի որ ուսանողները, երբ հանվում եւ իրենց շորերը շարում են սեղանների վրա, նրանք այլեւս չեն երեւում բարիկադի ետեւից,- առաջարկեց դեկաններից մեկը: Սակայն ուսանողները ըմբոստացան. – Ե՞րբ է լսարանում այդքան տաք լինում, որ մենք էլ հանվենք, այն էլ՝ հանդերձարանում: – Սովետական Միության տարիներին մասնագետները կարողանում էին աշխատանքի ընդունվել, այսօր մենք այդ հնարավորությունը չունենք: Եկեք կարիերայի կենտրոն ստեղծենք,- առաջարկեց մի ուսանողուհի, որը հիշում էր ԽՍՀՄ կարգերը: – Այս թեմայի շուրջ մտածել ենք, որոշել ենք մարքեթինգի կենտրոն բացել, որը եւ կզբաղվի այս հարցերով: – Ինչո՞ւ են ասպիրանտուրայի տեղերը սահմանափակ: – Ասպիրանտուրայի տեղերի քանակը որոշում է կառավարությունը՝ ըստ իրենց անհրաժեշտ մասնագետների: Միջինը դա կազմում է 50-51 տեղ: – Ինչո՞ւ անցյալ տարի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայի բոլոր տեղերը զբաղեցրին պաշտոնյաների երեխաները: Այս թեմայով վեճ սկսվեց, որի արդյունքում պրոռեկտորը եզրակացրեց. «Մի՞թե, ինչպես ժողովուրդն է ասում, դզող-փչողը պաշտոնյա է համարվում»: Բայց նա ոչինչ չասաց այն մասին, որ մեր գրեթե բոլոր պաշտոնյաները նախկինում դզող-փչող կամ մանդարին վաճառող են եղել: – Մանավանդ որ, օրինաց երկիր կառուցելու համար ավելի շատ իրավաբաններ են պահանջվում,- ասաց Սիմոնյանը: Դժվար է ասել, որ պրն Սիմոնյանի եւ մագիստրոսների միջեւ երկխոսություն էր հաստատվել: Գրեթե բոլոր հարցերին նա պատասխանում էր, որ իրենից ոչինչ կախված չէ, քանի որ ֆինանսներ չկան: Հաճախակի էլ հիշում էր, թե ինչպիսին են Իսպանիայի, Ռուսաստանի եւ իր այցելած այլ երկրների համալսարանների կառուցվածքները: Այնուամենայնիվ, նա գրանցել էր տալիս այս կամ այն հիմնահարցը՝ հետագայում քննարկելու նպատակով: Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել