Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մարտահրավերների համատեքստում

Դեկտեմբեր 19,2002 00:00

Նոր մարտահրավերների համատեքստում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ եւ Ամերիկյան իրավաբանների ընկերության կենտրոնաեվրոպական եւ եվրասիական իրավական նախաձեռնության հայաստանյան ներկայացուցչության միջոցներով լույս տեսած Գագիկ Հարությունյանի գրքի շնորհանդեսն էր երեկ։ Գիրքը կոչվում է «Դատական իշխանություն. համակարգային գործակցության եվրոպական զարգացումների փորձից» եւ, ինչպես հեղինակն ասաց, այն ամփոփում է սահմանադրական դատարանների համաեվրոպական փորձը, բացահայտում այս բնագավառում միջազգային զարգացումների միտումները՝ հասարակական նոր մարտահրավերների համատեքստում։ Ըստ ՍԴ նախագահի, պատահականություն չի կարելի համարել նաեւ այն, որ սույն աշխատությունը սկսվում է Ավստրիայի օրինակով, պետություն, որն աշխարհում առաջինը հիմնեց սահմանադրական դատարան եւ «նահապետն է սահմանադրական արդարադատության մասնագիտացված համակարգի» ստեղծման։ Փաստորեն, հայերենով լույս տեսած այս եզակի աշխատությունը դատական համակարգերի առանձնահատկությունների հանրագումարն է, որը «իրավական գլոբալիզացիայի պայմաններում դառնում է անխուսափելի անհրաժեշտություն»։ Հաջորդ նվերը (ամանորյա) քառալեզու տարեգիրքն էր («Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում»)։ Արդարադատության նախարարի՝ Դավիթ Հարությունյանի կարծիքով, «բոլոր աշխատանքները, որոնք տարվում են, ունեն շատ մեծ գործառնական նշանակություն», ինչը, ըստ հեղինակ-նախաձեռնողի՝ Գագիկ Հարությունյանի, մի նպատակ ունի. «Հայաստանը դարձնել մտքի կենտրոն»։ Շնորհանդեսին հրավիրյալ դատավորների կողքին (դատական նիստերը ցրտի պատճառով հետաձգած) մասնակցում էին ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը, ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը, արտաքին գործերի նախարարն ու ազգային ակադեմիայի նախագահը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել