Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչություն՝ լուրերի փոխարեն

Դեկտեմբեր 20,2002 00:00

Քարոզչություն՝ լուրերի փոխարեն Օրենքով սահմանված ժամկետներից խիստ շուտ էր սկսվել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչությունը: Բայց այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Հանրային հեռուստատեսության եթերում՝ դուրս է պատկերացնելի բոլոր սահմաններից: Խոսքն «Օրակարգի» մասին չէ: Ի վերջո, այն վերլուծական եւ հեղինակային ծրագիր է: Եվ կարող է ընդդիմությանը ծաղրելու համար ուզածի չափ մուլտֆիլմեր ցուցադրել ադրբեջանական մոտիվներով (մանավանդ որ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցին փայլուն է հաջողվում AzTV-ի մեկնաբանի դերը: Ի տարբերություն հայերենի՝ նա կատարելապես է տիրապետում բաքվեցու խոսվածքին): Ավելին, խիստ բնութագրական եւ ողջունելի կլիներ, եթե այդ մուլտֆիլմը զբաղեցներ «Օրակարգի» մնացած հաղորդաժամը եւս: Սակայն խոսքը լրատվական ծրագրի՝ «Հայլուրի» մասին է, որի թողարկումների Ռոբերտ Քոչարյանին նվիրված սյուժեները կարող են մրցել «Ընտանեկան լոտոյի» եւ «Իգեա» խանութի կպչուն գովազդների հետ: Իհարկե, գործող նախագահի առօրյա գործունեությունը պիտի լուսաբանվի նաեւ նախընտրական շրջանում: Բայց մի՞թե որպես «գործունեություն» կարող են որակվել Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներն իրեն սատարող այս կամ այն կառույցի ներկայացուցիչների հետ: Մանավանդ որ, այդ հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունների բովանդակությունն էլ գերազանցապես այն է, որ նախագահն ընդունել է, ասենք, «Հզոր Հայրենիքի» (այս կուսակցության անունն ենք նշում, քանի որ համեմատաբար թարմ օրինակ է, թեեւ նույն հաջողությամբ կարող էինք նշել ՀԺԱՄ-ի, ԺԴԿ-ի կամ որեւէ այլ սատարողի անուն) ներկայացուցիչներին, որոնք հայտնել են, թե նախագահական ընտրություններում պաշտպանելու են իրեն՝ Քոչարյանին: Լինում է, որ թեման այլ է լինում, ասենք, ինչպես ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ հանդիպման պարագայում էր, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, զրուցել էին, մասնավորապես, գյուղատնտեսությունը սպասարկող ենթակառուցվածքների ստեղծման եւ «Լիզինգի մասին» օրենքների շուրջ: Սակայն «Հայլուրի» հաղորդավարը նախ հարկ համարեց նշել, թե նախագահը հանդիպել է ֆերմերների հետ, որոնք արդեն հայտարարել են Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մասին: Տվյալ դեպքում էական էլ չէ, որ այդ հայտարարությունն արել է «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանը՝ գործարար Գագիկ Ծառուկյանի մայրը, եւ հանդիպումը ոչ թե այդ միության, այլ ուղղակի 20-ից ավելի ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ էր: Որպես իրադարձություն, իհարկե, պիտի հանգամանալից լուսաբանվեն նաեւ նախագահին սատարող մանր ու մեծ կազմակերպությունների համագումարները: Սակայն, ի տարբերություն ընդդիմադիրների համագումարների համառոտ եւ հեգնալից լուսաբանումների, նույն «Հզոր Հայրենիքին» նվիրված առանձին սյուժեից զատ՝ նաեւ կուսակցության ղեկավարը հրավիրվեց «Հ1»-ի «Կենտրոն» ստուդիա, որտեղ նրան ուղղված առաջին հարցն այն էր, թե ինչո՞ւ է ուզում նախագահ տեսնել հատկապե՛ս Քոչարյանին: Այս առիթով հիշենք նաեւ, որ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարը ժամանակին, արդարացնելու համար, թե ինչու չեն լուսաբանում ընդդիմադիրների գործունեությունը՝ հայտարարում էր, թե հարկ չեն համարում առանձնակի անդրադառնալ ոչ խորհրդարանական կուսակցություններին: Մինչդեռ, մի առիթով նշել ենք, որ այժմ լուսաբանվում է թաղերից մեկում ՀՌԱԿ կառույց ստեղծելու միջոցառումը, ինչ է թե՝ այնտեղ 74-րդ անգամ ազդարարվելու է ռամկավարների սատարման մասին: Գուցե ասեն, թե չես ցանկանում լուրերի փոխարեն քարոզչություն ստանալ՝ փոխիր ալիքը եւ դիտիր շուրջ տասնյակ այլ լրատվական ծրագրեր: Խնդիրն այն է, որ դրանցից առնվազն 9-ում նույն պատկերն է՝ զուտ նրբերանգային տարբերություններով: Սակայն դրանք մասնավոր հեռուստաընկերություններ են. իրենց գործն է՝ ում գովել, իսկ ում փնովել: Իսկ Հանրային հեռուստաընկերությանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով է արգելվում, որ հեռարձակվող հաղորդումներում գերակշռի քաղաքական դիրքորոշումը եւ ընտրարշավներից դուրս իրականացվի քաղաքական գովազդ: Բացի այդ, սույն օրենքի 28 հոդվածի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը պիտի ղեկավարվի մասնավորապես անկողմնակալության սկզբունքով: Իսկ մի՞թե այլ բնորոշումներով, քան՝ բացահայտ կողմնակալություն եւ վատ թաքցրած քաղաքական գովազդ, կարելի է բնութագրել այն, ինչ լուրերի «սոուսի» ներքո մատուցվում է հեռուստադիտողներին «Հ1»-ի էկրանից: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Անզեն աչքով էլ նկատելի է, որ խախտվում է օրենքի մեկ այլ դրույթ եւս. հանրապետության նախագահի վերաբերյալ տեղեկատվության տեւողությունը «մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել