Հեքիաթնե՜ր, հեքիաթնե՜ր… «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությամբ, ինչպես փաստաբաններն են պնդում, բյուրեղանում են «27»-ի տեսագրությունը պատկերող տեսաերիզի՝ կողմնակի միջամտության ենթարկված լինելու կասկածները: Այդ մեղադրանքն անմիջականորեն առնչվում է «Հ1»-ի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանին, որն ստիպված է լինելու առաջիկայում իբրեւ վկա ներկայանալ դատարան: Վերջինս որեւէ բացատրություն տալո՞ւ է այդ առնչությամբ: «Ես չգիտեմ, թե դատարանում փաստաբաններն ի՞նչ տեսաերիզ են նայում եւ ինչի՞ հիման վրա են հայտարարություններ անում, ուստի հստակ մեկնաբանություն տալ չեմ կարող: Գիտեմ միայն, որ այն տեսաերիզը, որը մենք տրամադրել ենք Զինվորական դատախազությանը, հեռուստատեսության կողմից որեւէ մոնտաժի, միջամտության չի ենթարկվել: Գիտեմ, որ մարդկանց՝ ոչ պրոֆեսիոնալների մոտ զարմանք է հարուցում, թե ինչու է տեսաերիզում մի կադրից կտրուկ անցում կատարվում մյուս կադրին: Դա շարժական հեռուստակայանի հեռակառավարմամբ աշխատելու արդյունք է եւ խորհրդային տեսախցիկների պրոբլեմը: Դրանք կտրուկ շարժման դեպքում ջերմային ռեժիմի փոփոխությանը չեն դիմանում, արդյունքում արանքում ինչ-որ գույներ են հայտնվում: Օպերատորները գիտեն, որ նորմալ պայմաններում այդ տեսախցիկը պետք է դանդաղ շարժել: Թե Զինդատախազությունից դատարան ի՞նչ տեսաերիզ է գնացել, մոնտաժվե՞լ է, թե՞ ոչ, ես պատասխանատու չեմ: Բարեբախտաբար, մենք պահել ենք այն տեսագրությունը, որը տեսաերիզով փոխանցվել է Զինդատախազությանը՝ հենց այն նպատակով, որ հետագայում հանկարծ մեզ հետ կապված նման պրոբլեմներ չլինեն»: Ինչ վերաբերում է «Հ1»-ի թղթակից եւ քրգործով վկա Տիգրան Նազարյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ից մեկնել է, որովհետեւ իրեն այստեղ ճնշել են, ապա պատասխանելով մեր հարցին, թե ինքը պատահաբար չգիտի՞, թե ով է ճնշել Տ.Նազարյանին, Տ.Նաղդալյանը հայտարարեց. «Ճիշտն ասած, ես խիստ կասկածում եմ, որ նրան ինչ-որ մեկն ահաբեկած լինի: Վերստին եւ երկար անդրադառնալ այդ պատմությանը չեմ ուզում»: Իսկ ինչո՞ւ Տ.Նաղդալյանը չի փորձել, ասենք, հերքումներ կորզել իր երբեմնի թղթակցից. «Ես չգիտեմ, թե որտեղ է նա, կապ չունեմ իր հետ, որպեսզի հերքումներ կորզեմ, թեեւ դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում: Ուզում եմ նրա հոգեվիճակը հասկանալ. մարդն ուզում է ինչ-որ կերպ, թերեւս, արդարացնել ԱՄՆ-ում մնալը: Դա նաեւ, գուցե, հալածյալի կերպար ստեղծելու քայլ էր, որը, երեւի, մտածում էր՝ հիմքեր կտա քաղաքական ապաստան խնդրելու հարցում: Բայց հետո գլխի ընկավ, որ սկսում է ավելի մեծ մասշտաբով առնչվել այնպիսի մի գործի, այն էլ ԱՄՆ-ում, որի արդյունքում ինքը կարող է նաեւ արտաքսման արժանանալ, ու մի քիչ դադարեցրեց այդ ամենը: Ուրախ եմ, ճիշտն ասած, որ ինքը հրապարակային ելույթներ է ունենում՝ ցրելով «փախել է», «թաքնվում է» խոսակցությունները: Եթե մարդկանց հետաքրքրում է, պետք է մեկին գործուղել այնտեղ, առավել եւս, որ, կարծեմ, ասել է՝ պատրաստ է հարցաքննվելու, եւ տեղում, առանց ճնշումներից վախենալու, Տ.Նազարյանը թող անուններ տա, ասի՝ ով է ճնշել, մենք էլ իմանանք ու էդ մարդուն ճնշենք»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ