Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկական ջազի մասին

Դեկտեմբեր 19,2002 00:00

Իսկական ջազի մասին «Մենք՝ սպիտակամորթներս, կարող ենք հասկանալ, խոսել ջազի լեզվով, բայց դրա համար անհրաժեշտ է անպայման ուսումնասիրել այն»,- ասում է երգչուհի Իրինա Մալխասյանը։ Վերջերս Երգի պետական թատրոնում կայացավ երգչուհու մենահամերգը եւ «Պատկեր» CD-ի շնորհանդեսը։ Ջազը՝ ԱՄՆ-ի նեգրերի ժողովրդական երաժշտությունն է։ Հատկապես նեգրերն են ստեղծել այն՝ երաժշտական հատուկ օրենքներով եւ ինչպես Ի. Մալխասյանն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի ջազ անվանելու մի երաժշտություն, որն այդ օրենքներին չի ենթարկվում»։ Ի դեպ, երգչուհին, մեզ մոտ ճանաչված ու սիրված ջազմեն Լեւոն Մալխասյանի դուստրն է։ Սա գալիս է ասելու, որ նա դեռ օրորոցից է կամ օրորոցում է լսել ջազ եւ, ինչպես ասում են, մայրական կաթի հետ սնվել այդ երաժշտությամբ։ Եվ նա շատ պարզ ու մատչելի տվեց հետեւյալ բացատրությունը. «Օտար լեզու սովորելիս չի կարելի փոխել քերականությունը, բառապաշարը, շարահյուսությունը, այդ ամենը հարկավոր է սովորել ինչպես որ կա։ Կարելի է հասկանալ եւ խոսել այդ օտար լեզվով՝ ջազի լեզվով, միայն անհրաժեշտ է անպայման ուսումնասիրել»։ Տարբեր երկրներ հյուրախաղերի ժամանակ երգչուհին առիթը բաց չի թողել շփվելու նեգրերի հետ։ Այս շփումն էլ է հարկավոր ջազը ավելի խորը, «քոնը» դարձնելու համար։ Ըստ երգչուհու. «Նեգրերի մեջ կան շատ հաճելի մարդիկ եւ այնպիսիք, որոնց հետ դժվար է նույնիսկ համակերպվել։ Նրանք մեզանից տարբերվում են նրանով, որ մեծ մասամբ պահպանել են բնականությունը, կենսական ուժը, հոգու թարմությունը։ Եվ ջազը ճիշտ է արտացոլում այդ հատկությունները»։ Մեր հանդիսատեսը (անկեղծ ասած՝ այնքան էլ լավ չպատրաստված) սիրում է ջազը եւ դրա ականատեսը եղանք ու համոզվեցինք երգչուհու համերգին։ Ինչո՞ւ է սիրում ջազը, որովհետեւ այնտեղ նա զգում է այն թարմությունը, լիառատ կենսական ուժը, որոնք ժամանակակից մեկ այլ երաժշտության մեջ այդքան վառ արտահայտված չեն։ Իսկ մեր այն հարցին, թե հետագայում շատերը կորցնում են հետաքրքրությունը ջազի նկատմամբ, երգչուհին պատասխանեց. «Որովհետեւ ջազի անվան տակ հաճախ նրանց առաջարկում են ու մատուցում անկենդան, ձեւական, չոր երաժշտություն, մի խոսքով՝ սարքովի ջազ»։ Անկասկած, շատերը (խոսքը հայ կատարողների մասին է) նույնիսկ փորձ չեն արել սովորել ջազ ու համարձակվում են ներկայացնելու այն, մոռանալով, որ թեեւ այսօրվա ջազի ունկնդիրը այնքան էլ պատրաստված չէ, բայց լսել են Օրբելյանի ջազ-նվագախմբի, Լոլա Խոմյանցի, Զառա Տոնիկյանի, Տաթեւիկ Հովհաննիսյանի, ի վերջո, այսօրվա՝ Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարումները եւ ոչ միայն։ Իսկ որոշ մարդիկ էլ, երգչուհու խոսքերով. «Ներկայացնում են ջազային քննադատությունը։ Նրանք մոդայամոլներ են, որոնք համարձակվում են դատողություններ անել ջազի մասին»։ Ստացվում է, որ «ջազ երգողներին» գումարվում են եւ «առաջադեմ» երաժշտական քննադատները ու փաստորեն ամեն ինչ արվում է, որ իսկական ջազը նենգափոխվի «առաջադիմական» կեղծ ջազով։ Եվ զարմանալի չէ, որ այդ մարդիկ ջազի տեղ են ընդունում, այսպես կոչված, «մոդայիկ» երաժշտությունը։ Իսկ ի՞նչ անել կամ ինչպե՞ս անել, որ մեզ մատուցվի իսկական ջազ, ասել է թե՝ այս ասպարեզում էլ զերծ մնանք կեղծիքից։ Մեր այս հարցին Ի. Մալխասյանը հանգիստ ասաց. «Ինչպես յուրաքանչյուր արվեստ, ջազը նույնպես չի ենթարկվում կանխակալ տեսությունների։ Այն ընթանում է իր ճանապարհով, ուշադրություն չդարձնելով իր հասցեին ուղղված հիմարություններին։ Պետք է հասկանալ մի բան՝ ջազը ուղիներ չի ընտրում։ Այն ուղղակի ընթանում է»։ Ընթանում է եւ հեղինակ-կատարող, ջազային երգչուհի Իրինա Մալխասյանի արվեստի ճանապարհը։ Երեւանի կոնսերվատորիայի եւ Ջազ քոլեջի երիտասարդ դասախոսը «երգ է ստեղծում» եւ զարգացնելով այն, այնպիսի անքակտելի տրամաբանությամբ է կառուցում իր վոկալը, որ տպավորություն է ստեղծվում, թե խոր մտածված, վաղօրոք ստեղծված երաժշտություն է դա (խոսքը վերաբերում է ջազային դարձվածքներին) եւ ոչ թե իմպրովիզացիա։ Թեպետ ֆինանսական անհարթություններից երգչուհին չխոսեց կամ պարզապես չուզեց անդրադառնալ վերջինիս, բայց հանրահայտ ճշմարտություն է՝ ինչպես ամեն կոլեկտիվ արվեստ, ջազը նույնպես կախում ունի տնտեսական, ֆինանսական պայմաններից։ Զրույցի ընթացքում երգչուհին անընդհատ կրկնում էր. «Թող մարդկանց մեջ չմեռնի հույսը»։ Հասկանալի է, թե այս միտքը ում կամ ինչին էր ուղղված։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել