ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐՈՒՄԵԾ ԼՌՈՒՄ Է Եթե պարզվի, որ հիմնական հարցերի վերաբերյալ ընդդիմության լռությունը հիմնավորված էր եւ արդյունավետ, ուրեմն կփաստենք՝ թեժ աշուններ թեպետ մեզանում չեն լինում, սակայն թեժ ձմեռն արդեն իրականություն է։ Իսկ հիմնական հարցերից մեկը, հասկանալի է, միասնական թեկնածուի շուրջ համաձայնությունն է։ Այս մասին «16»-ի միավորման անդամ կուսակցությունների ղեկավարները բազմանշանակ լռում են, ոմանք նույնիսկ հետեւյալ կարծիքին են՝ ով շտապում է հայտարարել կամ իմանալ միասնական թեկնածուի անունը, կնշանակի՝ ինչ-որ բան այնպես չէ եւ պետք է այդ «շտապող»-ից զգուշանալ։ Ուրիշները միանշանակ պնդում են՝ կլինի միասնական թեկնածու եւ կհաղթի։ Այս ամբողջի մեջ ամենապարզը հետեւյալն է՝ միասնական թեկնածուի մասին հայտարարությունը կարվի փետրվարի 19-ից մեկ կամ երկու օր առաջ։ Իսկ սա նշանակում է, որ ընդդիմությունը եւս գործող նախագահի պես շտապում է ընտրություններում հաղթել առաջին եւ, ըստ ամենայնի՝ միակ փուլում։ «16»-ի միավորման քաղխորհրդի երեկվա նիստում, խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ՝ քննարկվել են միավորման ընթացիկ եւ առաջիկա աշխատանքների մարտավարությանը վերաբերող հարցեր։ Կուսակցությունների ներկայացուցիչները բազմաթիվ դեպքեր են արձանագրել բյուջետային հիմնարկներում աշխատողներից գործող նախագահի օգտին բռնի ստորագրահավաքի հետ կապված։ Բոլոր փաստերն առավել մանրամասն եւ կոնկրետ հասցեներով միավորման խորհրդին կներկայացվեն հաջորդ նիստին։ Միավորումը պատրաստվում է համապատասխան վերաբերմունք դրսեւորել։ Երեկվա նիստում, ըստ Ռուզան Խաչատրյանի, որեւէ նոր դաշինքի ստեղծման մասին որեւէ հարց չի քննարկվել. «Այդպիսի հարց չի քննարկվել, որովհետեւ նոր դաշինք ստեղծելու որոշում գոյություն չունի։ «16»-ի անդամ կուսակցություններն ավելի ակտիվ շարունակում են բանակցությունները տարբեր ֆորմատներով, ճշգրտվում են մարտավարությունը եւ այլ հարցեր»։ ՀԺԿ-ի մասով տիկին Խաչատրյանն ասաց. «ՀԺԿ-ն մտադիր է գնալ համագործակցության ճանապարհով, խոսք չի կարող լինել «16»-ի պառակտման մասին։ Բոլոր ձեռքբերվելիք եւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ որոշումները կկայացվեն «16»-ի շրջանակներում»։ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը (որի կուսակցության համագումարը տեղի կունենա այս շաբաթ եւ, որը կլինի միավորման միակ անդամը, որ հանդես կգա ոչ թե սեփական կուսակցական թեկնածուով, այլ…) երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ «16»-ի ներսում մեկ այլ դաշինքի ստեղծման հնարավորության մասին, ասաց. «Ես կարող եմ ընդամենն ասել մի բանի մասին, որի մասին միշտ ասել եմ. «16»-ի ներսում լուրջ բանակցություններ են գնում, գնում է գործընթաց, որ կարող է բերել այդպիսի մերձեցման։ «16»-ի ներսում շատ լավ հասկանում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի ձեւավորվի այն այլընտրանքային բեւեռը՝ գործող նախագահին, որը ժողովրդին հավատ եւ հույս կներշնչի իշխանափոխության հնարավորության մասին»։ Նույն «16»-ի միավորման ներսում ստեղծված Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքն արդյո՞ք նույն այլընտրանքը չէ գործող նախագահին։ «ՀԺ»-ի թղթակցի այս հարցին ի պատասխան՝ պրն Շ. Քոչարյանն ասաց. «Եթե լիներ այլընտրանք, ապա դաշինքի մասին հայտարարությունից հետո հասարակության մեջ եւ ժողովրդի կողմից մենք կզգայինք այն ոգեւորությունը, որի հետ այդ դեպքում պետք էր հաշվի նստել։ Բայց քանի որ դա տեղի չունեցավ, արդեն ակնհայտ էր, որ այդ ճանապարհը, այդ ուղին այն ուղին չի»։ Շավարշ Քոչարյանը վստահ է, որ պետք է այլ ուղիներ փնտրել։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը «16»-ի ներսում մեկ այլ՝ ՀԺԿ-«Հանրապետություն», ԱԺԿ-ՀԴԿ եւ այլ հնարավոր նոր դաշինքների մասին հարցին պատասխանելով, ասաց. «Համենայնդեպս, մենք մաս կկազմենք այն դաշինքին, որտեղ մեր գաղափարախոսության գլխավոր սկզբունքներն արտահայտված կլինեն»։ Կարելի՞ է, այնուամենայնիվ, արձանագրել, որ եթե «16»-ի ներսում ստեղծվի եւս մեկ դաշինք, ապա կստացվի, որ երկու դաշինքները ձեւավորվում են երկու պոտենցիալ միասնական թեկնածուների՝ Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի շուրջ. «Դուք կարող եք այդպես ասել, բայց ես ասում եմ՝ ոչ։ Ոչ թե խաղ եմ անում, այլ անկեղծ ասում եմ՝ այդպիսի բան չկա։ Հնարավոր է, Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքն այդ սկզբունքով է ձեւավորվել, ես չեմ կարող պնդել, իրենք պետք է պատասխանեն, բայց այստեղ հետեւյալն է. մենք միասնական թեկնածուի մասին կխոսենք շատ ավելի ուշ, որովհետեւ միավորման հայտարարության մեջ երեք սկզբունք կա, եւ մենք ստորագրել ենք երեք սկզբունքի տակ՝ միասնական ծրագիր, միասնական թիմ եւ հետո միայն՝ միասնական թեկնածու։ Երբ որ առաջին երկու կարեւորագույն պայմանները կատարված լինեն, այդ ժամանակ էլ կասենք, թե ով է միասնական թեկնածուն։ Այսօր կուսակցություններն են միավորվում եւ ոչ թե լիդերները»։ «16»-ի միավորման քաղխորհրդի անդամ եւ միացյալ շտաբի պետ Վաղարշակ Հարությունյանը միանշանակ հերքեց այն լուրը, թե առաջիկա օրերին հայտարարություն կարվի «16»-ի միավորման ներսում նոր դաշինքի ձեւավորման մասին։ «Այդպիսի բան չկա»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ