Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետեւելով բարոյահոգեբանական պատրաստվածությանը

Դեկտեմբեր 19,2002 00:00

Հետեւելով բարոյահոգեբանական պատրաստվածությանը «Հոկտեմբերի 27» քրգործով շարունակում են ցուցմունքներ տալ եւ հարցաքննվել ԱԺ հսկողությունն ու պահպանությունն իրականացրած ՆԳ նախկին (ներկա) աշխատակիցները։ Երեկվա դատակոչված վկան 1-ին վաշտի հրամանատար Գագիկ Հակոբյանն էր, որը 1993-ից եղել է ՆԳ համակարգում, այսօր արդեն աշխատում է «Հասկ-96» հասարակական կազմակերպությունում որպես գործակալ։ Իբրեւ հրամանատար, նրա խնդիրն է եղել անձնակազմի տեղաբաշխման խնդրով զբաղվելը, հետեւելը բարոյահոգեբանական եւ մարտական պատրաստվածությանը, զենքի եւ գույքի պահպանմանը։ Ըստ այս վկայի, ԱԺ զինվածության աստիճանը 1999թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ եղել է այսպիսին. 60 հազ. քմ ԱԺ տարածքը չի ունեցել լուսավորություն։ Եղել է 5 հատ «Մակարով» ատրճանակ 4 պահակակետերի համար եւ 2 ինքնաձիգ՝ արտակարգ իրավիճակների համար։ Չնայած այդպես էլ պարզ չդարձավ մեղադրող Արմեն Հարությունյանի հարցի պատասխանը. ի՞նչ ասել է՝ արտակարգ իրավիճակ, ո՞վ էր այդքան զենք նախատեսել դրա համար, ինչպիսի՞ն էին լինելու արտակարգ իրավիճակի դեպքում ՆԳ աշխատակիցների գործողությունները։ Արտակարգը, թերեւս, այն խղճուկ պատճառաբանություններն են, որոնց մասին խոսում են հանրապետության կարեւորագույն օբյեկտը պահպանող ոստիկանները (ի դեպ, տարօրինակ է, որ մինչեւ օրս չի հնչում «ազգային» անվտանգության աշխատակիցների գոյության մասին։ Այն տպավորությունն է, թե ԱԺ-ի անվտանգությունն ընկած է եղել ՆԳՆ-ի վրա)։ Վկան հայտնեց, որ ժամը 16:15-ին բարձրացել է Դեմիրճյան փողոցի պահակակետը։ ԱԺ նախագահին այդ ժամանակ բերվել էր ծրար՝ ՄԱԿ-ի կողմից, ինչը տարել է գործավարուհուն։ Իջնելով «կանաչ նախասրահ», վկա Գ. Հակոբյանը զրուցել է դահլիճի 3-րդ դուռը հսկող տեսուչի՝ Մարտիրոսյանի հետ։ «Վարչապետի ելույթից 2 րոպե հետո լսեցի կրակոցներ։ Առաջին կրակոցները մի քիչ ցածր թվաց մեզ, 2-րդը հնչում էր հստակ,- շարունակեց նա, ներկայացնելով իր հոգեվիճակը եւս,- մի պահ սառեցի։ Չպատկերացրեցի ինչ է կատարվում»։ Տեսուչ Մարտիրոսյանի հետ մոտենում են դռանը (մինչ այդ իրենց զրույցի տեղը չասաց- Ռ. Մ.)։ «Մարտիրոսյանը դուռը բացեց։ Զգացինք, որ կրակոցները շարունակվում են անկանոն։ Դադար չկար»։ Վկան մի դրվագ էլ ասաց, որն արժանի է ուշադրության։ Անդրանիկ Մանուկյանին վիրավոր դուրս բերելը («պրոտոկոլի ղեկավարն» էր ուղեկցում). «թիկունք պահելով իջել ենք ներքեւ։ Գլխավոր մուտքի։ Պառկեցրել ենք խալիների վրա…»։ Եթե հիշում եք, Ա. Մանուկյանի ցուցմունքով ինքը մենակ է հայտնվել դահլիճից դուրս։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել