Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ե՞ՎՍ ՄԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆ»

Դեկտեմբեր 20,2002 00:00

Ե՞ՎՍ ՄԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆ» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դեռ չէինք հասցրել լուսանկարներ անել, երբ դահլիճից տուժողի իրավահաջորդ մեկը բղավեց. «Դու ո՞վ ես, ինչո՞ւ եք թույլ տալիս լուսանկարել»։ Դատավոր Պարգեւ Օհանյանը կանխեց հանիրավի հնչած հարցը եւ կարգի հրավիրեց Ստեփան Առաքելյանին։ Դատարանում քննության է դրված Ստեփան Առաքելյանի որդու՝ Սամվել Առաքելյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործը։ Ամբաստանյալները երկուսն են՝ Մարտիրոս Աճեմյանն ու Արթուր Այվազյանը։ Մինչ դատաքննությունը սկսվելը, վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ։ Նա հայտնեց դատարանին, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատարանում անօրինական քննություն է կատարվել, եւ գործի հիմքում դրված նյութերը չեն կարող օգտագործվել իբրեւ ապացույց։ Ապացույցների անթույլատրելիության մասին խոսեց նաեւ նրա պաշտպանյալը՝ Արթուր Այվազյանը, որը հայտնեց, որ վերադաս մարմիններին ուղղված իր դիմումներում, ինչպես նաեւ իր հարազատների բողոքներում բազմաթիվ անգամ շեշտվել է Կենտրոն համայնքի դատախազ Վահրամ Շահինյանի «չարաշահումների» մասին։ Ամբաստանյալը միջնորդեց դատակոչի ենթարկել Կենտրոն համայնքի դատախազին։ Սա հունից հանեց տուժողի իրավահաջորդ Ստեփան Առաքելյանին, որը ցույց տալով գլխատված որդու լուսանկարը, գոռում էր. «Այս ձեւով մա՞րդ են սպանում, բանդա է այստեղ»։ Նախագահողը ստիպված նրան դուրս հրավիրել, իսկ նրա շահերի ներկայացուցիչ Գ. Գրիգորյանը խոստացավ հանգստացնել նրան։ Ամբաստանյալ Մ. Աճեմյանի պաշտպան Զաքարյանը միջնորդեց, որպեսզի դռնփակ նիստ հրավիրվի, այն հիմնավորելով պետական շահերով։ Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը միջնորդեց գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության, ասելով, որ քննչական մարմինը չի կատարել գլխավոր դատախազի 2002թ. հուլիսի 11-ի որոշման պահանջները, որտեղ, մասնավորապես, գլխավոր դատախազը նշել էր, որ չի կատարվել բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, չեն պարզվել սպանության դրդապատճառները եւ հանցագործության մեխանիզմը։ Տուժողի իրավահաջորդը դժգոհ էր նաեւ երկրորդ քննիչից, որը «ոչ մի ճառագայթ չի փայլեցրել» գործի քննության ընթացքում։ Նա ասաց, որ գործում առկա ապացույցներով մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալ Արթուր Այվազյանին, իսկ Միհրան Մովսիսյանի նկատմամբ՝ իբրեւ սպանության կազմակերպչի, մեղադրանք չի առաջադրվել։ «Գլխատվել է, բացի Սամվելից, երկրորդ քննիչին արված միջնորդությունը»,- եզրակացրեց նա։ Մեղադրողի կարծիքով, ամբաստանյալի միջորդությունը կրկնությունն էր նախորդ դատական նիստի։ Այն որակվեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն։ Նա նույնիսկ դժգոհեց, որ դեռ ապացույցները չեն ուսումնասիրվել եւ դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներ ի հայտ կգան։ Ինչ վերաբերում է Աճեմյանի պաշտպանի միջնորդությանը, նա ակնարկեց, որ պաշտպանը նկատի ունի «պետական գաղտնիք» հասկացությունը, եւ խնդրեց մոտավորապես ասել գաղտնիքի բովանդակությունը՝ չհրապարակելու պայմանով։ Ի դեպ, «գաղտնիք» ասելով պաշտպանը նկատի ուներ այն, որ Ազգային անվտանգության մեկուսարան՝ իր պաշտպանյալի մոտ է գնացել «մեկը», որը դռնփակ կարճատեւ նիստից հետո (չնայած չհրապարակվեց ոչինչ), գլխի ընկանք, թե ով է։ Խոսքը ՀԿԳ քննիչ Հակոբ Ղարախանյանի մասին էր, որը, ըստ ամբաստանյալ Մ. Աճեմյանի, 1 ժամ 20 րոպե զրույց է ունեցել իր հետ սեպտեմբերի 20-ին, ԱԱՆ մեկուսարանում եւ, ըստ ամբաստանյալի, պայման էր դրել համագործակցել իր հետ: «Ինքն ի վիճակի է պայմաններ ստեղծել, որպեսզի լավ զգամ»,- շարունակում էր ամբաստանյալը։ «Կան որոշ ուժեր, որոնք որոշ բաներ կկորցնեն»,- ասել էր քննիչ Ղարախանյանը։ Դատարանը բավարարեց Միհրան Մովսիսյանին իբրեւ վկա դատակոչելու միջնորդությունը, բավարարեց նաեւ հանրապետության դատախազությունում նախապատրաստած նյութերը այս քրգործին կցելը։ Դատարանը մերժեց իբրեւ վկա Կենտրոն համայնքի դատախազ Վ. Շահինյանին դատակոչելու միջնորդությունը։ Հրապարակվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որով պարզ դարձավ, որ 2001թ. հոկտեմբերի 14-ին սպանվել է Սամվել Առաքելյանը։ Նա գլխատվել է Մ. Աճեմյանի կողմից, իսկ դիակի տակ նռնակ էր դրել եւ պայթեցրել Ա. Այվազյանը։ Ըստ մեղադրականի, ամբաստանյալները մեղադրվում էին նաեւ ապօրինի ռազմամթերք, նռնակներ, պայթուցիչներ պահելու մեջ։ Ըստ դատարանի, սահմանվեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը՝ լսել տուժողի իրավահաջորդին, վկաներին, ամբաստանյալներին եւ հետազոտել ապացույցները։ Ի դեպ, տուժողի իրավահաջորդ Ստեփան Առաքելյանը ճանաչվեց վկա եւ խիստ հուզական, անհավասարակշիռ վիճակում տվեց իր ցուցմունքները։ Նա ասաց, որ իր որդին տեղյակ է եղել եւ մասնակցել Գագիկ Պողոսյանի սպանությանը, Վահան Շիրխանյանի աղջկա բնակարանի հրկիզմանը, Վահան Խոռխոռունու սպանությանը եւ, ոչ ավել-ոչ պակաս, իբրեւ թե տեղյակ է եղել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի սպանություններին։ Ըստ տուժողի իրավահաջորդի, այս ամենը կազմակերպել էր Ազատամարտի եւ կանանց վետերանների խորհրդի նախագահ Միհրան Մովսիսյանը։ «Սամվելի ժիվոյ մնալը վտանգավոր էր»,- ասաց նա եւ, ոչ ավել-ոչ պակաս՝ դատապարտեց նաեւ իր որդուն, ասելով, որ եթե նա նամուս ունենար, հանցագործության չէր գնա, որ մի աննամուս էլ որդին էր։ Ի դեպ, մի «անաղուհաց քրդի շուն» էլ ավելացավ (ըստ տուժողի իրավահաջորդի բնորոշման) հայ քրեագիտության պատմության մեջ։ Նա «Հայաստանի բեն Լադեն» անվանեց Մ. Մովսիսյանին, ասելով, որ պատվիրատուն գառան մորթու տակ թաքնված Մ. Մովսիսյանն է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել