ԸՆԿԱԼՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ Նախագահական ընտրություններից դեռ շատ առաջ էլ պարզ էր, որ իշխանամետ եւ իշխանական լրատվամիջոցներն առանձնակի սեր, համակրանք կամ ներողամտություն երբեւէ չեն տածել ընդդիմության հանդեպ՝ ընդհանրապես, եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ մասնավորապես: Ինչ-որ տեղ սա գուցե հասկանալի է: Բայց հասկանալի է նաեւ այն, որ որքան նախագահական ընտրությունները մոտենում են, այնքան ընդդիմությանն ուղղված կծու եւ ամենատարբեր մակդիրներով համեմված հեգնական քննադատությունը վերջինս սկսում է ավելի ցավագին ընդունել՝ այդ ամենը դիտարկելով հենց նախընտրական քարոզչության տեսանկյունից: Դրա ապացույցներից մեկը Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ԿԸՀ-ին ուղղված դիմումն էր, որով նա բողոքել էր ոչ միայն գործող նախագահին ձոնված ֆիլմերի ու լրատվության, այլեւ ընդդիմության ու վերջինիս միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու առնչությամբ: Ա.Սարգսյանն, ի դեպ, ԿԸՀ-ից պահանջել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել անհավասարությունը կանխելու համար: Այս առնչությամբ՝ ի պատասխան մեր այն հարցի՝ իր կարծիքով, այս դժգոհությունը հիմքից զո՞ւրկ է, Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը հայտարարեց. «Բողոքներ կարող են լինել, բայց նրանք, ովքեր պետք է հետեւեն ընտրարշավին, իսկ կոնկրետ Հանրային հեռուստատեսությունն առավել եւս այդ փուլում եվրոպական մոնիտորինգային խմբերի կողմից լինելու է խիստ վերահսկողության տակ, հուսով եմ, դրական արդյունք կարձանագրեն, ինչպես եղել է 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է՝ բողոքներն ու դժգոհությունները հիմնավոր են, թե անհիմն՝ ապա այս փուլում դրա մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ ցանկացած քայլ առնվազն պետք է իրավաբանորեն հիմնավորված լինի: Ա.Սարգսյանն այսօր որեւէ բանից բողոքելու իրավաբանական հիմք կամ իրավունք չունի այն իմաստով, որ նա առայժմ ընդամենը սովորական քաղաքացի է կամ մի կուսակցության ղեկավար, որն ընդամենը հավակնում է դառնալ նախագահի թեկնածու: Կստացվի՞ դա նրա մոտ, թե՞ չի ստացվի, ինձ համար վճռված չէ. դա կորոշի ԿԸՀ-ն: Այդ իմաստով ԿԸՀ-ն ճիշտ էր՝ այստեղ օրենքի խախտման մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ բարձրացված խնդիրը կարգավորում է բացառապես քարոզարշավի ընթացքը: Ուրիշ բան է, եթե այդ հարցը դիտարկենք բարոյական հարթության մեջ՝ հաշվի առնելով, որ ընտրություններին ընդամենը երկու ամիս է մնացել: Այստեղ կարող է խոսակցություն գնալ, բայց, համենայն դեպս, իմ կարծիքով, ո՛չ Արամ Սարգսյանի կողմից: Հիմա մենք 15 հոգու համար արհեստականորեն հավասար եթեր տրամադրելու ո՛չ առաքելություն ենք ստանձնել, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունն ենք տեսնում: Ինչպես բոլոր երկրներում, մեր երկրում էլ թեկնածուների հավասարության խնդիրը միշտ լինելու է, եւ գործող նախագահը որոշակի առավելություն է ունենալու մնացած բոլոր թեկնածուների նկատմամբ, որովհետեւ նա կատարում է իր առօրյա պարտականությունները, որոնց գերակշիռ մեծամասնությունը հանրությանը հետաքրքիր է եւ պետք է դա ներկայացվի: Մեզ ասում են՝ ֆիլմ ցուցադրեցիք, որտեղ հիմնականում Քոչարյանի գովքն էր գնում: Քոչարյանի գովքը տանում էին Ղարաբաղի ազատամարտի մասնակիցները, եւ ընդամենը փորձ էր արվում մի քիչ ավելի մարդկային տեսանկյունից ներկայացնել Ղարաբաղի անկախության պատմությունը, որովհետեւ ամեն օր պատմել, թե ինչ բան էր Ղարաբաղյան պատերազմը, որ կրակում էին եւ այլն… դա հասկանալի է, բայց այստեղ մի ընտանիքի պատմություն ներկայացվեց, որտեղ, հատկապես, չգիտեմ՝ ինչպիսի, քարոզչություն հօգուտ Քոչարյանի՝ որպես նախագահ, չկար: Ավելի շատ խոսվում էր Ղարաբաղի ՊՊԿ նախագահի մասին, երբ նա այդ պաշտոնում էր: Այդ ֆիլմը որեւէ կերպ չէր ծանրացել Քոչարյանի ՀՀ նախագահ աշխատելու շրջանը քարոզելու վրա: Այդուհանդերձ, դատելով արձագանքից, մենք որոշեցինք առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռնպահ մնալ նմանատիպ հաղորդումներ, ֆիլմեր հեռարձակելուց, որոնք կարող են տարընթերցումներ առաջացնել, թեեւ այլ ծրագրեր ունեինք: Մենք հակված ենք, որ այն ընտրարշավն ու քվեարկությունը, որ լինելու է փետրվարի 19-ին, բացառիկ մաքուր ընկալում ունենա: Ամեն ինչից բացի, մենք՝ հատկապես որպես Հանրային հեռուստատեսություն, հասարակական իդեալներ ձեւավորելու առաքելություն ունենք, եւ դրանցից մեկը արդար ընտրությունների մեխանիզմն ավանդույթ դարձնելն է: Մենք դրա հետ ենք կապում Հայաստանի ապագան»: Բայց նույնիսկ այդ լավագույն ձգտումն ամենեւին չի նշանակում, որ ընդդիմադիր գործչի վրա «Հ1»-ը պետք է տաբու դնի, եթե այդ գործչի, ինչպես Տ.Նաղդալյանն է ասում, «տափակ» միտքն ու գաղափարը նույնիսկ զրո եւ մի քանի տոկոս լսարան ու ընտրազանգված ունի, ապա ժողովրդավարության՝ փոքրամասնության կարծիքի հետ հաշվի նստելու սկզբունքների համաձայն, դրանք լսարանին պետք է հասանելի լինեն եւ մատուցվեն: «Զրո քանի մասով իրենք մեր եթերում հաստատ եղել են. Ա.Սարգսյանի համագումարն է լուսաբանվել եւ նրա մտքերը սինքրոնով եթեր են արձակվել, նրա բողոքը երեք րոպե հեռարձակվել է, նույնը՝ Մակեյանի պարագայում: Այսինքն, այն հիմնական գաղափարները, որոնք մենք հեռարձակել ենք, դրանից դուրս, չեմ կարծում, թե էական բաներ են ասել այդ գործիչները կամ նրանց կուսակցությունները, որ հանրությունը չի տեղեկացվել: Մեր թեկնածուներից որեւէ մեկը՝ բացառությամբ Վազգեն Մանուկյանի, որը, իմ տեսանկյունից՝ ոչ իրատեսական, բայց գոնե լուծում է առաջարկում ԼՂ հիմնահարցի կարգավորման առնչությամբ, Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ որեւէ տեսակետ դեռ չի շարադրել: Հիմնականում եղել են պահի գնահատականներ, որոնք կարող են հետաքրքիր լինել կամ ոչ, բայց դրանց շուրջ բանավիճելն անիմաստ է: Անցած հինգ տարիներին մենք փորձել ենք եթերում քաղաքական բանավեճերի տարբեր ձեւեր գտնել, որպեսզի ինչ-որ գաղափարներ բախվեն, դրանից ծնվեն նոր մոտեցումներ եւ այլն: Ցավոք, չի հաջողվել եւ ոչ թե այն պատճառով, որ մենք չենք կարողացել դա կազմակերպել, այլ՝ որովհետեւ գաղափարներն են բացակայել, որովհետեւ մեր գործիչներն ավելի շատ հակված են մոնոլոգների: Նրանք կարծես բանավեճի պատրաստ չեն, եւ դա գալիս է քաղաքական կուլտուրայի պակասից: Մարդիկ չեն ցանկանում հակառակորդի հետ բանավեճում ապացուցել իրենց ճշմարտությունը, այլ նախընտրում են դոգմատիկ սխեմաներով ելույթներ ունենալ: Մյուս կողմից, «Օրակարգում» եղել են նաեւ ընդդիմադիր գործիչներ, նույն ՀՀՇ-ի նախագահը՝ իր տեսակետներով: Մենք, իհարկե, էլի կփորձենք՝ հաշվի առնելով պահի յուրահատկությունը, հեռուստադիտողին ցույց տալ այդ մարդկանց, այն թեկնածուներին, ովքեր իրենց քարոզարշավն ընդհանրապես կառուցում են հատկապես չխոսելու սկզբունքի վրա: Խոսքը տվյալ դեպքում մասնավորապես Ստեփան Դեմիրճյանի մասին է, որը, թերեւս, շարժվում է որքան շատ լռել՝ այնքան շատ ձայներ վաստակելու սկզբունքով: Մենք, այնուամենայնիվ, պետք է փորձենք խոսեցնել այդ մարդկանց: Հասարակությունն իր «հերոսներին» պետք է ճանաչի»,- տեսակետ հայտնեց «Հ1»-ի գործադիր տնօրենը, որ երբեւէ ինքն էր ընդդիմադիր: Նկատի ունենալով հենց այդ հանգամանքը, փորձեցինք ճշտել՝ նրա կարծիքով, ասենք, 96-ի ընդդիմությունն արդյոք ավելի լա՞վն էր, քան այսօրվանը: «Կարծում եմ, Հայաստանում ընդդիմությունն իր պիկին հասել է 96-ի սեպտեմբերին՝ առնվազն իր գործողությունների խելացիության իմաստով, երբ ուժ գտավ միավորվելու եւ միասնական թեկնածու առաջադրելու, այլընտրանքային գաղափարներ հրապարակ բերելու համար: Այն ժամանակ շատ հստակ խնդիրներ էին դրվում եւ շատ հստակ մոտեցումներ կային, թե որ հարցում ինչպես պետք է քաղաքականություն վարել: Եթե հիշում եք, հանրահավաքներում քննարկման առանցքային հարցեր էին Ցեղասպանության ճանաչման հեռանկարը, որը պահի իշխանությունը չէր ընդունում, Ղարաբաղի հիմնախնդիրը, արտաքին հարաբերությունները: Եթե համեմատենք, թե այս ընթացքի հանրահավաքներում հիմնականում ինչ հարցեր են հրապարակ նետվել, իրոք, իմ կարծիքով, այն ամենն, ինչ փորձում է անել ընդդիմությունը՝ շատ ավելի անլուրջ է: Անում է բացառիկ անկազմակերպ ձեւով: Այսքան վատ ընդդիմություն չի կարելի լինել, որովհետեւ, կազմակերպված հարցադրումներ անելու իմաստով, այսօրվա իշխանությանը հարվածելու այնքա՜ն ավելի թիրախային կետեր կան»: Իսկ ինչո՞ւ այդ թիրախներին «Հ1»-ն ինքը չի հարվածում: «Մենք հարվածում ենք այդ թիրախներին: Պարզապես այստեղ ընկալման խնդիր կա»,- ասաց Տ.Նաղդալյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ