Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՎԱԶԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է

Դեկտեմբեր 19,2002 00:00

ԳՈՎԱԶԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Է Լավ թիկունքը՝ լավ գովազդի գրավական Ամենատարբեր նպատակներով օրեցօր ավելացող գովազդային պաստառները, պլակատներն ու այլ տպագիր նյութերը Երեւանում արդեն, ինչպես ասում են, աչք են ծակում։ Դրանք հատկապես էլ ավելի բազմաքանակ են դառնում ընտրությունների առիթներով եւ, որ առավել զարմանալի է, դրանց ավարտից հետո էլ օրերով փողփողում են շենքերի ճակատներին ու խաչմերուկներում։ Որքանով առաջիկայում տեղի են ունենալու ՀՀ նախագահի եւ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները եւ հաշվի առնելով, որ արտաքին գովազդի տեղադրումը պարտադիր պետք է համաձայնեցվի քաղաքապետարանի հետ, ուստի մեր թղթակիցը Երեւանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Մելքումյանին խնդրեց պարզաբանումներ տալ գովազդներին ներկայացվող պահանջների մասին։ – Քաղաքացիների եւ կուսակցությունների նախընտրական քարոզչության ապահովման նպատակով գովազդների տեղադրման հարցը,- ասաց պրն Մելքումյանը,- մայրաքաղաքում կանոնակարգվում է քաղաքապետարանի համապատասխան որոշումներով, որոնք ընդունվել են այս տարի, համապատասխան ՀՀ «Ընտրական օրենսգրքի»։ Ըստ այդ որոշումների, արտաքին գովազդի միջոց են համարվում Երեւանի տարածքում տեղադրվող գովազդային տեղեկատու կրողները, վահանակային կայանքները, տանիքային կայանքները, պատի մեծանկարները, էլեկտրոնային էկրանները, ցուցանակները, ցուցատախտակները եւ այլն։ Որպես արտաքին գովազդի տեղադրման պարտադիր պահանջ՝ գովազդատուի նախաձեռնությամբ կազմված գովազդի էսքիզը համաձայնեցվում է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ լեզվի պետական տեսչության հետ։ Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատ ասխանում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի եւ համաքաղաքային կանոնների ու չափորոշիչների պահանջներին, ապա գովազդ տեղադրելու դիմումը մերժվում է։ Ինչպես տեղեկացրեց քաղաքապետի խորհրդականը, եթե նույն հասցեում մեկից ավելի գովազդատուների դիմումներ են լինում, հայտարարվում է մրցույթ՝ ելակետային սակագին ընդունելով համայնքի ավագանու կողմից սահմանված գովազդային մակերեսի վարձավճարը։ Գովազդ տեղադրելու համար «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գովազդատուն, յուրաքանչյուր գովազդային տեղի համար վճարում է տեղական տուրք, որն ուղղվում է թաղային համայնքի բյուջե։ Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա եւ դրանց տարածքում, Հանրապետության եւ Ազատության հրապարակներում եւ այլն։ Բացի այդ, արտաքին գովազդի միջոցները չպետք է խոչընդոտեն ճանապարհային երթեւեկության անվտանգությանը, խանգարեն տրանսպորտային միջոցների երթեւեկությանը, սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա, տեղադրվեն լուսակիրների ու ճանապարհային կանգնակների վրա։ Չնայած Գ. Մելքումյանը համոզված է, որ առաջիկա նախընտրական «գովազդային քարոզչությունները» կիրականացվեն ազատ եւ հավասար պայմաններում, սակայն չի բացառվում, որ լինեն օրենքը խախտողներ, քանի որ նրա տառին ու ոգուն անհավատարիմ գտնվելու արատավոր պրակտիկա ձեւավորվել է դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել